«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՃԿԱԼԱՇԵՆ ԳՅՈՒՂ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Տաղանդավոր կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, խորաթափանց, ես կասեիՙ արիստոկրատ այդ մարդը ինձ նամակ ուղարկեց Կամչատկա: Դա 1973 թվականին էր: Ցավոք, նամակը չի պահպանվել: Սակայն արդեն համարյա քառասուն տարի հիշողությունիցս չի ջնջվում բառն ու միտքն այնքան նրբակրթորեն շարադրող մարդու ոճը, որի մասին այն տարիներին գիտեի միայն, որ նկարահանել է չափազանց հայտնի «Առաջին սիրո երգը» կինոնկարը: Յուրան «Լիտերատուրնայա գազետա»-ում կարդացել էր իմ ակնարկը մի կորյակի մասին, որը, զգալով մոտալուտ մահը, նախնիների օրենքով որոշել էր հեռանալ տունդրաՙ այնտեղ հրաժեշտ տալու իր կյանքին: Ակնարկում այլ սյուժեներ էլ կային: Բայց ռեժիսորն ինձ առաջարկում էր մտածել ֆիլմի սցենար ստեղծելու մասին: Միայն յոթ տարի անց, արդեն Երեւանում, Երզնկյանի համառ պնդմամբ մենք ձեռք զարկեցինք այդ հույժ բարդ գործին: Բավական է ասել, որ իրադարձությունները զարգանում են սառնամանիքային ու խստաշունչ տունդրայում, իսկ դա նշանակում էր, որ պետք էր ձեռքի տակ ունենալ ե՛ւ շնասահնակներ, ե՛ւ եղջերվասահնակներ: Պետք էր ունենալ բուն տունդրան: Գլխավոր հերոսն ազգությամբ կորյակ էր: Համաձայն սցենարի, գլխավոր հերոսներից մեկն էլ պետք է, այսպես ասենքՙ եվրոպացի լիներ: Այդ դերը Յուրան որոշեց հանձնել, ինչպես ինքն արտահայտվեցՙ «միայն ու միայն» Ջիգարխանյանին: Իմ տարակուսած հարցին, թե արդյոք ջերմասեր Արմենը կհամաձայնի՞ նման «սառնամանիքային» դերի, ռեժիսորը ժպտալով պատասխանեց. «Անպայման կհամաձայնի: Սցենարում կկարդա մեռնող եղջերվապահի խոսքերը, որ կորյակների ավանում հյուսիսցիների կյանքում առաջին անգամ հաց է թխել մի հայ, եւ որ բնիկները, իրենց լեզվում չունենալով «հաց» բառը, այդ մարդու պատվին այն անվանում են «Բագրատ», չի կարող չհամաձայնել»:

Արմենը համաձայնեց: Սկսվեց երկար ու իրոք բարդ մի աշխատանք: Հաճախ էինք հանդիպում Մոսկվայում եւ Հայաստանում: Ձնառատ տունդրան նկարահանում էինք Արագածի բարձրունքներում, շատ տեսարաններՙ ձմեռային Մերձմոսկվայում: Ամրացավ իմ ընկերությունը Յուրիի հետ: Բարեկամացել էինք, ինչպես ասում են, ընտանիքներով: Սիրեցի նաեւ Արմենին, որը խաղում էր բանտից փախած կրկնահանցագործի դերը, որը բաց տունդրայում հանդիպում է շրջկենտրոնից հեռավոր ավան բեռ, թերթեր, ամսագրեր եւ ամսվա աշխատավարձ տեղափոխող կորյակին: Հավելեմ եւ այն, որ Արմենը տեղյակ չէր, թե Մոսկվայում ինչ բախումների մեջ էինք գլավլիտի հետ (պետգրաքննության): Ռեժիսորին պարտադրում էին «ֆիլմի կառուցվածքում ընդգրկել խորհրդային ծայր հյուսիսի բարգավաճման փաստեր» (գլավլիտի տերմինաբանությունն է): Դա նշանակում էր, որ վրանների կողքին պետք է ժամանակակից տներ դրվեին: Մի խոսքով, տունդրան պետք էր քաղաքակիրթ տեսքի բերել: Չփրկեց նույնիսկ այն, որ գլխավոր դերակատարներն էին Արմեն Ջիգարխանյանը եւ օսկարակիր Մաքսիմ Մունզուկը, որը փառաբանվել էր «Դերսու Ուզալա» ֆիլմով: Միակ ելքը տեսնում էի իմ սցենարից հրաժարվելու մեջ եւ վերջ: Միայն տեսնեիք, թե ինչպես էր տառապում Երզնկյանը, սիրտը չէր դիմանում: Հետագայում (ԽՍՀՄ փլուզումից հետո) որոշեց մեր երկսերիանոց ֆիլմից մեկ լիամետրաժ ֆիլմ սարքել, բայց տեխնիկապես չկարողացավ ազատվել տունդրայի «մեգապոլիսներից», որոնց առկայությամբ «նախնիների օրենքից» հրաժարվելը կորցնում էր ինչպես զուտ մարդկային, այնպես էլ սոցիալ-հոգեբանական հիմքերը:

Միակ մխիթարանքս այն էր, որ ձեռք բերեցի Յուրի Երզնկյանի, Արմեն Ջիգարխանյանի, Մաքսիմ Մունզուկի պես հիանալի ընկերներ:

Յուրայի հետ հաճախ էինք հանդիպում: Նրա 60-ամյակի կապակցությամբ ընդարձակ անկարկ գրեցի 1982 թվականին: Ի դեպ, եկող տարի լրանում է անմոռանալի Երզնկյանի ծննդյան 90 տարին: Ծանր ու անտանելի ցավով ընդունեցի հիանալի քաղաքացու մահը:

Մաքսիմ Մունզուկին իր թոռան հետ Հայաստան հրավիրեցի 1996 թվականին: Շրջեցինք հանրապետությունում: Մեծ տուվացուն ամենուր ընդունում էին պատիվներովՙ նրան կոչելով ոչ թե Մաքսիմ, այլ Դերսու:

Արմենի հետ բավական հաճախ հանդիպում էինք ե՛ւ Երեւանում, ե՛ւ Մոսկվայում: Նա ինձ ու կնոջս հրավիրեց իր անկրկնելի «Սոկրատ»-ի բեմադրությանը: Այնտեղ, կարծեմ Մայակովսկու անվան թատրոնում, ներկայացումից ստացած տպավորությունս նրան ներկայացրի բառախաղովՙ «Հանճարի կերպարն այսքան հանճարեղաբար կարող էր բացել միայն հանճարը», գիտակցելով, որ խոսքիս մեջ ավելի շատ անկեղծություն եմ դնում, քան կատակ:

Շուտով սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ստեփանակերտի եւ Երեւանի խաղաղ ցույցերին ու հավաքներին Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանեց «սումգայիթով»: Պաշտոնական Մոսկվան լռում էր արդեն այն պատճառով, որ Գորբաչովը ոչ միայն քաղաքական եւ իրավական գնահատական չտվեց հայերի ցեղասպանությանը, այլեւ նույնիսկ ցավակցություն չհայտնեց բազմաթիվ զոհերի հարազատներին ու մերձավորներին: Դժվար է պատկերացնել, թե ինչ էր սպասում հայերին ոչ միայն Արցախում, այլեւ Հայկական ԽՍՀ-ում, եթե չլիներ ռուս մտավորականության եւ բազմաթիվ իրավապաշտպանների աջակցությունըՙ ակադեմիկոս Անդրեյ Սախարովի գլխավորությամբ: Հենց այն ողբերգական օրերին, երբ ԽՍՀՄ ղեկավարությունը նույն հարթության վրա էր դնում զոհին ու դահճին, Արմեն Ջիգարխանյանը, հաշվի չառնելով այն ժամանակ երկրում ստեղծված իրավիճակը եւ իրադարձային իրողությունները, հանկարծ հրապարակավ կարծիք հայտնեց, թե հայ մտավորականության ներկայացուցիչներն են գրգռել ժողովրդին: Այդ մասին իմացա Սիլվա Կապուտիկյանից, որը, ելույթ ունենալով Գրողների միության կուսակցական ժողովում, առաջարկեց մի խումբ գրողների անունից հանդես գալ մամուլում: Ես Սիլվային չսատարեցի, պատճառաբանելով, որ այդպիսով ակամա ժողովրդի մեջ կտիրաժավորենք Ջիգարխանյանի հրեշավոր արտահայտությունը:

Երկար տարիներ չէի հանդիպել Արմենի հետ, որին սակայն հարգանքով էի վերաբերվում, բարձր գնահատելով նրա հսկայական տաղանդը: Չգիտես ինչու ես համոզված էի, որ Արմենի այդ արարքը անմտածված, պատահական քայլ էր եղել: Համարյա քառորդ դար եւ ընդամենը երկու հպանցիկ հանդիպում Երեւանում ու Մոսկվայում: Բնականաբար անցածը երեսով չեմ տվել: Տեղյակ էր «Կիլիկիա»-ով իմ նավարկություններին: Խոստացա այդ մասին պատմող եռհատորյակն ինչ-որ մեկի հետ ուղարկել իրեն: Եվ ուղարկեցի:

Ես վստահ էի, որ հայտնի արտիստը հաստատ ինքն իր առջեւ ապաշխարել է: Չէ՞ որ նրա իրոք նողկալի հնարքից հետո եղավ «բաքուն», եղավ չլսված վանդալիզմի ավարտը պատմական Նախիջեւանի Ջուղայում, որտեղ ավելի քան տասը հազար անկրկնելի խաչքարներից մեկն իսկ չմնաց, եղավ «բուդապեշտը», եղավ նախագահի ազգայնամոլական ցուցումը ադրբեջանական հանրագիտարանից դուրս նետելու բոլոր հայկական անունները, եղավ հայազգի անձանց կողմից ավիատոմսերի ձեռքբերման արգելքը, եղան հարյուրավոր, եթե ոչՙ հազարավոր սահմանախախտումներ Արցախում եւ Հայաստանումՙ ազերների կողմից: Ահավոր ցանկը կարելի է շարունակել, հիշեցնելով, որ խոսքը բացառապես պետական հանցագործությունների մասին է: Եվ այդուհանդերձ, պարզվում է, Արմեն Բորիսովիչը չի զղջացել, ավելին, չի հանդարտվել:

Ես այս անգամ էլ կլռեի, եթե չլիներ մեկ հանգամանք: Մամուլին տրված նրա հարցազրույցներից եւ այլ ելույթներից կարելի է քաղել մշտապես կրկնվող միտքը, որը հանգում է «հիանալիորեն ուժեղ բառինՙ «փոխզիջմանը»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Արմեն Բորիսովիչը մարտնչում է հանուն խաղաղության, բարեկամության, «խելացի փոխզիջման», իսկ այ, ասենք, Սոս Սարգսյանը խառնակում է, փոխանակ «պայմանավորվի»: Իսկ նշված հանգամանքն այն է, որ հարցը երկու ժողովուրդների հարաբերություններին չի վերաբերում, այլ ազգային ողբերգության ընդարձակ աշխարհագրությանը. Արցախ, Շահումյանի շրջան, Գանձակ, Գարդմանք, Նախիջեւան, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ:

Ողջ հարցն այն է, որ այս ամբողջ, ճշմարտության պես կոնկրետ աշխարհագրությունը իրականում պարզապես ծանոթ չէ Ջիգարխանյանին: Նա ասում է, թե «շատ անգամ եմ եղել Բաքվում հյուրախաղերի, համերգներով, նկարահանվել եմ ֆիլմերում...Ես այնտեղ ինձ լավ էի զգում: Եվ եթե ինձ կանչեն, ապա ես ոչ թե կգնամ, այլ կթռչեմ»: Ինչ արած, կար ժամանակ, երբ գուցե Սոս Սարգսյանն էլ է իրեն լավ զգացել Բաքվում: Այն ժամանակ, երբ Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը բնիկ հայեր էին, երբ Ադրբեջանի շատ ղեկավարներ հայեր էին: Եվ ընդհանրապես ասորիները, հայերը, հույները, ընդհանուր առմամբ քրիստոնյաներն էլ իրենց լավ էին զգում Բյուզանդիայում: Այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերի թիվը չէր անցել հինգ միլիոնից: Ի դեպ, «Բյուզանդիայի սինդրոմի» մասին այսօր տագնապով եւ գործուն կերպով մտածում են Գերմանիայում: Բայց դա արդեն այլ թեմա է: Ժամանակին Միխայիլ Գորբաչովն աշխարհով մեկ հայտարարեց, թե Սումգայիթում անօրինություններ էր գործում ընդամենը խուլիգանների մի խումբՙ քաղաքի էկոլոգիական վատ վիճակի պատճառով: Իսկ հիմա ահա Արմեն Բորիսովիչը ապշեցուցիչ օրինակ է բերում. «Ինձ մոտ այստեղ, Մոսկվայում ծանոթներիցս մեկի քսանամյա տղային քիչ էր մնում սպանեին սափրագլուխները: Ի՞նչ է, հիմա մենք ողջ ռուս ժողովրդին թշնամի՞ կոչենք»: Եվ որպեսզի ազերներն ու հայերը փոխադարձ ատելություն չտածեն միմյանց հանդեպ, Արմեն Բորիսովիչը խորհուրդ է տալիս «հավաքել խելացի, մտածող, գթասիրտ մարդկանց մի մեծ խումբ, որոնք Հիսուս Քրիստոս չեն խաղում», որպեսզի կողմերին հաշտեցնեն: Իսկ Սոս Արտաշեսի Սարգսյանը խորհուրդ չի տալիս: Նա պահանջում է, որ Սումգայիթում, Բաքվում, Գարդմանքում, Նախիջեւանում հայերի ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատ լինի (ավելի ճիշտՙ այն դատավարությունների շարունակությունը, որոնք դեռեւս ԽՍՀՄ-ում էին սկսվել), քանզի բոլոր այդ տարածաշրջաններում իսկական ցեղասպանություն է կատարվել: Արմեն Բորիսովիչը գտնում է, որ կողմերը ընդամենը «կրակել են միմյանց վրա», որ զոհերի թիվը, ասենք, Սումգայիթում եւ Բաքվում, չի «ձգում» ցեղասպանության: Այնինչ «Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման եւ դրա համար պատիժ կրելու մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրում սեւով սպիտակի վրա գրված է. «Քանակական բնութագիրը որոշիչ չէ ցեղասպանության փաստ սահմանելիս: Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի նույնիսկ մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարվել է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»:

Ինձ համար ցավալի է լսել եւ կարդալ, թե ինչպես են մեկնաբանում, պատճառաբանում, ծաղրում, վիրավորում, կրկնելով աստվածատուր տաղանդի տեր այդ մարդու արտահայտած կարծիքները: Հաշվի առնելով, որ Ջիգարխանյանը ոչ մի օր չի այցելել Արցախ այն ժամանակներում, երբ վճռվում էր ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլեւ ողջ հայության ապագան, ես կարծում եմ, որ պետք է գոնե հիմա Արցախ հրավիրել մեծ արտիստին (այդպես էր նրան անվանում Սոս Սարգսյանը) եւ ցույց տալ այն վայրերը, որտեղ բախտորոշ մարտեր են ընթացել: Կուզենայի նրան տանել Մաճկալաշեն գյուղ, որը 4-րդ դարում կառուցված հոյակերտ Ամարաս տաճարի մոտակայքում է: Այնտեղ վերջերս մահացավ լեգենդար Ռայա մայրիկը, որն Արցախյան պատերազմում զոհված իր երկրորդ որդու թաղմանը դիմելով ժողովրդին ասաց, որ ինքը երկրորդ զավակին է զոհում, եւ Աստված մի՛ արասցե թույլ տանք թշնամուն նորից պղծել մեր հողերը եւ գերեզմանները: Եվ ապա կոչ արեց վայր չդնել զենքը, պաշտպանել հարազատ հողը, որպեսզի նրա վրա ապրեն իր թոռները: Մահից ոչ շատ առաջ Կիմ Բակշիի հետ այցելեցինք Ռայա մայրիկին: Երկու զոհված որդիների մայրը, հազիվ շուրթերը շարժելով, թվում էՙ դիմում էր ողջ աշխարհին, վստահ եմ, Ջիգարխանյանին նույնպես. « Իմ ապուպապերը, իմ պապերը, իմ ծնողները, ես, իմ զավակները, իմ թոռները ծնվել ենք Ամարաս տաճարից երկու քայլի վրա: Մի՞թե այդ հայկական տաճարի այստեղ գտնվելու փաստն ինքը ոչինչ չի ասում»: Ես Արմեն Բորիսովիչին ցույց կտայի նաեւ մաճկալաշենցիների այլ գերեզմաններ: Ցույց կտայի երեսուն գերեզման եւ կասեի, որ մայրերը քսանյոթն էին, քանզի տիկին Ռայայից բացի եւս երկու մայր կորցրել են զույգ զավակներին: Արմեն Բորիսովիչի հետ կայցելեինք ոչ միայն Մաճկալաշենի գերեզմանոց, ոչ միայն Ամարաս տաճար, այլեւ տաճարում կխոնարհվեինք առաջին եպիսկոպոս Գրիգորիսի շիրմաքարին, որը առաջին Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռն էր:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ Արմենն այս բոլոր, ես կասեիՙ պատասխանատու տարիների ընթացքում այդպես էլ չգիտակցեց իրավիճակի ողջ ողբերգականությունն ու առավել քան լրջությունը: Հակառակ դեպքում ինչպե՞ս թույլ կտար իրեն այդքան պրիմիտիվ եւ պարզապես անհեթեթ համեմատություններ ու համադրություններ կատարելՙ ասելով. «Կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս Մոսկվայում, կան, որոնք ես չեմ ընդունում: Տոլման ինձ ավելի է դուր գալիս, քան պելմենները: Բայց հո չե՞նք թշնամանալու ռուսների հետ խոհանոցային ճաշակների պատճառով: Կրկնում եմ, մենք ապրում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողքին: Դա իրողություն է, եւ դա անհնար է փոխել»:

Հենց այդպես, եւ ոչ այլ կերպ: Ասաց ու քը՛ռթ կտրեց: Ասես կնիք դրեց վրան, բացի ամենայնից միտք չանելով նաեւ այն մասին, որ այդ նույն «հարեւանները»ՙ Թուրքիայի ու Ստալինի դրդումով, փոխեցին այդ նույն «իրողությունը» եւ այսօր էլ ամեն ինչ անում ենՙ հետագայում եւս փոխելու: Խոհուրդ եմ տալիս Արմենին ծանոթանալ թուրքական «գորշ գայլերի» ապագա գործողությունների ծրագրերին, որոնք իրենց որջերն են ստեղծել ոչ միայն Գերմանիայում, Թուրքիայում, այլեւ արդեն Ադրբեջանում, եւ այնժամ կարելի կլինի տեսնել, թե ինչ տեսք կունենա ողջ տարածաշրջանի ապագա աշխարհագրական քարտեզը:

Ի դեպ, գայլերի մասին: Այս նյութում հիշատակված հացթուխ Բագրատը Կամչատկայում հայտնի որսորդ Էյխոյին պատմել է, թե ինչպես թուրքերը կոտորեցին իրենց ողջ գյուղը, իր ողջ ընտանիքին: Այդ ողբերգությունը նկարագրված է իմ «Հաց» վիպակում: Ընդամենը մի նախադասություն կմեջբերեմ կորյակ որսորդի խոսքից. «Գայլին (եւ ոչ թե երեխաներին, կանանց ու ծերերին-Զ.Բ.) պետք է սպանել, նախքան նա կհանդիպի եղջերվին»: Հենց այդպես: Եվ ոչ այլ կերպ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4