Երկու օրից կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը, իսկ դրամահավաքի ընթացքում հավաքված միջոցները, ինչպես եւ անցած մարաթոնի պարագայում, ուղղվելու են Արցախում եւ Հայաստանում իրականացված ծրագրերին: «Ազգը» ներկայացրել է արդեն այդ առթիվ հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ զրույցը: Այս տարի լինելով Շուշիում` մենք ամեն քայլափոխի լսում էինք այն ծրագրերի մասին, որոնք Արցախի անցյալի վկա քաղաքում իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եվ Ա. Վարդանյանի հետ զրույցում էլ խոսվեց այդ ծրագրերի մասին: Ա. Վարդանյանն ասում էր, որ Շուշիում ծրագրեր սկսելիս գիտակցվում էր նրա պատմական անցյալի պարագան, բացի դրանից` քաղաքը խնդիրներ ուներ բոլոր բնագավառներում` ջրամատակարարումից մինչեւ գազիֆիկացում: Հասկանալի էր, որ գումարները չեն բավականացնի, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն.«Կարեւոր է, որ ԼՂՀ կառավարությունը մեզ հետ համահունչ Շուշիում սկսեց ծրագրեր իրականացնել` նաեւ համաֆինանսավորում անելով մեր որոշ ծրագրերում, այդպիսով կրկնապատկվեց Շուշիում իրականացվող ծրագրերի թիվը»:
Ա. Վարդանյանը Շուշիում հիմնադրամի իրականացվող ծրագրերից կարեւորեց ջրամատակարարման ենթակառուցվածքների նորոգումն ու կառուցումը, որը Շուշիի համար թիվ 1 խնդիրն էր, ապա եւ ճանապարհների բարեկարգումը. «Մենք, իհարկե, չենք կարող բոլոր ճանապարհները բարեկարգել, բայց 4 ճանապարհ հիմնովին նորոգում ենք (Պռոշյան, Հախումյան, Մանուկյան եւ Գարեգին Նժդեհի): Եվս մի կարեւոր ծրագիր է իրականացվել` Շուշիի մուտքը համարվող Ղազանչեցոց ճանապարհը նորոգվել, արդեն բացվել է եւ մի քանի ամիս գործում է` մարդիկ կարող են գնալ նախ եկեղեցում մոմ վառել, ապա հետեւել իրենց այցելության բուն նպատակին: Շուշիում նախ զգույշ ենք վերաբերվում իրականացվող յուրաքանչյուր աշխատանքի` չես կարող շատ մոդեռն գործ անել, որովհետեւ Շուշին պարտադրում է այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք կսազեն քաղաքին: Այդպես գրադարանն ենք հիմնովին նորոգել` պահպանելով նախկին տեսքը, նույնը վերաբերում է Աբովյան դպրոցին` մոդեռն տարրեր շատ չենք օգտագործում, որպեսզի չճչա ընդհանուր առմամբ: Դպրոցը շատ կարեւոր միջավայր է ստեղծելու Շուշիում` շատ մեծ է եւ նախատեսված է 1000 աշակերտի համար, մինչդեռ այսօր սովորում են 400-ը: Լուրջ աշխատանք է տարվում մշակույթի տունը կարգի բերելու ուղղությամբ: Երեք միլիարդ դրամի (մոտ 10 մլն դոլար) չափ գումար ենք ներդրել Շուշիում 2009 թվականի մարաթոնից հետո մինչեւ այժմ, բայց ընդհանուր ներդրումը շատ ավելի մեծ է, որովհետեւ կառավարությունն էլ մեզ հետ համատեղ ներդրումներ է արել: Շուշի վերջին երկուսուկես տարին մտել է այնքան գումար, որքան չէր մտել նախորդ 20 տարվա ընթացքում»:
Առաջիկայում համահայկական հիմնադրամը ավարտին է հասցնելու բոլոր այն ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են: Ա. Վարդանյանից հետաքրքրվեցինք` հաշվի առնո՞ւմ են այն քննադատությունները, որ պատմական արժեքների պահպանության մտահոգությամբ են արվում, ասենք` Շուշիում մայթերը սալահատակ էին, եւ ասֆալտ դարձնելը փաստորեն փոխում է Շուշիի տեսքը. «Փորձը ցույց է տալիս, որ սալիկները երկու-երեք տարի են դիմանում, եւ խնդիր է առաջանում նորից սալիկապատելու: Մենք որ մի բան անում ենք, այնպես ենք անում, որ գոնե 10 տարի դա ծառայի: Շուշի քաղաքի բյուջեն թույլ չի տա, որ երկու-երեք տարին մեկ սալիկապատեն, գումար չի լինի, մանավանդ սալիկապատումը թանկ աշխատանք է»:
Հրաշալի ռեալական դպրոցը չնորոգվելով` քանի գնացելՙ քանդվել է, «Հայաստան» հիմնադրամի ծրագրերում կարելի՞ է նրա վերակառուցումը ներառել. «Ես որքան գիտեմ` ԼՂՀ կառավարությունը ռեալական դպրոցի հետ կապված ինչ-որ պլաններ ունի եւ բանակցություններ է վարում տարբեր բարերարների հետ, այդ կառույցը նորոգելու համար 10 մլն դոլարից ավելի գումար է հարկավոր»:
Շուշիում կատարվող ծրագրերի մասին հիշեցումը հասցեագրում ենք բոլոր նրանց, ովքեր մասնակից կդառնան համահայկական հեռուստամարաթոնին: Այդպիսով նրանք մասնակից կլինեն նաեւ Շուշիի նորոգվող նկարագրի ամբողջացմանը:
Մ. Խ.