«Թռչկանի» ճակատամարտում պարտված օլիգարխը (խմբիշխանը) սպառնում է դատի տալ իր մեղսակցին, ջրվեժը իրեն նվիրելու, հետո էլ փոշմանելու համար:
Վաղն էլ, անպայման, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դատի կտա Երեւանի նախկին քաղաքապետին իր բազմահարկ առեւտրի կենտրոնը եւ ռեստորանը «Հրազդանում» կառուցելու թույլատվության համար (տեսնես էքս-քաղաքապետի նոր կառուցվող ռեստորանը ի՞նչ եղավ): Այդ արարքը ինձ հիշեցրեց տարիներ առաջ մայր թատրոնի ներսում ռեստորան բացելու մտադրությունը... Լավ էՙ թատերասեր հասարակությունը աղմկեց եւ կանխեց այդ արտառոց անհեթեթությունը:
Չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ «Հրազդանի» ոդիսականին, որովհետեւ այս օրերին մամուլը, այդ թվում նաեւ «Ազգ»-ը, գրել են: Ցանկանում եմ վերհիշել եւ որոշ մարդկանց հիշեցնել, որ 1970 թվին կառուցված «Հրազդանը» միայն սպորտային կառույց չէր, այլ մի յուրատեսակ տաճար էր, որտեղ կոփվում էին մեր միասնությունը, հպարտությունը եւ հայրենասիրությունը: (Հիշում եմՙ 1971 թվին ստադիոնում մեր կողքին նստած էր իննսունը անց մի ծերունի, որն արտասվում էր: Տղաներից մեկը հարցրեց ծերունուն. «Պապի, դու այդքան շա՞տ ես սիրում ֆուտբոլը»: «Չէ, բալաս, ֆուտբոլի համար չեմ եկել, սա միակ տեղն է, որ հայերը այդքան շատ են սիրում միմյանց, գրկախառնվում են ու համբուրում անգամ անծանոթներին: Բա չարժե՞ այդ ամենը վայելել եւ հպարտանալ, որ հայ ես»):
Այո, 70 հազար տեղով ստադիոնը միշտ ցնծության մեջ էր: Աստիճանի վրա էլ անգամ տեղ չկար, մի այդքան էլ տեղավորված էին Պռոշյան փողոցի սարալանջին, ճիշտ այսօրվա ռեստորանների տեղում (նորից ռեստորան): Այո, միանգամից թափ առավ մեր սպորտային կյանքը, ծնվեցին աշխարհահռչակ մարզիկներ, «Արարատը» հասավ մեծ բարձունքների` դառնալով ԽՍՀՄ-ի ե՛ւ գավաթակիր, ե՛ւ չեմպիոն: Այո, «Հրազդանը» ծնեց «Արարատ-73»-ին, իսկ «Արարատը» մեզ նվիրեց հույս, հավատ եւ հպարտություն: «Հրազդանով» հպարտանում էինք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ ԽՍՀՄ-ը, երկար ժամանակ աշխարհի շատ ամսագրերի շապիկից չէր իջնում «Հրազդանի» պատկերը: Ահա թե ինչու նրա ճարտարապետները` Գուրգեն Մուշեղյան, Կորյուն Հակոբյան, Է. Թոսունյան, արժանացան ԽՍՀՄ-ի ամենաբարձր պարգեւին` Պետական մրցանակի, իսկ Հայաստանը նրանց կիսանդրիները տեղադրեց Երեւանի մյուս մարգարիտի` մարզահամերգային համալիրի դահլիճում: Հիշելով եւ մեծարելով ճարտարապետներին ու շինարարներին, չպետք է մոռանալ այդ հսկա կառույցների կազմակերպչին ու ոգեւորողին, հանրապետության ղեկավար Կարեն Դեմիրճյանին: Այո, այդ երկու հսկաները ստեղծվեցին առաջին հերթին նրա ջանքերով, եւ պատահական չէ, որ նա ժողովրդի կողմից ստացավ «Կարեն Շինարար» բարձր անունը:
Այո, «Հրազդանը» անմխիթար վիճակում է, պարզից էլ պարզ է, որ Աշոտ Աղաբաբյանը ինչքան էլ ցանկանա, չի կարող «Հրազդանը» նախկին վիճակի բերել, ավելին` նա հայտարարում է, թե թույլ տվեք ստադիոնի վերին յարուսը քանդեմ, նստատեղերը քչացնեմ, քանի որ 70 հազար մարդ չի կարող հաճախել ստադիոն: Իրականում «Հրազդանի» բարձրությունը երեւի խանգարում է նրա առեւտրի տանը: Նա մոռացել է, թե վերջին ֆուտբոլային օրերին ինչքան մարդ դուրս մնաց հանրապետական մարզադաշտից, եւ վերջապես ինչքան մարդ, ընդ որում նաեւ արտասահմանցիներ, չկարողացան դիտել այս օրերի Համահայկական խաղերի բացման եւ փակման արարողությունը: Խոսակցություններ են գնում, որ լավ կլինի, որ ստադիոնը հանձնեն ֆուտբոլի ֆեդերացիային, այսինքնՙ երկու ռեստորանների տեր Ռուբեն Հայրապետյանին (չէ, մեր օլիգարխները ռեստորանացավով են վարակվել, ի՞նչ կա որ, սա չարիքի փոքրագույնն է, բայց ոչ լավագույն լուծումը):
Ստադիոնը իր լավագույն վիճակին հասցնելու համար պետք է ՊԵՏԱԿԱՆԱՑՆԵԼ, այնպես, ինչպես պետական են օպերայի շենքը եւ Մատենադարանը, եւ վերջապես պետք է հասկանալ, որ մեր երկրում բացակայում է մասսայական սպորտը: Ամբողջ հույսը դրել են մի քանի մարզաձեւերի (ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ եւ շախմատ) մի քանի շնորհալիների վրա: Աշխարհով մեկ ման ենք գալիս մի «ՅԱՆ» գտնելու համար, որ բերենք եւ մեր երեսը պարզ անենք: Իսկ ի՞նչ է անում մեր սպորտի նախարարությունը: Ո՞ւր են մեր մարմնամարզիկները, թեթեւատլետները եւ մյուս սպորտաձեւերի մարզիկները: Լավ է, մի նոր նախաձեռնություն են ուզում կյանքի կոչել` դպրոցներում որպես պարտադիր առարկա շախմատ են մտցրել: Գերազանց միտք: Իսկ այդ նույն դպրոցում վաղուց արդեն մտած է ֆիզկուլտուրան: Ի՞նչ եղավ: Համարյա թե վերացավ: Կարո՞ղ եք թվարկել, թե հիմա դպրոցներում քանի արտադասարանական սպորտային խմբակ կա: Գրեթե ոչ մի: Իսկ չէ՞ որ ֆիզկուլտուրայի դասերից եւ այդ խմբակներից պետք է առաջ գան մեր ապագա մարզիկները: Մինչեւ ե՞րբ պետք է մեր երեխաները փողոցներում եւ նկուղներում մարզվեն (փողոց էլ չի մնացել, իսկ նկուղները դարձյալ վերածվել են սննդի օբյեկտների): «Հրազդանը» ո՞վ հանձնեց օլիգարխին, ի՞նչ հույսով, որ նա կմտածի մեր ազգի առողջության մասի՞ն: Հավատո՞ւմ եք: Չէ՞ որ բոլորդ էլ լավ գիտեք, որ օլիգարխներին հետաքրքրում է միայն իրենց անձնականը: Ուրեմն եկեք խոսքերս ու գործերս մեկ անենք, փրկենք «Հրազդանը», զարգացնենք մասսայական սպորտը, դրանով փրկած կլինենք մեր սերունդների առողջ ապրելակերպը:
Կ. ՔԱԼԱՇՅԱՆ