«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2011-11-25 | #214, 2011-11-26 | #215, 2011-11-29


ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ստորեւ հրապարակվող հարգարժան գիտնականների ստորագրությամբ նամակն ուղարկվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանին, կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանին, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանին: Բարձրացված խնդրի կարեւորության գիտակցությամբ հրապարակելով սույն նամակըՙ խմբագրությունը պատրաստվում է ընթացք տալ նաեւ պատասխաններին:


Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները մեր ուշադրությունը հրավիրել են աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի դոկտորական ատենախոսության վրա (դրված համացանցում)ՙ ներկայացված պաշտպանության: Ելնելով իրավիճակի բացառիկությունիցՙ մենք գտնում ենք կարեւորՙ հայտնել բաց մեր կարծիքը:

Տվյալ ատենախոսությունը հակագիտական է թե՛ թեմայով, թե՛ հետազոտության մեթոդով, թե՛ եզրահանգումներով: Երկրագնդի, Լուսնի ուղեծրի ընդարձակումը Հաբլի կոսմոլոգիական օրենքով, ատոմների միջուկների ֆիզիկան եւ մութ էներգիան, սեւ խոռոչ առանց գրավիտացիոն դաշտիՙ անգրագիտության ցնցող օրինակներ են: Բնականաբար, հեղինակը մասնագետ չէ ո՛չ հարաբերականության տեսության, ո՛չ միջուկային ֆիզիկայի, ո՛չ դիտողական եւ ռելյատիվիստական կոսմոլոգիայի, ո՛չ մոլորակագիտության:

Ընդգծենք, մենք գործ ունենք ոչ թե գիտական վեճի կամ թույլ աշխատանքի, այլ հենց հակագիտական աշխատանքի հետ:

Հեղինակի հաճախակի հղումները Վ. Համբարձումյանին իրականում վարկաբեկում են գիտնականի հիշատակը:

Այն, որ աստղադիտարանի տնօրենը տարիներ շարունակ զբաղվել է հակագիտական գործունեությամբ, որ ատենախոսությունը երաշխավորվել է պաշտպանության աստղադիտարանի գիտական խորհրդի կողմից, որ հեղինակի հոդվածները հրատարակված են բացառապես ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրում, որի խմբագրության անդամ է հեղինակը, խոսում է իրավիճակի ավելի խոր արմատների մասին:

ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՎԱՀԱԳՆ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՄԱՏԻՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս
ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐԱ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա

19.11.2011 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4