ԼՂՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Արա Հարությունյանը գոհունակություն է հայտնել նոյեմբերին կայացած համազգային դրամահավաքի արդյունքների առթիվ` նշելով, որ հայ ժողովուրդն իրոք հետաքրքրված է հայրենիքի ճակատագրով եւ իր հնարավորություններով նպաստում է երկրի զորացմանը, ինչը պետք է շարունակական բնույթ կրի:
Նիստի գլխավոր թեման գալիք տարվա բյուջեն էր, որի նախագիծը ներկայացրել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը : Ըստ զեկուցողիՙ 2012 թվականին եկամուտների գծով նախատեսվում է 65 մլրդ 103 մլն 572,4 հազար դրամ, ծախսերի գծով` 70 մլրդ 320 մլն դրամ: Պակասուրդն ըստ այդմ կկազմի 5 մլրդ 216 մլն 427,6 հազար դրամ: Նախորդ տարվանից ավելի շատ միջոցներ են ներդրվելու գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, սոցիալական եւ այլ ոլորտներում: Բարձրացվելու են բուժաշխատողների, գյուղատնտեսության մասնագետների, քաղծառայողների աշխատավարձերը, իսկ պետական համակարգի աշխատողների համար կկիրառվի սոցիալական օգնության փաթեթ: Ս. Թեւոսյանի մատուցմամբ` գալիք տարվա բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատանքի ու տնտեսության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Վարչապետ Ա. Հարությունյանը նիստի վերջում մեկնաբանություն է տվել պետբյուջեի նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով, բյուջեն կազմվել է կառավարության գործունեության ծրագրին համապատասխան, որն էլ բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից: Առաջիկա տարիների համար նախատեսվում է ՀՆԱ-ի մինչեւ 11 տոկոս աճ, հավաստիացրել է վարչապետը` հավելելով, որ բարելավվել է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը: Ա. Հարությունյանը նշանակալից ձեռքբերում է համարել Արցախում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշը ՀՀ նույնանուն տվյալին հավասարվելը: Անդրադառնալով բնակարանային շինարարությանըՙ նա տեղեկացրել է, որ վերանայվելու են բնակարանային վարկավորման ձեւերը` բնակչության համար դրանք ավելի մատչելի դարձնելով:
Նոր բյուջեով նախատեսված` 5,3 տոկոսի չափով ավելացումները գործադիրի ղեկավարը լավ ցուցանիշ է համարել` միաժամանակ շեշտելով, որ այն պետք է ծառայի սահմանված նպատակներին: Ճիշտ կառավարման դեպքում կարելի է մի շարք ծախսեր կրճատել ու ավելի խնայողական լինել, հատկանշել է վարչապետը: Նրա գնահատմամբ, 2012-ը տնտեսական առումով ծանր տարի է լինելու, ուստի պետք է խստիվ կերպով ֆինանսական կարգապահություն պահպանել: Այդ կապակցությամբ Ա. Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ հիշյալ պահանջադրությունից չպիտի տուժի մասնավոր (գործարար) հատվածը, եւ որ կարգապահության պահանջը չի պարունակում կոնկրետ հանձնարարականներ հարկատուների նկատմամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ