«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահ Սարգսյանին ուղղված նամակի մասին «Ազգը» պատմել է: Անցած շաբաթ օրը Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, Գեղարքունիքի մարզում փաստորեն պատասխան էր հնչեցրել այդ նամակին. «Ինչպես գիտեք, մենք թափ ենք հավաքում, եւ մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրություններըՙ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որ այդ «հիմնականում» բառը հանվի: Այսինքն, դառնան միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, եւ հենց այդ պատճառով էլ բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքում, որոնք արժանացան մեր եվրոպական գործընկերների, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաեւ կոնկրետ գործողություններ ենք կատարում: Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն ուղղակի սեւացնելն ու այդ գործընթացը վնասելն է: Բայց կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլեւ բոլոր քաղաքական գործընթացներըՙ հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետեւ իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլՙ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակըՙ մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, եւ կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու: Ամեն ինչ նորմալ է լինելու: Չնայած այդ ամենին, գիտե՛ք, մենք երեկ պատասխանեցինք պարոն Հովհաննիսյանի նամակին եւ մեր կարծիքը հրապարակեցինք», ասել էր նա:

Երեկ այս պատասխանին պատասխանեց «ժառանգությունը»` հայտարարությամբ տարակուսանք հայտնելով եւ գնահատելով այդ արձագանքը «ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ ընդհանրապես ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա, եւ նշելով, որ նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին. «Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից եւ բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար», ասված է «ժառանգության» հայտարարության մեջ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4