Նոյեմբերի 28-ին, ժամը 00:00-ին մեկնարկեց «ArmNet Awards 2011» համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 3-ը, ժամը 18-ը:
Քվեարկելու համար պետք է բջջային հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ կոդը, որը նշված է http://www.armnetawards.am/ կայքում` յուրաքանչյուր կայքի հասցեի կողքը: SMS քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ հայկական ինտերնետի այցելուները Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ մի շարք այլ երկրներից: Երկրների ամբողջական ցանկը, յուրաքանչյուր երկրից քվեարկելու համար հատուկ կարճ համարը եւ կարճ հաղորդագրության արժեքը կարելի է գտնել ArmNet Awards 2011-ի պաշտոնական վեբ կայքում:
Քվեարկությամբ ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
«Armnet Awards 2011» ինտերնետային կայքերի մրցույթին այս տարի մասնակցում են 569 կայք, որոնցից ժյուրիի անդամները եւ հանրությունը կընտրեն հաղթողներին մրցույթի 8 անվանակարգերում: