Հայկական զինված ուժերն առաջիկայում պատժիչ գործողություններ կձեռնարկեն: Սա կլինի համարժեք պատասխան ադրբեջանական կողմի սադրանքին, որի հետեւանքով նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լեռնային Ղարաբաղի հարավ-արեւելքում գտնվող պաշտպանական դիրքերում զոհվեցին 19-ամյա ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանն ու Միհրան Մարգարյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվել է ՊԲ շարքային վարորդ Արեն Սիմոնյանը:
«Քաղաքական ճանապարհով Ադրբեջանին զսպել հնարավոր չէ, նա չի կարողանում կատարել իր միջազգային պարտավորությունները: Յուրաքանչյուր սադրանքի հայկական կողմը կպատասխանի պատժիչ գործողություններով, ոչ թե վրեժխնդրության, այլ հետագա սադրանքները կանխելու նպատակով: Դա կլինի մեր բնական, տրամաբանական եւ օրինաչափ արձագանքը: Եվ եթե մեր պատժիչ գործողություններից ադրբեջանական կողմում կորուստներ լինեն, ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», «Ազգ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը :
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից, որոնց հետեւանքով հակառակորդը մի քանի անգամ ավելի մարդկային կորուստներ է կրել: Դավիթ Կարապետյանը նման վերաբերմունքն անվանում է անպատասխանատվություն: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարեւորում եւ չի մտածում իր զինվորների անվտանգության եւ կյանքի մասին: Ինչպես նախկինում, այժմ էլ յուրաքաչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը», ասաց Կարապետյանը` շեշտելով, որ հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների մահը վերագրում է դժբախտ պատահարներին, վթարներին, բայց ոչ հայկական կողմի գնդակին:
Հիշեցնենք, որ հայկական կողմը միշտ դրական է արձագանքում դիպուկահարներին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դուրս բերելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, սակայն Ադրբեջանը մշտապես մերժում է այդ առաջարկությունները: Ավելին, ժամանակ առ ժամանակ դիպուկահարների օգնությամբ հարեւան պետությունը դիմում է արծակախնդրության, որը միջազգային «խաղաղասեր հանրությունը» չի դատապարտում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ