Ավանդույթի համաձայն, մրցաշրջանի ավարտին որոշվում են լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչները: Այս տարի ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան փոփոխել է տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը: Եթե նախկինում քվեարկության մասնակիցներն ընտրություն էին կատարում Հայաստանի առաջնությունում հանդես եկած ֆուտբոլիստներից, ապա այս տարվանից թեկնածուների ցանկում ընդգրկվել են նաեւ ազգային ու երիտասարդական հավաքականում հանդես եկող ու արտերկրի ակումբներում ընդգրկված խաղացողները:
Թեկնածուների ընտրման կարգն էլ զգալիորեն փոփոխվել է: Եթե անցյալ տարի ՀՖՖ-ն էր առաջարկել 10 ֆուտբոլիստների ցանկը, ապա այս անգամ յուրաքանչյուր ակումբի առաջարկվել էր ներկայացնել իրենց թիմի լավագույն հնգյակը: Հատկանշական է, որ առաջնության հետնապահ «Արարատը» այդպես էլ չներկայացրեց իր հնգյակըՙ արդարացիորեն գտնելով, որ անհաջող հանդես եկած թիմում չկան առանձնացնելու արժանի ֆուտբոլիստներ: Այնպես որ ակումբների կողմից ներկայացվել է 35 ֆուտբոլիստի ցանկ:
Երկրի չեմպիոն «Ուլիսը» ներկայացրել է հետեւյալ հնգյակը. Արտակ Գրիգորյան, Գեորգի Կրասովսկի, Վլադիմիր Մալկով, Տիգրան Հախնազարյան, Արտյոմ Ադամյան: «Փյունիկն» իր խաղացողներից առանձնացրել է Սարգիս Հովսեփյանին, Արթուր Յուզբաշյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Վարազդատ Հարոյանին եւ Կամո Հովհաննիսյանին:
Բրոնզե մրցանակակիր «Գանձասարի» տարբերակն այսպիսին է. Լեւան Բուբուտեիշվիլի, Գորան Օբրադովիչ, Նորայր Գրիգորյան, Արա Խաչատրյան, Ալեն Համբարձումյան: «Բանանցից» մրցույթին մասնակցում են Բրունո Կորեան, Արթուր Եդիգարյանը, Միգել Վեբերտ դա Սիլվան, Հովհաննես Համբարձումյանն ու Դավիթ Սուջյանը: «Միկայի» հնգյակն այսպիսին է. Նարեկ Բեգլարյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Անդրանիկ Ոսկանյան: «Իմպուլսն» իր ընտրությունը կատարել է հետեւյալ ֆուտբոլիստներից. Զավեն Բադոյան, Ջուլիանո Հիմենես, Նարեկ Դավթյան, Աղվան Հայրապետյան, Գոռ Էլյազյան: Շիրակցիներից թեկնածուների ցանկում են Իգոր Լոգվինովը, Կարեն Ալեքսանյանը, Տիգրան Դավթյանը, Դավիթ Հակոբյանը եւ Անդրանիկ Բարիկյանը:
ՀՖՖ-ն ներկայացրել է ազգային հավաքականի հետեւյալ խաղացողներին. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար»), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ»), Մարկոս Պիզելի («Մետալուրգ»), Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ»), Լեւոն Հայրապետյան («Լեխիա»), Արթուր Սարկիսով («Շիննիկ»), Ռոման Բերեզովսկի («Խիմկի»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա»), Էդգար Մանուչարյան («Ուրալ»), Վալերի Ալեքսանյան («Սանաթ նաֆթ»): Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից նշվել են Մասիս Ոսկանյանը («Ռոզելար»), Վալտեր Պողոսյանը («Բանանց»), Արսեն Պետրոսյանը («Փյունիկ»), Գեւորգ Բադալյանը («Բանիկ»), Գեւորգ Կարապետյանը («Արարատ»):
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, մրցավարներն ու տեսուչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Ընդ որում ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի օգտին:
Հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի լավագույն եռյակի իր տարբերակը: Հարցաթերթիկում առաջինը նշված ֆուտբոլիստին տրվում է 5, 2-րդ տեղինՙ 3, 3-րդինՙ 1 միավոր:
Նույն սկզբունքով կատարվելու է նաեւ տարվա լավագույն մարզչի ընտրությունը: Թեկնածուների ցանկում են բարձրագույն խմբի 8 ակումբների եւ Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչները: Նրանք 10-ն են, քանի որ Վարդան Մինասյանն ու Ռաֆայել Նազարյանը համատեղում են համապատասխանաբար «Փյունիկի» եւ ազգային, «Բանանցի» եւ երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների պաշտոնները:
Ակնհայտ է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարը հիմնականում կընթանա Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի միջեւ: Իսկ լավագույն մարզչի գլխավոր հավակնորդը Վարդան Մինասյանն է: Նշենք, որ քվեարկության վերջին ժամկետը նոյեմբերի 24-ն է: