Հ. ԱՖՅԱՆ
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդը, համաձայն վրացական կողմի «բանավոր վկայության», «առողջական պատճառներով» չի կարողացել մասնակցել երեկ Երեւանում աշխատանքները սկսած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի աշխատանքներին, չնայած օրեր առաջ Ռուսաստանում էր: Սակայն Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանեց Երեւան, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր հայրերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը ներկայացրեց պատրիարք Կիրիլը: Հայտարարությամբ հոգեւոր առաջնորդները կողմ են արտահայտվել ԼՂ հիմնահարցի խաղաղ լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ «բացառելով ռազմական լուծումը»: «Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերինՙ շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, որպեսզի արյուն չթափվի եւ մահեր չլինեն: Այդ դեպքում կստեղծվի բարոյական մթնոլորտ, որը նոր հեռանկարներ կբացի հիմնահարցի կարգավորման համար», ներկայացրեց համատեղ հայտարարությունը Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարքը` հավելելով, թե իրենք «աղոթում են, որ երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների միջեւ բարեկամություն հաստատվի»:
ԼՂ հակամարտությունը կրոնական չէ
Միջկրոնական խորհրդի աշխատանքներին մասնակցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ողջունելով կրոնական հայրերին ու շնորհավորելով պատրիարք Կիրիլի 65-ամյակը, ընդգծեց. «Նման խճճված ու բարդ խնդրի բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»: Նախագահը նաեւ ընդգծեց, որ այսօր աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն եւ ոչ թե երկպառակություն. «Այս ճանապարհին պետք է ոչ թե անտեսել ու ստորադասել, այլ խրախուսել ու ամրապնդել մարդկանց հոգեւոր արմատները: Իսկ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումներով, բանակցություններով, համագործակցությամբ, ոչ թե սպառնալիքների լարման մեծացման միջոցով», ասաց Հայաստանի նախագահը` ընդգծելով, որ այս գագաթաժողովը գալիս է ապացուցելու, որ արդի աշխարհի խնդիրները լուծելու միակ ճիշտ ուղին ընդհանուր մարտահրավերների առջեւ բոլորիս ուժերի համախմբումն է, մարդկանց համերաշխության ապրապնդումն է` անկախ նրանց ազգային եւ կրոնական համոզմունքներից:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի ժողովուրդը եւ իշխանությունները ձգտում են կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները, համագործակցությունը հարեւան ու բոլոր պետությունների, ժողովուրդների հետ. «Այս ձգտումի վկայությունն է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, որն ընթացք չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով», ընդգծեց Վեհափառը: Կաթողիկոսը նաեւ շեշտեց, որ պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստերի շրջանակներում տեղի են ունենում կովկասյան կրոնական առաջնորդների եռակողմ, քառակողմ հանդիպումներ. «Միմյանց նկատմամբ հարգանքով ու եղբայրական սիրով ձգտում ենք նպաստել մեր ժողովուրդների միջեւ առկա խնդիրների լուծմանը, փոխըմբռնման ոգու եւ բարի կամքի զորակցմանը, երկխոսության արդյունավորմանը: Վստահ ենք, որ այլընտրանք չկա` հակամարտություններն ու խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն խաղաղ բանակցային գործընթացներով, մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, միջազգային օրենքների հարգման ճանապարհով»: Այս կապակցությամբ` իր խոսքում Ալալահշուքյուր Փաշազադեն եւս ընդգծեց, որ հակամարտությունները, այդ թվումՙ ղարաբաղյանը, ռազմական լուծման ճանապարհ չունեն:
Միջկրոնական համագործակցությունն ու համերաշխությունը` արդի մարտահրավերներում
Խորհրդի աշխատանքներին մասնակից կրոնական առաջնորդները իրենց մտահոգությունը հայտնեցին աշխարհում այսօր տիրող իրավիճակի կապակցությամբ: Պատրիարք Կիրիլը հիշատակեց իրադրությունը Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում եւ այլուր: Մի շարք առաջնորդներ խոսեցին հասարակությունների շրջանում բարոյական սկզբունքների անկման կամ դրանց փոփոխման վերաբերյալ: Այս կապակցությամբ կաթողիկոս Գարեգին Երկրորդը ասաց. «Ազգերի համակեցության ու համագործակցության, կրոնական ու մշակութային երկխոսությունների կողքին վտանգվում են հոգեւոր, բարոյական արժեքները: Աճող բարեկեցությանն ու հարստությանը զուգահեռ ավելի մեծ տարածում են գտնում կարիքն ու աղքատությունը: Այս եւ այլ մի շարք հրամայականներին դիմագրավելու համար, կամ մարդասիրական արժեքների տարածման ու ժողովուրդների ազատ ապրելու ու իրենց հավատքը անկաշկանդորեն դավանելու գործում, էական է կրոնական առաջնորդների համագործակցությունը, քանզի լուծում պահանջող հարցերի վճռման համար առաջնային նշանակություն ունեն բարոյական սկզբունքների արժեւորումը, հանդուրժողականության ոգին»:
ԱՊՀ Միջկրոնական խորհրդում ներառված են 14 կրոնական ավանդական կազմակերպություններ, խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որն իր առջեւ դրել է նպատակներ. 1. ԱՊՀ երկրների ավանդական կրոնական կազմակերպությունների համատեղ գործունեության համակարգում` ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղության հաստատման գործում, հասարակության մեջ կայունության եւ համաձայնության ձեռքբերման, կրոնական առաջնորդների միջեւ երկխոսության զարգացման, ընդհանուր մարտահրավերների առջեւ ուժերի համախմբում, հասարակության մեջ ավանդական հոգեւոր արժեքների հաստատում: 2. ԱՊՀ երկրների համագործակցության օժանդակում` վերջիններիս հոգեւոր առաջնորդների եւ կրոնական համայնքների միջեւ փոխադարձ կապերի ամրապնդման ճանապարհով: 3. Համակողմանի եւ պարբերական փորձի փոխանակում` պետական-կրոնական, խաղաղասիրական, սոցիալական ծառայության եւ այլ հրամայական հարցերի ոլորտներում:
Այսօր Միջկրոնական խորհուրդը կշարունակի եւ կավարտի իր աշխատանքները Երեւանում, խորհրդի բոլոր ժողովների փաստաթղթերը հրապարակված են Ռուս ուղղափառ եկեղեցու patriarchia.ru կայքում: