Orange-ը հայտարարեց Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային գործարկման մասին: Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց գերարդիական այս տեխնոլոգիայի փորձարկումն իրական ցանցում: Թեստերի ժամանակ գրանցված առավելագույն արագությունն էր 39 Մբ/վ, իսկ միջինում այն տատանվում էր 32 Մբ/վ-ի եւ 37 Մբ/վ-ի միջեւ:
Նոր` մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաեւ ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
«Ֆրանս Տելեկոմ Խմբի աջակցությամբ Orange-ը կրկին նոր որակական չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Հպարտ ենք կիսել մեր այս նոր ձեռքբերումը մեր բաժանորդների եւ բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են երկրի տեխնոլոգիական առաջընթացով: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որոնք ներդնում են այս տեխնոլոգիան: Այս նոր արագությունները հասանելի կլինեն հայաստանյան սպառողին, երբ մենք լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան :