Հավանաբար հաշվի առնելով, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այս օրերին արտասահմանյան շրջագայության մեջ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, նաեւ վերջինիս փոխարինող Ժակ Ֆորը, Ստեփանակերտում չեղան: Իսկ Հայաստանից Ադրբեջան գնացին Տավուշի մարզի եւ ադրբեջանական Ղազախի շրջանի սահմանն անցնելով: Ըստ «ԱՊԱ» գործակալության, արդեն Ղազախում ֆրանսիացի դեռեւս գործող համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Մենք մեր այցելության դեռ կեսին ենք հասել: Ինչպես գիտեք, հանդիպումները սկսում ենք մի երկրում, մյուսում ավարտում ենք: Մենք այցելեցինք Հայաստան, հանդիպեցինք նախագահին, ԱԳ եւ պաշտպանության նախարարներին ու այս անգամ Ադրբեջան մտանք ոչ թե Ղարաբաղից, այլ հայ-ադրբեջանական սահմանից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այստեղ լարվածությունն ավելի նվազ է, քան շփման գծում: Ղազախից մենք ուղղաթիռով կմեկնենք Բաքու, որտեղ կհանդիպենք նախագահին, ԱԳ եւ պաշտպանության նախարարներին»:
Երեկոյան արդեն Մինսկի համանախագահ եռյակին, տվյալ պարագայում` «քառյակին», Բաքվում ընդունել է նախագահ Ալիեւը: Ֆասիեն ադրբեջանական կողմին եւս ներկայացրել է նոր ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին:
Այս ամենում, քանի դեռ համանախագահները Բաքվի հանդիպումներից հետո հայտարարությամբ հանդես չեն եկել, որը կարող է լինել անգամ տարեկան զեկույց, ուշագրավ է Ֆասիեի հստակ սահմանազատումը` «հայ-ադրբեջանական սահմանը» «շփման գծից», այսինք` ղարաբաղա-ադրբեջանական սահմանից: Ուշագրավ է այն առումով, որ, փաստորեն, ֆրանսիացի գործող համանախագահի համար հայ-ադրբեջանական սահմանն ամենեւին էլ «շփման գիծ չէ», ինչպես ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները` ամեն անգամ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնելով որպես «հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտություն»:
Հ. Ա.