Միկրոավտոբուսների թիվը կկրճատվի, ավտոբուսներինը` կավելանա
Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են քաղաքապետի խորհրդականները, քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ընկերությունների եւ Երեւանի հասարակական տրանսպորտի կառավարման հանձնաժողովի անդամները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի հիմնական ուղղություններն ու ռազմավարությունը: Քաղաքապետի խորհրդական Արտաշես Առաքելյանի մեկնաբանությամբ` նոր ցանցը մշակվել է ներկայի հետ համեմատական վերլուծությունների հիման վրա: Հաշվի են առնվել միջազգային տարբեր կառույցների իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Նոր ցանցի հիմնական ռազմավարությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները բեռնաթափելն ու միկրոավտոբուսներից ավտոբուսներին աստիճանական անցում կատարելն է: Ըստ այդմ, եթե այսօր 30 երթուղիներում շահագործվում է 350 ավտոբուս, ապա նոր ցանցում ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսվում է ավելացնել 16-ով, իսկ ավտոբուսների թիվը` 300-ով: Նոր ցանցով նախատեսվում է կրճատել միկրոավտոբուսների թիվըՙ 109-ից հասցնելով 75-ի: Այդ կերպ 800 միավորով կնվազի միկրոավտոբուսների քանակը: Առաջարկվող նոր ցանցը նաեւ միտված է երթուղիների առավել արդյունավետ շահագործմանը:
Տարոն Մարգարյանը աշխատանքային խմբին հանձնարարել է երթուղային նոր ցանցում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերի աշխատանքին: Քաղաքապետը հասարակական տրանսպորտի աշխատանքը գնահատել է ոչ գոհացուցիչ: «Երեւանցիների դժգոհությունը հիմնականում առավոտյան 8 անց 30-ից մինչեւ 10-ի եւ երեկոյան 18-ից մինչեւ 21-ը ժամանակահատվածում իրականացվող տրանսպորտային փոխադրումներից է: Երթուղային ցանցն անհրաժեշտ է այնպես կառուցել, որ քաղաքացիները երթեւեկության ծանրաբեռնված ժամերին երթեւեկելու դժվարություններ չունենան», ընդգծել է քաղաքապետը:
Հ. Հ.