Վերջին «ուսումնասիրությունը» Ռամիզ Մեհթիեւը նվիրել է «ադրբեջանական ազգային գաղափարի տեսաբանության» հարցին: «Բակինսկի ռաբոչի» թերթին տված ծավալուն հարցազրույցում նա անոնսավորել է իր աշխատության հիմնական թեզերը:
Մենք չենք փորձի խորանալ զուտ մասնագիտական բնույթի խնդիրներում: Կբավարարվենք մատնանշելով Ռամիզ Մեհթիեւի «տեսության», մեր կարծիքով, ամենախոցելի կողմը: Իսկ դա մեթոդաբանական հակասությունն է:
Այսպես, ոսումնասիրողը հայտարարում է, որ «ադրբեջանական ազգային գաղափարը» սաղմնավորվել է 1860-ական թվականներից: Մեհթիեւի հայացքով, մինչ այդ ադրբեջանական հանրությանը բնորոշ էր պարսկական կրոնականությունը: Եվ միայն Ռուսաստանի կազմում է, որ ադրբեջանական մտավորականության լավագույն ներկայացուցիչները գաղափարական վերածնունդ ապրեցին: Սկզբնավորվեց, այսպես ասած, «թուրքական ինքնության բացահայտման» մշակութա-իմացաբանական շարժում, որը դրսեւորվեց մամուլում, գեղարվեստական եւ պատմագիտական գրականության մեջ` հիմք հանդիսանալով, որպեսզի աստիճանաբար կազմավորվեն քաղաքական շարժումներ:
Այդպե՞ս էր կազմավորվում «թուրքական ինքնագիտակցությունը», թե՞ ոչ` բանավեճի թեմա է: Դա թողնենք մասնագետներին: Մեզ թվում է, որ Մեհթիեւն իր այդ դիտարկումներում պատմաքաղաքական իրողությունների դեմ հիմնականում չի մեղանչում. ռուսական ազդեցությունն իրոք խթանել է Արեւելյան Անդրկովկասի իսլամադավան հանրությանը, «խանգարել նրա դարավոր նիրհը», մղել ինքնակազմակերպման:
Պատահական չէ, որ Մեհթիեւը «ադրբեջանական ազգային գաղափարի էվոլյուցիան» դիտարկում է վերջին 200 տարվա կտրվածքում: Դրանով իսկ նա ընդունում է, որ ավելի վաղ «ադրբեջանական ինքնագիտակցություն» գոյություն չի ունեցել: Ճիշտ է, դա էլ խիստ ընդգծված չափազանցություն է: Քանի որ այդ «ինքնագիտակցությունը» որպես քաղաքականապես կազմակերպվելու նախադրյալ, Արեւելյան Անդրկովկասի մուսուլմանությունն առհասարակ չի ունեցել մինչեւ պանթուրքիզմի` որպես բոլոր թուրքախոս էթնիկ խմբերին եւ նրանց բնակության տարածքները միավորելու աշխարհաքաղաքականության ձեւավորումը: Հատկապես այդ ձգտումների ծնունդ է Արեւելյան Անդրկովկասում թուրքական երկրորդ պետության` Ադրբեջանի հռչակումը 1918 թ. մայիսի 28-ին:
Բայց մի կողմ թողնենք նաեւ այդ անառարկելի իրողությունը: Ավելի լուրջ խնդիր է այն, որ ակադեմիկոս Ռամիզ Մեհթիեւն իր ուսումնասիրությամբ հակասում է Ադրբեջանի պետական գաղափարախոսությանը: Մենք նկատի չունենք պաշտոնատար անձանց ապերասան հայտարարությունները: Խոսքն անկախ Ադրբեջանի հռչակման հիմնարար փաստաթղթերի եւ երկրի սահմանադրության մասին է: Դրանցում սեւով սպիտակին գրված է, որ ադրբեջանական ժողովուրդը, «զարգացնելով անկախ պետականության դարավոր ավանդույթները, հռչակում է Ադրբեջանի Հանրապետություն` որպես անկախ եւ ինքնիշխան պետություն»:
Լրագրական սյունակներն ավելորդ չծանրաբեռնելու համար մենք մեջբերումներ չենք անում, փոխանցում ենք «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած սահմանադրական ակտի եւ սահմանադրության նախաբանի բովանդակային մասը: Ըստ այդմ, «ադրբեջանական ժողովուրդն ունեցել է անկախ պետականության դարավոր ավանդույթներ», որոնք «ընդհատվել են 1828 եւ 1920 թվականներին»: Առաջին անգամ` «Ադրբեջանի` Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մասնատմամբ», երկրորդ` «միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացած` Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության օրինական իշխանությունների տապալմամբ եւ տարածքի անեքսիայով»:
Արդ, տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս է հնարավոր, որ «անկախ պետականության դարավոր ավանդույթներ ունեցած» ժողովուրդը մինչեւ 1860-ական թվականները չունենար ազգային գաղափար: Չէ՞ որ «ազգային գաղափար» կոչվածը գերազանցապես անկախ պետություն եւ ինքնիշխանություն ունենալու նպատակադրվածություն է: Եվ եթե ադրբեջանական ժողովուրդն «ունեցել է անկախ պետականության դարավոր ավանդույթներ», ուրեմն նախապես «ինքնակազմակերպվել է, ստեղծել իր պետականությունը», իսկ հետո «հանգամանքների բերումով կորցրել»` ինչպես ասված է անկախության վերականգնման մասին «Սահմանադրական ակտի» եւ հիմնական օրենքի նախաբանում:
Իսկ եթե «անկախ պետականության դարավոր ավանդույթների» մասին ասվածն իրականության հետ կապ չունի, ինչպես հետեւում է Ռամիզ Մեհթիեւի գիտական դիտարկումներից, ապա ստացվում է, որ Ադրբեջանի անկախությունը հռչակվել է կեղծ հիմքերով:
Ահա սա է, մեր կարծիքով, Ռամիզ Մեհթիեւի «տրամաբանության» ամենախոցելի կողմը: Այն, որ ակադեմիկոս Մեհթիեւն իր ուսումնասիրությամբ ընդդիմախոսում է նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհթիեւին:
Գուցե դա գիտակցաբա՞ր է արվել: Եվ Ադրբեջանում սկսվում է արժեքների վերագնահատո՞ւմ: Հնարավոր էՙ Մեհթիեւը «երիտասարդացրել է ադրբեջանական ազգային գաղափարի գենեզիսը», որպեսզի ավելի ընդգծելի դառնա դրանում ալիեւների դերակատարությո՞ւնը: Պատահական չէ, որ նա խնդրո առարկայի էվուլյուցիայի վերջին փուլի սկզբնավորման ժամանակ է ընտրել 2003 թվականը: Իսկ դա, ինչպես գիտենք, Իլհամ Ալիեւի իշխանության գալու տարին է:
Բայց նույնիսկ այդ դեպքում տրամաբանական հակասության խնդիրը չի լուծվում: Քանի որ եթե հետեւենք Մեհթիեւի «տեսաբանությանը», ապա «ադրբեջանական ազգային գաղափարի ծաղկման շրջան է եղել» նույնիսկ 1969-82 թվականներն ընդգրկող` Հեյդար Ալիեւի կոմունիստական պաշտոնավարման ժամանակաշրջանը: «Անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում, մինչդեռ, հստակ ամրագրված է, որ խորհրդային պետական համակարգում Ադրբեջանն «օկուպացված էր», նրա ժողովրդի ինքնությունը` «բռնաճնշված»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ