«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2011-11-18 | #209, 2011-11-19 | #210, 2011-11-22


ԴԵՐՍԻՄՑԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ներկայումս Թունջելի վերանվանված Դերսիմը մեծապես բնակեցված է զազաներով, այնտեղ մասամբ բնակվում են նաեւ քրդեր: 1915-ի ցեղասպանության տարիներին եթե Դերսիմում հայերին փրկել են, ապա փրկողներն անխտիր եղել են ալավի զազաները, այլ ոչ թե դրախտ ընկնելու համար գոնե 3 հայի սպանությունը սրբազան պարտք համարող սուննի քրդերը:

1937-38 թթ. դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի Հանրապետությունն ապստամբությունը ճնշելու պատրվակով կոտորած սարքեց նաեւ Դերսիմում, սպանելով մինչեւ 90 հազար մարդ: Մտացածին ապստամբության ղեկավարներըՙ Սեյիդ Ռիզան իր վեց զինակիցներով դեռեւս 1937-ին դավադրաբար ձերբակալվել, ապա եւ նույն թվի նոյեմբերի 15-ին կախաղան էր բարձրացվել:

Այս տարելիցի առթիվ Ստամբուլում Դերսիմցիների միությունը համանման այլ միությունների եւ «Դերսիմ» թերթի աջակցությամբ կազմակերպել է միջոցառում, որտեղ համատեղ հաղորդագրությունը հրապարակել է նշված միության նախագահ Մեսութ Գերչեքը: Նա Դերսիմի կոտորածի համար ներողություն է պահանջել թուրքական պետությունից, ապա եւ ասել է. «74 տարի առաջ Էլյազիգի հրապարակում մահապատժի ենթարկեցին Սեյիդ Ռիզան եւ նրա ընկերները: Այս մահապատիժը Դերսիմի կոտորածների համար յուրատեսակ պատրաստություն էր: Մահապատժից հետո շրջանում ռազմական գործողությունները ծավալվեցին: Վայրագաբար կոտորեցին անզեն բնակչությանը, կանանց, երեխաներին: Խաղաղ բնակիչների դեմ օգտագործվել էր քիմիական զենք եւ թունավոր գազ: Տասնյակհազարավոր մարդիկ կոտորածի զոհը դարձան: Հրի ու սրի մատնվեցին գյուղերը: Ծնողներից խլված մանուկներով եւ տեղահանվածների քարավաններով Դերսիմը պատմության մեջ ականատեսը եղավ ամենասոսկալի բռնության»:

Դերսիմցիների միության նախագահը միաժամանակ ասել է, որ կոտորածի համար պատասխանատու է այդ օրերին իշխող վարչակարգը, անխտիր բոլոր ներկայացուցիչներով, ապա եւ ընդգծել է. «Դրա քաղաքական պատասխանատուն առ այսօր կոտորածներն արդարացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է: Հանցակից են նաեւ թուրքական պետական ավանդույթը շարունակող մյուս բոլոր կուսակցությունները, որոնք վերջին 74 տարիներին իշխանության են եկել: Այդ թվումՙ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, քանի որ համառորեն պաշտպանում է ժխտողականությունն ու բնաջնջման քաղաքականությունը»:

Ի դեպ, Դերսիմի կոտորածի օրերին Թուրքիայում գործում էր միակուսակցական համակարգ, երկրում միանձնյա իշխում էր երիտթուրքերի Իթթիհատ վե Թերաքքի կուսակցության իրավահաջորդ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որն ստեղծել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4