Երեկ տարածվել էին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը նախագահ Սարգսյանին եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կոչը նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նախագահական հանձնառությունը կյանքի կոչելու համար մի շարք առաջարկներ է ներկայացնում, այդ թվում` նախագահի եւ պետպաշտոնյաների հրաժարում բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ համապատասխան այլ պաշտոններից, բուհերի ուսխորհուրդների ապակուսակցականացում եւ ուսանողության համար բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիություն, նախագահի ղեկավարած կուսակցության գրասենյակների դուրսբերում քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների եւ հանրային նշանակության շենքերի տարածքներից` վերջիններիս միեւնույն պայմաններով օգտագործման իրավունքը բոլոր քաղաքական ուժերի համար ապահովելով: Նույն ոգով Ր. Հովհաննիսյանն առաջարկում է վերը նշված շենքերի պատերից հանել կուսակցությունների զինանշանները, ինչպես նաեւ գովազդային նշանակության այլ ատրիբուտներ, ապակուսակցականացնել հանրակրթական, առողջապահական համակարգը` տվյալ տարածքներում հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովելով բոլորի համար: «Ժառանգության» առաջնորդն առաջարկում է նաեւ նախագահին իր նստավայրում կուսակցական գործունեությամբ չզբաղվել, բացառել պետբյուջեի հատկացումները կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար: Իրավապահ մարմինների եւ զուգահեռ այլ ծառայությունների համակարգված գործունեությունը չպետք է ծառայեցնել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի եւ ստրկամտության պարտադրմանը, քարոզչական «բարեգործությունը» պետք է բացառվի. այս եւ այս կարգի մի շարք առաջարկներ է անում Ր. Հովհհանիսյանը Հայաստանի նախագահին ուղղված նամակում, որոնք փաստորեն ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր անգամ խնդիր են դառնում հայ հանրության համար: Կարդալով այս առաջարկները` կարելի է եզրակացնել, թե վաղը կամ մյուս օրը ընտրություններ են:
Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը , մի շարք հիմնավորումներ բերելով, զույգ հայկական պետությունների նախագահներին առաջարկում է 2011 թվականի դեկտեմբերի 10-ին (1991 թվականի դետեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն) աշխարհի հայաշատ բազմաթիվ քաղաքներում, հայ համայնքների մասնակցությամբ կազմակերպել եւ անցկացնել Արցախի Հանրապետության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ` դրանք ավանդական դարձնելով, քանի որ Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը եւ 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու երեւույթն ունեն:
Մ. Խ.