Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սարգսյանն ու Լեֆորը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության եւ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցեր:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, բացի Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերից, մասնավորապես անդրադարձ է կատարվել արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:
Բանակցությունների օրակարգում են եղել նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչությանը:
Ա. Հ.