Ընդգծելով, որ զբոսաշրջության ոլորտը կառավարությունը հայտարարել է գերակա ուղղություն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ վերջին տարիներին ոլորտը դինամիկ զարգացում է ապրում: Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ գրանցվել է 13.5 տոկոս աճ:
«Մեր կանխատեսումներով` մինչեւ տարեվերջ Հայաստան կայցելի 800.000 տուրիստ` 2010-ի 684.000-ի դիմաց: Կան բոլոր նախադրյալները, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում հասնենք «1 միլիոն զբոսաշրջիկի» շեմին», ասաց նախարարը: Սակայն մինչ զբոսաշրջիկին Հայաստան հրավիրելը, Դավթյանն անհրաժեշտ է համարում առկա խնդիրները լուծել: Նրա գնահատմամբ` ենթակառուցվածքների ձեւավորումը` օդանավակայաններ, ճանապարհներ, հյուրանոցներ, առաջնահերթ հրատապության հարց է: Թեեւ վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ դրական տեղաշարժեր են արձանագրվել, սակայն անելիքներ դեռ կան:
Հայաստանն այն երկրների շարքին է դասվում, որոնց հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծ է, սակայն, ի տարբերություն տարածաշրջանի այլ զբոսաշրջային կենտրոնների, մեզ մոտ զբոսաշրջային փաթեթները թանկ են: «Նոյյան տուր» զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչ Սոֆի Սարգսյանի ներկայացմամբ` զբոսաշրջիկին հատկապես հետաքրքրում են ֆոլկլորը, հայկական ընտանիքի կենցաղավարությունը, հայկական խոհանոցը, բնությունը, ճարտարապետությունն ու պատմությունը: «Սակայն տուրփաթեթները թանկ են: Մեկնարկում է լեռնադահուկային սեզոնը եւ Հայաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ հատկապես Ռուսաստանից: Սակայն 1-շաբաթյա տուր փաթեթը 2 անձի համար արժե 1000 դոլար, իսկ Վրաստանում նույն փաթեթն արժե 600 դոլար: Թուրքական առաջարկներն էլ առավել էժան են, քան հայկականը»:
«Ռումեա» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկնաբանությամբ` զբոսաշրջության զարգացմանը խանգարում են ոչ բավարար ենթակառուցվածքները: «Նախընտրում են 4-5-աստղանի թանկարժեք հյուրանոցներ կառուցել, մինչդեռ զբոսաշրջիկը գերադասում է պարզ, հասարակ ու մատչելի գին ունեցող համարներ: Ճանապարհներին խնդիր են առաջանում սանհանգույցների հետ կապված, ուստի պետությունը պետք է ստիպի բենզալցակայաններինՙ պատշաճ սանհանգույց ունենալ»: Խնդիրներին զուգահեռ, Գրիգորյանի հավաստմամբ, թեպետ հոկտեմբերին տուրիստական սեզոնն ավարտվում է, հայաստանյան հյուրանոցները դեռ լեփ-լեցուն են:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը շեշտում է` զբոսաշրջության ոլորտում մասնագետների «սով» է: Դա է պատճառը, որ ոլորտը դանդաղ է զարգանում:
Զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է Սեւանում բարձրլեռնային կենտրոն ստեղծել: Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանի մեկնաբանությամբ` ծրագրի առաջին փուլը` տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ավարտվել է, հաջորդ տարի ծրագիրը կքննարկվի ներդնողների հետ: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 300 միլիոն եվրո: Կենտրոնը նախատեսված կլինի ինչպես մարզիկների, այնպես էլ անհատական եւ ընտանեկան տուրիզմի համար: Խաչատրյանի գնահատականով` Հայաստանում տուրիզմի զարգացման համար մեծ պոտենցիալ կա, եւ դրա համար անհրաժեշտ է միավորել պետության եւ մասնավոր հատվածի ջանքերը, որպեսզի զգալի արդյունքների հասնենք: Նա առաջարկում է քայլեր ձեռնարկել, որպեսզի երկրում տուրիզմը տարբեր հարթություններում զարգանա: «Մեր իրականությունում տուրիզմն ընկալվում է անհատական հանգստի նպատակով տուրիզմ, բայց ամբողջ աշխարհում զարգանում է նաեւ բիզնես տուրիզմը` սեմինարներ, միջազգային կոնֆերանսներ», ասաց նա` շեշտելով, որ Հայաստանն այս առումով բավական հետ է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ