ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը, քանի որ օրակարգի 4 հարցերից երկուսը վերաբերում էին Արարատի մարզին: Նիստից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց վերահսկողությամբ հայտնաբերված խախտումների ֆինանսական նկարագիրը, որը կրկին միլիոնավոր դրամներով էր թվագրվում:
Արարատի մարզպետարանում ստուգման արդյունքներով` քաղաքաշինության ոլորտում 2009-2010 թվականների 415 մլն դրամի շինարարության ծավալից ՎՊ -ն հսկիչ չափագրման է ենթարկել 249 մլն դրամը` արձանագրելով 24 մլն 300 հազ. դրամի խախտում: Դրանից 5,1 մլն դրամը ծավալային հավելագրումն է, որը պետք է վերականգնվի պետբյուջե, 17,3 մլն դրամն անորակ աշխատանքն է, որը լրացուցիչ աշխատանքներով պետք է վերականգնվի կամ ապահովվի գումարային վերադարձ բյուջե:1,8 մլն դրամի այլ բնույթի խախտումներ են տեղի ունեցել: Առողջապահության ոլորտում 50 եւ ավելի բաժնեմաս ունեցող ընկերություններում արձանագրվել է 14,5 մլն դրամի խախտում, որը նունպես ենթադրում է վերականգնում պետական բյուջե եւ մի մասով էլ ենթադրում է վերականգնում այդ ընկերությունների հաշվեհամարներին:
Կրթական ծրագրերի ուսումնասիրությունը 5,7 մլն դրամ խախտման թիվ է արձանագրել, որը նույնպես վերադարձ է ենթադրում բյուջե: 4,1 մլն դրամի խախտում տարբեր հողատարածքների վարձավճարային հավաքագրելիք գումարներ են:
Առանձին ուսումնասիրման առարկա են եղել հատկապես սոցիալական ծառայությունների գրասենյակները, որոնք նպաստ տվող կառույցներ են: Մասիսի տարածքային սոցիալական ծառայությունում 4,3 մլն դրամի, Արտաշատի տարածքային սոցիալական ծառայության գրասենյակում 5,8 մլն դրամի, Վեդիում 4,1 մլն դրամի, Արարատի սոցծառայության գրասենյակում շուրջ 1 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել:
Փաստորեն ավելի վաղ կենսաթոշակային համակարգի ստուգումներից եւ աղաղակող խախտումների հայտնաբերումից հետո ոլորտում խախտումները շարունակվում են, եւ ՎՊ-ում որոշել են հաջորդ տարի եւս շարունակել ստուգումները Հայաստանի սոցիալական ծառայությունների տարածքային մասնաճյուղերում` վերհանելու համար դրանց պատճառները եւ հասկանալու` ճի՞շտ են կազմում ցուցակները, ճի՞շտ են հաշվարկվում թոշակներն ու նպաստները, եւ ինչո՞ւ այսքան ստուգելուց հետո ոլորտում էլի բազմաթիվ են խախտումները. «Մենք առաջարկել ենք կառավարությանը որոշում ընդունել առ այն, որ նպաստների համակարգում հայտնաբերված խախտումները հետ վերադարձնեն պետական բյուջե տարածքային մարմինների աշխատակիցներն ու դրանց ղեկավարները, որ այլեւս որեւէ նպաստառուից գումար չգանձեն: Խնդիրը նաեւ ներկայացվել է հանրապետության նախագահին եւ նրա կողմից կա հստակ դրական մոտեցում այդ հարցին: Եթե պետական չինովնիկը չի կարողանում օրենքի կետը պահել, եթե օրենքի կետը չի կարողանում հարգել, բնականաբար պետք է հստակ պատասխանատվություն դրվի նրա վրա», խստացավ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը:
Համայնքներից ստուգվել են Արարատի մարզի Մասիս, Արմաշ, Արգավանդ, Հովտաշատ, Սուրենավան, Ոսկետափ, Նոր Խարբերդ, Նորաշեն, Գետափնյա համայնքները, որոնցում ցայտուն խախտում է եղել տարբեր բնույթի հարկերի չհավաքագրումը կամ թերի հավաքագրումը (գույքահարկ, հողի հարկ, այլ գումարների հավաքագրում)` մոտ 190 մլն դրամ չհավաքագրված գումարներ: Այս խախտումները համապատասխան վարչության եւ համայնքների ղեկավարների հետ քննարկվել են, պետք է ժամանակացույցով հավաքագրվեն համայնքների բյուջե եւ ծախսվեն համայնքի կարիքների համար:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը չընդունեց «Ազգի» այն մտահոգութունը, թե գուցե հարկերի հավաքագրումը հողօգտագործողների անվճարունակության արդյունք է (նկատի ունեինք բերքի իրացման եւ այլ դժվարություններ). ոչ, հող ունեցողն, ըստ մարզպետի, պետք է հարկերը վճարի:
Սոցներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրից ընդհանուր վերահսկվող գումարը 1 մլրդ դրամ է, հսկիչ չափագրում իրականացվել է 510 մլն դրամի սահմաններում: Այս ծրագրով երկրի տարբեր մարզերում շուրջ 16 օբյեկտ է ստուգվել եւ արձանագրել 33 մլն դրամի խախտման դեպք, որից 9,6 մլն դրամը վերականգնվող գումար է, պետք է փոխանցվի պետական բյուջե, 23,9 մլն-ը աշխատանքով է վերականգնվելու: Ի. Զաքարյանը նշեց, թե սոցներդրումների հիմնադրամի ծրագրերով արդեն երկրորդ ստուգումն է իրականացվում, այդ առումով դրական միտում կա, բայց դեռ խախտումներ տեղի են ունենում:
«Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում 12 մլն դրամի եւ 4700 եվրոյի խախտման դեպք է արձանագրվել, որն ամբողջությամբ ենթակա է վերականգնման կամ պետբյուջե, կամ ընկերության հաշվին: