Այլՙ ահաբեկչական գործողություններում Սիրիայի «ազատ բանակին» խրախուսելը
Ինչպես «Ազգը» տեղեկացրել էր նախորդ համարում, Արաբական լիգան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ ընդունեց պատժամիջոցների փաթեթ: Սա այս կազմակերպության պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, որովհետեւ իր անդամներից որեւէ մեկի նկատմամբ պատժամիջոցի չէր դիմել: Թերեւս պատժամիջոցներին դեմ են եղել Լիբանանն ու Իրաքըՙ հրաժարվելով կատարել լիգայի հակասիրիական պահանջները:
Թեեւ Թուրքիան Արաբական լիգայի անդամ չէ, սակայն, ի դեմս փոխվարչապետ Ալի Բաբաջանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, ե՛ւ կազմակերպության նիստին է մասնակցել, ե՛ւ պաշտպանում է Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման որոշումը: Որքան էլ Արաբական լիգան հայտարարի, թե պատժամիջոցներն ուղղված են Ասադի վարչակարգի դեմ, դրանք, լինելով տնտեսական, անդրադառնալու են հենց սիրիական ժողովրդի վրա:
Սակայն Արաբական լիգայի խնդիրը ամենեւին էլ սիրիական ժողովուրդը չէ: Որքան էլ պատժամիջոցների կիրառման որոշումը պայմանավորվի Ասադի վարչակարգի բռնարարքներով, որոշմանը կողմ քվեարկած երկրները Սիրիայում ժողովրդի ազատության կամ ժողովրդավարության հաստատման խնդիր էլ չունեն: Նրանք ոչ էլ ի վիճակի են ունենալու դեպքում նպաստել այս խնդիրների կարգավորմանը:
Ժողովրդի ազատության եւ ժողովրդավարության հասկացությունները միանգամայն խորթ են Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման որոշում ընդունած երկրներին: Ավելին, այս երկրներից Սաուդյան Արաբիան է ապաստան տալիս համաժողովրդական հեղափոխության հետեւանքով Թունիսում պաշտոնանկ արված Զեյնալ Աբիդին բեն Ալին: Շնորհիվ Սաուդյան Արաբիայի աջակցության, երկրից վտարված Սալեհը վերադարձել է Եմեն, որտեղ չեն դադարում ժողովրդի դեմ հալածանքներն ու բռնարարքները: Եթե սաուդյան զորքերը տանկերի ուղեկցությամբ չներխուժեին Բահրեյն հաշվեհարդար տեսնելու համար ցուցարարների հետ, գահընկեց կարվեր Բահրեյնի սուլթանը եւ կտապալվեր նրա բռնատիրական վարչակազմը:
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, թեեւ այնտեղ Հոսնի Մուբարաքի իշխանությունը տապալվեց, սակայն իշխանության եկավ Մուբարաքի 30-ամյա բռնատիրության համար պատվարի դեր կատարած բանակը, որը ոչ միայն չի հեռանում, այլեւ ամենաբիրտ միջոցներով ճնշում է երկրում բանակի իշխանության դեմ ընդվզող ժողովրդին: Համենայն դեպս, զինվորական իշխանությունները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում 40-ից ավելի ցուցարար են սպանել «Թահրիր» հրապարակում:
Թուրքիան պետական կառուցվածքի առումով, ինչ խոսք, տարբերվում է արաբական երկրներից, սակայն նա էլ մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների հետ երկրի էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքների սահմանափակման լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Էլ չենք խոսում երկրում քրդական հարցը քրդերին ճնշելու միջոցով լուծելու դրսեւորումների, PKK-ի հետ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող բախումների, սեփական պատմության հետ առերեսման խնդիրների, Կիպրոսի հիմնահարցի եւ սահմանակից Հայաստանին շրջափակելու, ավելին` այդ շրջափակումը երրորդ երկրով պայմանավորելու մասին:
Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Արաբական լիգայի որոշումն ու որոշման առնչությամբ այս կազմակերպությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: Ըստ երեւույթին, տարածաշրջանում Սիրիային լիակատար մեկուսացնելու, մեկուսացման պատասխանատվությունը նախագահ Ասադի վրա բարդելու, այսպիսով ժողովրդական զանգվածներին գործող վարչակարգի դեմ հակադրելու նկրտումներով:
Հատկանշական է, որ մինչ Արաբական լիգան Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման որոշում էր ընդունում, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն էլ նախագահ Ասադի վարչակարգին մեղադրում էին մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ: Ի դեպ, նախքան Լիբիայի ռմբակոծումը, մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվել էր նաեւ Մուամմար Քադդաֆին:
Սակայն Սիրիայում այլ իրավիճակ է: Բոլորովին այլ է նաեւ Սիրիայի միջազգային դրությունը: Եթե Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով Արեւմուտքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ի վիճակի չեղավ Սիրիայի դեմ պատժամիջոցների որոշում ընդունել, առավել եւս չի ընդունի ռազմական միջամտության որոշում: Բայց որ կարելի է նախագահ Ասադի վարչակարգին մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ մեղադրելով ռազմական մոտալուտ միջամտության պատրանք ստեղծել, ակնհայտ է: Արեւմուտքի ստեղծած այս պատրանքի համադրությունը Արաբական լիգայի պատժամիջոցների հետ ահաբեկչական գործողություններում կխրախուսի Սիրիայի «ազատ բանակին», փոխարենը այս բանակի ահաբեկչությանը հակահարված տալու հարցում միանգամայն կկաշկանդվի մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվող վարչակարգը:
Այլ կերպ, այն, ինչին Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները չեն հասել ՄԱԿ-ի Անվտանգության միջոցով, փորձում են հասնել Արաբական լիգայի պատժամիջոցներով: Դրանք համադրվում են Սիրիայի գործող իշխանություններին հասցեագրված մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով, որպեսզի սահմանափակվեն Սիրիայի «ազատ բանակի» դեմ գործելու նախագահ Ասադի հնարավորությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ