«Բաբաջանյան ֆեստ»
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը կմեկնարկի «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստի» շրջանակներում կկայանա 6 համերգ:
Նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:
Ծրագրումՙ Առնո Բաբաջանյանՙ Արիա-վոկալիզ, Թավջութակի կոնցերտ, Հերոսական բալլադ: Մենակատարներ` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արուս Աճեմյան (դաշնամուր), դիրիժոր` Ռուբեն Ասատրյան:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստի» հերթական համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին եւ 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին եւ 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19-ին:
Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ հայտնի էստրադային երգիչ-երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ: