«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


ՄԱՐՏԱԴԱՇՏԻ ՀՐԵՇՏԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր եւ նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսեթս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն եւ աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշների արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարեւոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն եւ խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:

Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին եւ Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան կարմիր խաչին եւ Կ. Բարտոնին:

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր եւ սովի մատնված մարդկանց օգնելու համար:

Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս:

Բարձր դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան կարմիր խաչին եւ նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետեւանքով տուժած բնակչությանը եւ գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին:

Մարտի 18-ին Կ. Բարտոնի օգնական եւ Թուրքիայում Ամերիկյան կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղեւորվում է Ալեքսանդրեթ եւ այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթապ հասնելու համար: Այստեղից նրանք ուղեւորվում են դեպի հյուսիս-արեւելք` Խարբերդ եւ Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների: Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում` ծրագիրը համակարգելու համար: Կոտորածներին հետեւեցին որովայնի տիֆի եւ բծավոր տիֆի, դիզենտերիայի եւ ծաղիկի համաճարակները: Զեյթուն եւ Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000-ը: Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության եւ մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:

Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով եւ ջուլհակահաստոցներով:

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կ. Բարտոնը կնախընտրեր: Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր եւ նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում:

Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:

Կ. Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի եւ քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիք ուներ: Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչեւ 1897 թ. մայիսը:

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի եւ իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում: Այս զեկույցները հետաքրքրական են այն իմաստով, որ ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության եւ ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին:

ԱՐԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմված է Արման Կիրակոսյանի «Մարտադաշտի հրեշտակի հայկական առաքելությունը» հոդվածից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4