«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


...ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՓՈԽՎԵՆ ԿԱՐԳԵՐԸ

Թերեւս բնական է, որ ամեն մի հակամարտության կարգավորման գործընթաց մեծ հետաքրքրություն է առաջացնում հայերիս շրջանում, առավել եւս, երբ նախկին խորհրդային տարածքում է կամ որեւէ առնչություն ունի ինքնորոշման խնդիրներին: Օրերս միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց մերձդնեստրյան կարգավորումը: Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը եւ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովն օրերս պայմանավորվեցին վերսկսել կարգավորման բանակցությունները, որոնք ընդհատվել էին դեռեւս 2006-ին: Առաջին պաշտոնական հանդիպումները «5+2» ձեւաչափով (Մոլդովա, Մերձդնեստրՙ որպես հակամարտության կողմեր, Ռուսաստան, Ուկրաինաՙ երաշխավոր երկրներ, ԵԱՀԿՙ միջնորդ, ԵՄ եւ ԱՄՆՙ դիտորդներ) տեղի կունենան նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին: Այդ ընթացքում կողմերի միջեւ պետք է հստակեցվի հետագա կանոնավոր բանակցությունների կանոնակարգը եւ աշխատանքային գրաֆիկը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկաթուղային հաղորդակցության լիարժեք վերականգնման ուղղությամբՙ ողջունելով ԵՄ կողմից առաջարկվող փորձագիտական օժանդակությունը: Հնարավոր էՙ փորձագիտական աշխատանքային խմբերի ձեւավորում, որոնք պետք է քննարկեն մաքսային խնդիրները:

Մոլդովայի եւ Մերձդնեստրի ղեկավարներն իրենց վերջին հանդիպման ընթացքում այցելել են նաեւ Բենդերի երկաթգծային դեպո, որը ԽՍՀՄ տարածքում խոշորագույններից մեկն է եղել: «Այնտեղ բոլոր սարքավորումներն աշխատանքային վիճակում են, այն պատրաստ է շահարկման», նշել է Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիռնովնՙ ավելացնելով. «Այս այցելությունը եւս մեկ անգամ վկայում է, որ մենք կարող ենք շատ երկար քննարկել պետականության հարցերը, սակայն տնտեսական խնդիրներն անհրաժեշտ է հաղթահարել արդեն այսօր»:

«Կան մարդիկ, ովքեր խորհուրդներ են տալիս, կան այնպիսիք, ովքեր գործում են: Վլադիմիր Վասիլեւիչն, իմ կարծիքով, վերջիններից է, այդ իսկ պատճառով հաջողվեց նախանշել մի շարք խնդիրների հաղթահարմանն ուղղված հետագա աշխատանքներնՙ ի նպաստ ինչպես Մոլդովայի, այնպես էլ Մերձդնեստրի ժողովուրդների», Մոլդովայի վարչապետի հետ իր համատեղ աշխատանքն այսպես է գնահատել Սմիռնովը:

Եվ իսկապես, Մերձդնեստրի խնդրով բանակցությունների վերսկսումը հնարավոր դարձավ Մոլդովայում իշխանության փոփոխությունից հետո միայն: 2009-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի վարչապետի պաշտոնը ստանձնեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ֆիլատը: Մինչ այդ երկրում իշխանության ղեկը տարիներ շարունակ գտնվում էր Կոմունիստական կամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ձեռքում:

«2006-10 թթ. ընթացքում Մոլդովայի եւ Մերձդնեստրի ներկայացուցիչների միջեւ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել: Երկու տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն քննարկել, այլեւ վերականգնել պաշտոնական բանակցությունները «5+2» ձեւաչափով: Բանակցությունների առաջին փուլը կմեկնարկի Վիլնյուսում նոյեմբերի 30-ին», հայտարարել է Վ. Ֆիլատըՙ Ի. Սմիռնովի հետ հանդիպման ավարտին:

Այժմ անդրադառնանք մեկ այլ հակամարտության կամ արդեն անկախացած մի միավորի, որտեղ դեռեւս լսելի են երբեմնի պատերազմի արձագանքներըՙ Կոսովո: Բրյուսելում օրերս տեղի ունեցավ Բելգրադ-Պրիշտինա ուղղակի բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունների հիմնական թեման Կոսովոյի հյուսիսային սերբական շրջաններում շարունակվող հուզումներն են: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կողմերի միջեւ էլեկտրա- եւ հեռուստահաղորդակցական ցանցերի միավորման, ինչպես եւ տարածաշրջանային ֆորումներում Կոսովոյի մասնակցության հարցերը: Սերբական կողմը, սակայն, նախօրոք հայտարարել է, թե բանակցությունների արդյունքում չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Եվրոմիությունը, հրաժարվելով այս հարցում ճնշում գործադրել Բելգրադի նկատմամբ, պահանջում է, որ կողմերը «բարիդրացիական հարաբերություններ» հաստատեն: Այս պահանջը Սերբիայիՙ ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու նախապայմաններից է, ենթադրվում է, որ վերջինս նման կարգավիճակ կստանա արդեն դեկտեմբերին:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրինՙ հիշենքՙ չնայած կարգավորման գործընթացը շարունակվում է շուրջ երկու տասնամյակ, այն երբեւէ չի ընթացել «2+միջնորդներ» ձեւաչափով, որտեղ «2»-ը հակամարտության ուղղակի կողմեր Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն պետք է լինեին: Մինչդեռ, ինչպես վկայում են ե՛ւ Մերձդնեստրի, ե՛ւ Կոսովոյի օրինակները, ե՛ւ ընդհանրապես միջազգային փորձըՙ իրական կարգավորումը կամ նույնիսկ կարգավորման փորձերն անհնար են երկխոսության բացակայության պայմաններում: Պետք է դյուրահավատ լինել կարծելու համար, թե Բաքվում սա չեն գիտակցում: Մնում է եզրակացնել, որ ղարաբաղյան գործընթացում առկա վիճակն առավելագույնս համապատասխանում է Բաքվի իշխանավորների շահերին: Սակայն եթե միջազգային հանրությունը ցանկանում է իրական առաջընթաց ունենալ ղարաբաղյան խնդրում, թերեւս հնարավոր երկու լուծում կա: Առաջինՙ ավելացնել Բաքվի նկատմամբ տարաբնույթ ճնշումներն այնքան, որ վերջինս, ինչպես օրինակ, նույն Սերբիան կամ Մոլդովան, պատրաստ լինի «բարիդրացիական հարաբերություններ» հաստատելու ԼՂՀ-ի հետ: Երկրորդՙ ամեն կերպ նպաստել Ադրբեջանում իշխող վարչակարգի փոփոխությանն ու լիբերալ-դեմոկրատական կարգերի հաստատմանը: Առավել եւս, երբ Ադրբեջանի հարեւանությամբ այդքան ոգեշնչող գործընթացներ են տեղի ունենումՙ ի դեմս շարունակվող «արաբական գարնան»:

Հ. Ս.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4