«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


«ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ»

Կայացավ Մանվել Միկոյանի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը

Ես քայլելիս շատ եմ հոգնում,

քանզի մեծ է ծանրությունը,

ու շատ թեթեւ եմՙ թռչելու պատրաստ,

երբ բոլորդ ինձ հետ եք, իմ կողքին,

լսում եմ ձեր ձայները

եւ բացառիկ առիթ ունեմ

ես իրականում Ես լինելու:

Բանաստեղծ, լրագրող, «Լոռու մարզ» եւ «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր, «Ազգ» օրաթերթի Վանաձորի սեփական թղթակից, Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, երեք գրքիՙ «Շարունակվող մղձավանջ» (Երեւան, «Նաիրի» հրատ., 1991), «Անդրադարձներ (Երեւան, «Վան Արյան», 2001), «Որտե՞ղ են երաժիշտները» (Երեւան, «Վան Արյան», 2011) հեղինակ Մանվել Միկոյանը եւս մեկ անգամ առիթ ունեցավ «իրականում Ես լինելու», քանի որ նոյեմբերի 25-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպված նրա 50-ամյա հոբելյանին եւ վերջերս լույս ընծայված գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նրա վաստակն ու անձնային հատկանիշները գնահատող մտավորականներ, հյուրերՙ նրա ընկերները:

Մանվել Միկոյանի կենսագրությունն ստեղծագործ ինքնակայացման եւ տքնաջան նվիրումի կենսագրություն է, աշխատանքից երբեք չխուսափող մտավորականի կենսագրություն, ով լրագրողական գործի ծանրության տակ չդադարեց հավատարիմ մնալ իր պոետական կոչմանն ու մուսային. վկայում են նրանք:

Մ. Միկոյանը ծնվել է 1961-ի նոյեմբերի 5-ինՙ Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Երեւանում:

1983-ից ապրում է Վանաձորում: Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում: 1998-ից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991-իցՙ «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում: 1997-ից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը:Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982-ից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» եւ այլն): Վերը նշված երեք գրքի հեղինակ է:

Հայաստանի ժուռնալիստների (1994-ից) եւ գրողների (2002-ից) միությունների անդամ է:

1998-ին Մ. Միկոյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակինՙ այդ տարիներին տպագրված բանաստեղծական շարքերի եւ «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար:

2006-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ-2006» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրիՙ լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ: Նույն տարում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի գրողների միության հայտարարած կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին:

2009-ին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ: Նույն տարում նա արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին: Մ. Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն եւ անգլերեն լեզուներով: Այս տարի մշակութային ու հասարակական գործունեության ու մեծ վաստակի համար բանաստեղծ-լրագրողն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

- Հատկանշական է, որ նրա պոեզիան ժամանակի ճշգրտությամբ է դրվել մեր սեղանինՙ 10 տարին մեկ անգամ, ինչը խոսում է մեծ պատասխանատվության մասին պոեզիայի հանդեպ: Ոչ միայն բանաստեղծ, խմբագիր, ոչ միայն հասարակական գործիչ, այլեւ հայ մարդու կերպարՙ բացառիկ նվիրվածությամբ իր ժողովրդին ու ընտանիքին: Մանվել Միկոյանը Լոռվա տարածաշրջանումՙ Լոռվա պոետական կայսրության մեջ, շատ ավելին է, քան սոսկ տաղանդավոր բանաստեղծը: Նա նաեւ կազմակերպիչ է, խմբագիր: «Երկունք» գրական թերթը, որի հիմնադիրն ու խմբագիրն էՙ ազատորեն մրցակցում է մայրաքաղաքային գրական մամուլի հետ,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, հրապարակախոս Լեւոն Անանյանը: Նա հոբելյարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրըՙ հայ գրականության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյակի առթիվ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ իր անունից հոբելյարին շնորհավորեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանըՙ կարեւորելով նրա մեծ ներդրումը երիտասարդության մեջ գիր ու գրականության նկատմամբ սեր, ընթերցասիրություն սերմանելու, ինչպես նաեւ լրագրության ասպարեզում մեծ ներդրման համար: Նա Մ. Միկոյանին հանձնեց Լոռու մարզպետի շնորհավորագիրը եւ արժեքավոր նվեր. «Դուք անմնացորդ նվիրումով եք ծառայել մեր ժողովրդինՙ ստեղծելով գրական եւ լրագրողական կայուն արժեքներ, յուրովի զարգացնելով եւ նոր շունչ հաղորդելով գրական ու ժուռնալիստիկական ավանդույթներին...», մասնավորապես գրված է շնորհակալագրում: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ իր անունից հոբելյարին շնորհավորեց նաեւ քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:

- Վանաձորի մշակույթը շուրջ մեկդարյա տարեգրություն ունի, որի մեջ իր ուրույն տեղն ունի իմ ընկեր Մանվել Միկոյանը: Ես չեմ հիշում, թե երբ ենք ծանոթացել, սակայն գիտեմ, որ իրար հետ ուրախ ու դժվարին օրեր ենք կիսել: Շնորհակալություն, որ դու կաս,- ասաց նաՙ հանձնելով քաղաքապետի շնորհավորագիրը եւ նվեր:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի շնորհավորանքները եւ միության ամենաբարձր պարգեւըՙ «Հավատարիմ մասնագիտությանը» «Ոսկե մեդալը» հանձնեց միության վարչության անդամ, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը: Ինչպես նշեց նաՙ մեդալին մինչ օրս արժանացել են ընդամենը 3 երախտավոր եւ այժմ 4-րդըՙ Մ. Միկոյանն է: «Սպիտակի մտավորականներ» ՀԿ-ն նրան շնորհակալագրի է արժանացրել հայ ժամանակակից ժուռնալիստիկայի եւ գրականության ասպարեզում ներդրած ավանդի ու ծննդյան 50-ամյակի առթիվ: Վերջինՙ «Որտե՞ղ են երաժիշտները» գրքի մասին գրական մամուլում գրախոսությամբ էր հանդես եկել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Այվազյանը. նա ընթերցեց մի հատված հոդվածից:

Բանաստեղծին շնորհավորեցին նաեւ գրչակից ընկերներըՙ բանաստեղծուհի, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը, բանաստեղծներ Ռազմիկ Պողոսյանը, Սերո Անտոնյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը:

- Ինչպես Մ. Միկոյանն է մի առիթով ասել իր բանատողում, լրագրությունը մուսաների կառափնարան է, սակայն չմեղանչենք ճշմարտության դեմ, այդ նույն լրագրությունը նրան տվել է նաեւ դիտողականություն, վերլուծական հմտություն, հրապարակախոսական սուր ու ձաղկող պամֆլետիկ խոսք, որով աչքի է ընկնում իր պոեզիան,- ասաց Խ. Գասպարյանըՙ համառոտ անդրադառնալով նաեւ Մ. Միկոյանի պոեզիայի առանձնահատկություններին:

- Մանվել Միկոյան բանաստեղծին ինձ համար բացահայտեցի հատկապես վերջինՙ «Որտեղ են երաժիշտները» գրքից հետո. մեծ թռիչք է արված: Հանձին նրաՙ մենք աշխարհին ներկայանալի ինքնատիպ պոետ ունենք,- շնորհավորելով հոբելյարինՙ ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, «Նարցիս» ամսագրի խմբագրակազմի անդամ Արմեն Ավանեսյանը: Սրտառուչ էր նաեւ Վանաձորի գրողների մեծ բարեկամ, «Վան Արյան» հրատարակչատան տնօրեն, բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ Վիլյամ Պողոսյանի խոսքը, ով հանդիսանում է «Որտե՞ղ են երաժիշտները» գրքի հրատարակիչն ու հովանավորը:

Դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի գնահատմամբ Մ. Միկոյանն առաջին հերթին հայրենասեր քաղաքացի է, որ մեր իրականության մասին իր ապրումներն ու ճշմարիտ խոսքը պոեզիայի միջոցով բերեց գրականություն:

Բանաստեղծ-լրագրողին շնորհավորեցին եւ նվերներ հանձնեցին «Վան-Մեդ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Գագիկ Քալանթարյանը, գեղանկարիչներ Կարլեն Քոչինյանը, Գեւորգ Առաքելը, Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, գեղանկարիչ Վազգեն Բադալյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային կազմակերպության նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը կարդաց Մ. Միկոյանի «Դիետիկ ագռավներ» արձակ բանաստեղծությունը, իսկ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական քոլեջի դասախոս, կոմպոզիտոր Աիդա Ավետիսյանը անակնկալ էր պատրաստել հոբելյարի համար: Մ. Միկոյանի «Աշնան տերեւները...» բանաստեղծության բառերով երգահանը գեղեցիկ երգ էր գրել, ինչն էլ առաջին անգամ հնչեց վոկալ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Ապերյանի եւ Աննա Շիրոյանի կատարմամբ: Դաշնամուրի մոտ հեղինակն էր:

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի, «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Աթաբեկյանի, «Թռիչք» ՀԿ նախագահ Հովհաննես Նիկողոսյանի անունից բանաստեղծին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների խոսքեր հղեց դերասան, ասմունքող Իվան Անտոնյանըՙ հանձնելով «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի պատվոգիրը: Նա ասմունքեց նաեւ Մ. Միկոյանի գործերից: Ջիվան Սարգսյանը, որ վարում էր միջոցառումը, իր ասմունքով յուրօրինակ համ ու հոտ էր հաղորդում հանդիսությանը: Բազմաթիվ շնորհավորական նամակներից ընթերցվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի եւ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի ուղերձները, որոնցում գնահատանքի ջերմ ու անկեղծ խոսքեր էին ասված:

Ցերեկույթը դեռեւս երկար կշարունակվեր, քանի որ մասնակիցները բազմաթիվ էին, սրտի խոսք աել ցանկացողներըՙ եւս, սակայն ժամանակի սղության պատճառով խոսքը տրվեց հոբելյարին:

- Յուրաքանչյուր ձեռքբերման համար շնորհակալ եմ ծնողներիս, ընտանիքիս, ընկերներիս: Այսօր իսկապես եւս մեկ անգամ առիթ ունեցա Ես լինելու, քանի որ շրջապատված եմ իմ սիրելիներով,- ասաց նա:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4