«Ազգ» օրաթերթի տեղեկություններով` կիրակի ամբողջ գիշեր հայ-ադրբեջանական զորքերի շփման տարբեր հատվածներում փոխհրաձգություններ են տեղի ունեցել: Հրադադարի ռեժիմը խախտվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում: Հակառակորդը կրակ է բացել Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքից: Փոխհրաձգություն է գրանցվել նաեւ Աղդամի շրջանի Յուսիֆջալի, Ֆիզուլու Գարախանբեյլի բնակավայրերի տարածքներում: Առավոտյան ժամը 5-ի սահմաններում ավտոմատային եւ գնդացրային արձակումներ են եղել Ջեբրայիլի Մեհդիլի գյուղին մոտ գտնվող հայկական պաշտպանական ամրությունների ուղղությամբ: «Ազգ» -ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատեց այդ տեղեկությունը` հավելելով, որ մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը 50 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
«Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումն ադրբեջանական կողմից սկսում է ամենօրյա բնույթ կրել: Վերջին օրերին դրանց չափերը մեծացել են: Հայկական կողմը պատասխան է տալիս անհրաժեշտության դեպքում եւ հակառակորդի սադրիչ գործողությունները կանգնեցնելու նպատակով», ասաց Կարապետյանը` հավելելով, որ հայկական կողմից տուժածներ չկան:
Հ. Հ.