Հաջորդ տարվանից համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարման միասնական մոդել եւ աշխատանքային նոր ծրագիր կներդրվեն: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարների, կոմունալ բաժինների պետերի եւ համատիրությունների ղեկավարների հետ խորհրդակցությանը ընդգծել է, որ լավ արդյունքներ ցուցաբերած մի շարք համատիրություններին զուգահեռ, մայրաքաղաքում քիչ չեն նաեւ պարտականություններում թերացող, անբավարար գործունեություն ծավալող համատիրությունները, ինչն անընդունելի է եւ հարուցում է բնակչության արդարացի դժգոհությունը:
«Մեր շատ համատիրություններ հավաքագրված միջոցների 70-80 տոկոսը հատկացնում են աշխատավարձի ֆոնդին եւ միայն 20-30 տոկոս մնացյալ միջոցներով են իրականացնում իրենց պարտականությունները. այնինչ բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար անհրաժեշտ է ունենալ հակառակ պատկերը: Իրենց պարտականությունների մեջ թերացող եւ ցածր օգտակար գործողության գործակից ունեցող համատիրություններ մեզ պետք չեն: Դա է պատճառը, որ հաջորդ տարեսկզբից մենք անցնելու ենք համատիրությունների խոշորացման մոդելին` փոքր համատիրությունները միացնելով մեծերին», ասաց քաղաքապետը` հավելելով, որ լիազոր մարմիններին եւ վարչական շրջանների կառավարմանը հանձնված համատիրությունները եւս պետք է ներառվեն համատիրությունների կազմի մեջ:
Համատիրությունների ղեկավարները կողմ են արտահայտվել համատիրությունների խոշորացմանը: Նրանց մեկնաբանությամբ` կհաջողվի ապահովել սեփական ծախսերի մասով քաղաքապետի նախանշած ծախսային հարաբերակցությունը: Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ կոմունալ բաժինների պետերին հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել համատիրությունների գործունեությանը` հետեւել բյուջեի ձեւավորմանն ու նախատեսված ծախսերի իրականացմանը, պարտադիր նորմերի պահպանմանն ու բնակչությանը ներկայացվող պարբերական հաշվետվություններին:
Նա հանձնարարել է մեկամսյա ժամկետում աշխատանքներ տանել համատիրությունների խոշորացման մասին բնակիչներին իրազեկելու եւ բուն խոշորացման մասով քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Հ. Հ.