Ինչպես «Ազգը» նշել էր նոյեմբերի 24-ի համարում, Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր կուսակիցների առջեւ ունեցած ելույթում անդրադարձել էր 1937-38-ի Դերսիմի իրադարձություններին: Թուրք պատմագրության մեջ որպես ապստամբություն բնութագրվող այդ իրադարձությունները նա որակել էր «Դերսիմի կոտորած» եւ ասել. «Եթե պետք է պետության անունից ներողություն խնդրել, ես կխնդրեմ ու խնդրում եմ»:
Ի դեպ, 2005-ին Դիարբեքիրում Թուրքիայի վարչապետը քրդերին էր դիմելՙ հայտարարելով. «Գիտեմ, որ բազմաթիվ անարդարությունների եք ենթարկվել: Դրա համար ես ներողություն եմ խնդրում մեր քուրդ քաղաքացիներից»: Թեեւ Դերսիմի կոտորածների համար զազաներից, իսկ անարդարությունների համարՙ երկրի քուրդ բնակչությունից վարչապետի ներողություն խնդրելը, այն էլՙ պետության անունից, բացառիկ է Թուրքիայի պատմության մեջ, սակայն դժվար է կռահել, թե ի՞նչ հետեւանքներ կունենա:
Համենայն դեպս, 2005-ին Թուրքիայում բնակչության մեկ քառորդը կազմող քրդերից վարչապետ Էրդողանի ներողությունն ամենեւին էլ չի բարելավել նրանց վիճակը, ոչ էլ հանգեցրել է սեփական պատմության հետ Թուրքիայի Հանրապետության առերեսմանը: Դա պարզապես Դերսիմի իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նախապայման է ստեղծել երկրում եւ պատճառ է դարձել, որ հարցը ակտիվ վերարծարծվի:
Դրանով հանդերձ, վարչապետ էրդողանի ներողության արձագանքները միանշանակ չեն Թուրքիայում: Օրինակ, Էրդողանին բուռն հակազդեցությամբ արձագանքել է «Թուրքական ձախակողմյաններ» հանդեսի հեղինակ Գյոքչե Ֆըրաթը: Նա, ինչպես նոյեմբերի 28-ին վկայել էր CNN-Turk-ը, «Թող դերսիմցիները ներողություն խնդրեն պետությունից» վերնագրով հոդվածում փաստորեն նոր կոտորածի կոչ է արել, գրելով. «Դերսիմցիների պապերը պետության դեմ ապստամբած դավաճաններ են: Զինված էին եւ ըմբոստացել էին, որ հիմնահատակ կործանեն թուրքական պետությունը: Ով դերսիմցիներ, իմացեք, որ ձեր պապերը, ինչպես PKK-ական դավաճաններն են անում, զինված ապստամբություն էին բարձրացրել ընդդեմ պետության, հետեւաբար մեր պետությունն էլ իրավացիորեն զենքով ոչնչացրել է նրանց: Լա՛վ է արել, դեռ ավելին պետք է արած լիներ: Այդ դեպքում արդեն իր պապի անունը հիշատակող հայրենիքի դավաճանի ոչ մի վաստակ մեր երկրում այլեւս չէր լինի: Այն տականքները, որոնք հետեւելով իրենց դավաճան պապերին, կարծում են, որ Դերսիմի չորրորդ ապստամբությունն են բարձրացնում, թող անհոգ լինեն, արժանանալու են իրենց պապերի ճակատագրին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ