«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ՆՈՐ ՑԻԿԼՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԱՓԵՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստի առիթով խորհրդարան եկած լրագրողները փորձում էին մեկնաբանություններ ստանալ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցելու առաջարկի վերաբերյալ, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներն ըստ էության որեւէ մեկնաբանությունից խուսափեցին, նշելով, որ ԲՀԿ առաջնորդն այժմ գտնվում է արտերկրում, եւ իրենք իրավասու չեն պատասխան հնչեցնելու, իրենց կարծիքն այս դեպքում մասնավոր է լինելու: Ե՛վ ԲՀԿ-ականները, ե՛ւ ՀՀԿ-ականները լրագրողներին ուղարկում էին ՀԱԿ` այնտեղ Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին կարծիքներ ստանալու, մանավանդ որ ՀԱԿ-ի առաջնորդն իր տեսակետը հնչեցնելիս նշել էր, թե ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ ՀԱԿ-ում կոնսենսուս չկա, եւ դա իր անձնական կարծիքն է: Արդյոք մի բան կա՞ այս երկուստեք խուսափողականության մեջ:

Համենայն դեպս, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը այդպիսի տեսակետի բարձրաձայնումը Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ դիտարկեց. «Այդ առաջարկի տակ տեսնում ենք պրովակացիա, քաղաքական դաշտում լարվածություն մտցնելու քայլ, քանի որ եթե մի քիչ մեր հիշողությունը լարենք` որեւէ կապող բան ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ չենք տեսնի` ոչ գաղափարական, ոչ գործելաոճի: Չնայած` քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, դա իրենց թիմերի որոշելիքն է: Բայց որպես քաղաքացուՙ իմ անձնական կարծիքը հետեւյալն է` դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հանրահավաք եկող նրա ընտրազանգվածը էապես նվազել է, ինչի մասին են վկայում նաեւ հանրահավաքների միջակայքային երկար ժամանակը, դրանց բնույթն ու շեշտադրումները: Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին պահելու խնդիր ունի, եւ որպեսզի հերթական ընտրություններին գնա նորմալ դիրքով` նա պետք է նման հայտարարություններ անի: Նպատա՞կը` անհաշտություն մտցնել քաղաքական ուժերի մեջ, քաշել-տանել իր կողմը, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը մի փոքր այլ բնույթի կարող են լինել: Լուրջ մտահոգություններ չունեմ այդ հայտարարությունների վերաբերյալ», ասաց Հ. Սահակյանը:

Նրա ավելի փորձառու գործընկեր Գագիկ Մինասյանը նշեց, որ տեղի ունեցողը վերաբերում է ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին եւ չի կարծում, որ ճիշտ կլինի իր կողմից գնահատական տալը. «Ընդամենը կարող եմ խորհուրդ տալ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը մեկ-մեկ անդրադառնա իշխանության եւ մասնավորապես նրա մասը կազմող ԲՀԿ-ի վերաբերյալ իր նախորդ գնահատականներին, ընթերցի-վերհիշի դրանք եւ ապա առաջարկներ անի», հիշեցրեց Մինասյանը:

Վերադառնալով քաղաքական կյանքում նոր ցիկլոնին` Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին մեկնված ձեռքի տեսքով, նկատենք, որ դա կարող է նախ լուրջ պառակտում առաջ բերել արդեն մի անգամ դժգոհներ արտահոսեցրած ՀԱԿ-ում, որի որոշ հատվածներ ակնհայտորեն դեմ են լինելու այսպիսի դիրքորոշմանը, եթե միայն, ինչպես հանրապետականներն են նշում, սա Տեր-Պետրոսյանի համար մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները ժամանակ շահելու հերթական հնարք չէ, որպեսզի բոլորը քաղաքական խժդժությունների վրա կենտրոնան, եւ մոռացվի այն, որ ՀԱԿ-ն այս պահին չի կարողանում հստակ գործելակերպ դրսեւորել:

Դրանից հետո, շունչը հետ բերած, ՀԱԿ-ը նոր ուժով կկարողանա վերակենդանանալ փետրվար-մարտին, ինչպես հենց ՀԱԿ-ի առաջնորդն էր նշել: Իսկ խժդժությունների առումով` Տեր-Պետրոսյանը կարող է ճիշտ դուրս գալ, քանի որ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, անշուշտ, հարաբերություններ պարզելու մի նոր փուլ է սպասում մինչեւ նոր տարի, իսկ թե ի՞նչ տեսք կընդունի այդ «պարզումը», միայն աստծուն է հայտնի, քանի որ այս երկու ուժերի հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է բացառապես բոլոր ուժերին, իսկ տվյալ երկուսի պարագայում` դեռ խոր հաշվարկների կարիք կա: Համենայն դեպս` մամուլում մինչեւ Տեր-Պետրոսյանի հերթական ձիու քայլը (նա, այո, այդպիսի քայլերի մասնագետ է) անպաշտոն տեղեկություն կար, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասնական ցուցակով գնալու որոշում են կայացրել, եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվել: Հիմա էլ չենք իմանա` այդպիսի համաձայնություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ հարաբերությունների վերաթարմացման (կամ դրա մասին հայտարարության) ՀՀԿ-ԲՀԿ նոր ռաունդ տեղի կունենա անպայման` որքան էլ կողմերը չուզենային դառնալ ուրիշի խաղի գերին: Մանավանդ որ, անշուշտ, պահի ընձեռած հնարավորությունն օգտագործելու են նաեւ այլ խաղացողներ (օրինակ` Ռոբերտ Քոչարյանը): Եթե վերհիշենք Գագիկ Ծառուկյանին կոալիցիայից խլելու բոլոր փորձերը, ապա հստակ կարելի է ասել, որ դրանց իմպուլսները միշտ եկել են կա՛մ ընդդիմադիր (կամ` ընդդիմադիր ձեւացող) մամուլից, կա՛մ մերձիշխանական, բայց ըստ էության անհասկանալի քաղաքական շրջանակներից: Բոլոր դեպքերում ինտրիգ լարողները հույսը դրած են եղել Ծառուկյանի իմպուլսիվության պատճառով ինչ-որ պահի սխալ թույլ տալու հավանականության վրա (ամեն մարդ կարող է ինչ-որ պահի սխալվել), սակայն մինչեւ հիմա հաջողություն չեն արձանագրել` Ծառուկյանը հաջողությամբ շրջանցում էր բոլոր թակարդները: Հիմա փաստորեն այս գործն ուզում է գլուխ բերել անձամբ ՀԱԿ-ի առաջնորդը: Տեսնենք, թե ինչ կպատասխանի այս բոլորին արտերկրից վերադառնալուց հետո ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր տեսակետը պիտի որ հայտնի ամենաուշը հաջորդ շաբաթ, ԱԺ նախագահ ընտրող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում:

Ինչ էլ լինի` մի բան այս գլխից պարզ է, բրոունյան շարժում կսկսվի նաեւ ՀԱԿ-ում, քանի որ Տեր-Պետրոսյանի արտահայտած «անձնական» կարծիքը կարող է այս անգամ թանկ նստել նրա վրա եւ բաժանարար գծի սկիզբ դառնալ ՀԱԿ-ում առայժմ հեռավոր ուրվագծվող թեւերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4