Նոր գիրք 2 պրոֆեսորների համահեղինակությամբ
Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ լույս է ընծայել մի նոր գիրք օսմանյան կառավարության առաջնորդների հետպատերազմյան դատավարության մասին: Պրոֆեսորներ Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի առաջին համատեղ հեղինակությամբ հրատարակված հատորը կոչվում է «Դատավարություն Ստամբուլում: Հայերի ցեղասպանության դատավարությունները», որը ներառում է անզուգական մանրամասներ մարդկության դեմ գործված աննախադեպ ոճրագործության ծրագրման եւ իրականացման վերաբերյալ:
Երկար տարիների համատեղ ուսումնասիրությունների արդյունք հատորը առաջին անգամ անգլերեն լեզվով ներկայացնում է դատավարությունների ամբողջական արձանագրությունները, որոնք պատմականից բացի ներկայացնում են նաեւ իրավական նշանակություն:
«Գիրքը կարեւոր է երկու առումներով: Առաջինը, որ ամբողջապես հիմնված է թուրքական բնագրային փաստագրումների վրա, երկրորդ, որ պատմական մեկնաբանություն չէ, ինչպես այլ գրքեր ցեղասպանության վերաբերյալ, այլ ներառում է բարձրաստիճան օսմանյան պաշտոնյաների երդմամբ հնչեցրած խոստովանություններն այդ ծանրակշիռ ոճրագործության վերաբերյալ», նշել է Վահագն Տատրյանը գրքի լույս ընծայման առթիվ:
Իսկ Թաներ Աքչամն ավելացրել է. «Մինչ կառավարական պաշտոնական գրառումներն ընդամենը 12 դատավարություն են նշում, մենք 14 տարբեր թերթերից տեղեկություն ենք քաղել, որ իրականում 63 դատավարություն է տեղի ունեցել: Այդ բոլորը ի մի բերելը չափազանց աշխատատար էր»:
«Զորյան» ինստիտուտում այժմ ստեղծվել է «Գիտելիքի համընդհանուր մարմին կամ կենտրոն», որտեղ հավաքվում են բոլոր նյութերը:
Հ. Ծ.