Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Վրաստան: Պաշտոնապես արված հայտարարությունը միայն մեկնում էր տեղեկացնում, չհստակեցնելով, թե ինչ տեսակի ու մակարդակի այց է կատարում Սարգսյանը հարեւան երկիր, որի հետ խնդիրներն ավելանում ու ոչ մի կերպ չեն պակասում, չնայած վերջին շրջանում վրացական կողմից միայն կրոնական համայնքներին տրված որպես այդպիսին գրանցելու հնարավորությունը մի քանի տասնամյակի պայքարով, բայց արվեց:
Ու մինչ այդպես էլ չհստակեցված տեսակի այցով Հայաստանի նախագահը մեկնում է Վրաստան, Վրաստանի հայ համայնք կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ քննարկել Ցեղասպանության ու հայատյացության հարցերը` ի թիվս հայերենով կրթության մատչելիության, հայկական դպրոցների ու դասարանների փակման, հայ մանկավարժների անհիմն հեռացման, Վիրահայոց թեմից խլված ունեցվածքի վերադարձի խնդիրների: Ընդ որում, Վրաստանում այդպես էլ չի լուծվում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու համար տեղ հատկացնելու հարցը, ինչն էլ Վրաստանի հայ համայնքը խնդրում է քննարկել նախագահական հանդիպմանը:
«Երկիր» միությունն էլ փոխանցում է Հայաստանի նախագահին հասցեագրված մեկ այլ հայտարարություն, հանրագիր` «Ի պաշտպանություն ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի»` Ջավախքի ավելի քան 1600 բնակչի ստորագրությամբ: Ըստ այդմ, ներկայացվում է, որ «Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների` ապօրինի ձերբակալության, դատավարության եւ բանտարկության» ենթարկված «Ջավախահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական եւ կրթական արժեքների պահպանման համար, այլ նաեւ Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, Հայաստանը կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով»:
Հանրագրով Հայաստանի նախագահին կոչ է արվում Վրաստան կատարելիք այցի ընթացքում «բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման խնդիրը»:
Մի կոչ էլ Հայկ Սանոսյանին
Ի դեպ, Չախալյանի առնչությամբ վերջերս պատգամավոր Հայկ Սանոսյանի հայտարարությանը, թե չի ճանաչում Չախալյանին որպես քաղաքական գործչի ու չի տեսել նրա «ազգանպաստ գործերը», դատապարտմամբ է անդրադարձել Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը: 2009-ին ստեղծված այս կառույցը միավորում է ջավախահայության եւ վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ, մասնավորապես «Ջավախք» հայրենակցական միությունը, Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ միությունը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը եւ «Ռուսաստանի ջավախահայերի համայնք» կազմակերպությունը:
«Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական եւ այլ բնույթի սերտ կապեր ունի վրաց տարբեր պաշտոնյաների հետ, որոնց թվում են նաեւ վրաց ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նրա վերոհիշյալ հայտարարությունը կարելի է գնահատել որպես վրաց իշխանություններին հաճոյանալու ոչ բարոյական փորձ», ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ, Սանոսյանին կոչ անելով «զերծ մնալ ջավախահայության խնդիրների շահարկումից, դրանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական աթոռը վերստանալու նպատակին որպես մանրադրամ օգտագործելուց»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ