Ժամանակակից աշխարհում երկրներն ավելի ու ավելի են փոխկապակցվում մեկը մյուսին` զարգացնելով թե՛ մարդկային եւ թե՛ առեւտրային հարաբերությունները: Հայաստանի նման երկրում, որտեղ կան դիրքային խնդիրներ հարեւանների եւ ծովային ելքի տեսանկյունից, լավ կազմակերպված արտաքին առեւտրային հարաբերությունները ձեռք են բերում կենսապես կարեւոր նշանակություն:
Այս առումով 2011 թվականը բավականին խոստումնալից կարելի է համարել. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, ունենալով տարեցտարի ավելանալու միտում, 2011-ի առաջին ինն ամիսներին կազմել է մոտ 4 մլրդ դոլար կամ 17 տոկոսով ավելի, քան 2010-ի նույն ամիսներին: Մասնավորապես, արտահանումն աճել է մոտ մեկ երրորդովՙ 34, իսկ ներմուծումը` 12 տոկոսով: Այսինքն, արտահանումից եկամուտները անցած տարվա նկատմամբ աճել են շուրջ մեկ երրորդով:
Այս դրական միտումն ընդհատվել էր 2009-ին, երբ ճգնաժամի հետեւանքով արտաքին առեւտրաշրջանառության զգալի կրճատում գրանցվեց (26.5 տոկոս): Սակայն 2011-ի առաջին երեք եռամսյակներում այս ցուցանիշը կարողացավ վեր կանգնել նախաճգնաժամային` 2008 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակը եւ այժմ շարունակում է դրական տեղաշարժ ապրել:
Հայաստանն առավել ակտիվ առեւտրային հարաբերությունների մեջ է ԱՊՀ եւ ԵՄ երկրների հետ: Եվ՛ արտահանման, եւ՛ ներմուծման գծով Ռուսաստանը կրկին առաջատարն է, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության մոտ մեկ հինգերորդը: Այս ինն ամիսների կտրվածքով արտահանման հիմնական շուկաներից են նաեւ Գերմանիան եւ Բուլղարիան (13-ական տոկոս), իսկ առավել շատ ներմուծում ենք Էմիրություններից եւ Վրաստանից (համապատասխանաբար` 9 եւ 6 տոկոս): Վերջին երկու երկրները ավելի շատ միջնորդի դեր են կատարում. հիմնականում ներմուծում ենք ռուսական, չինական եւ գերմանական արտադրանք:
Վերջին տարիներին աշխուժացել է նաեւ առեւտուրն այլ երկրների` մասնավորապես Իրանի, Չինաստանի եւ Կանադայի հետ: Հայաստանը 2009 թվականից համագործակցում է նաեւ Դանիայի, Հունգարիայի եւ Շվեդիայի հետ, սակայն նրանց մասնաբաժինը դեռեւս փոքր տոկոս է կազմում:
Նոր շուկաներ մուտք գործելուց զատ, մեր երկիրը սկսում է ավելի ու ավելի խրախուսել ներքին արտադրանքը, քայլեր են կատարվում նաեւ դիվերսիֆիկացված արտահանում ունենալու համար: Ի վերջո 2011-ի իննամսյա պատկերը ինքնին բավականին հուսադրող է: Մնում է ակնկալել, որ նման ջանքերը գնալով կընդլայնվեն, ինչը կնպաստի հայրենական արտադրանքի նկատմամբ ավելի լայն հետաքրքրության դրսեւորմանը եւ կատարվող ջանքերի գնահատմանը:
Մ. Ս.