«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ԽԹԱՆՆԵՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Մտահոգություններՙ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության բարձրացման պարտադիր պահանջի վերաբերյալ

«Էներգետիկայի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ է նախապատրաստվում իրականացնել Հայաստանի կառավարության առաջիկա նիստում: Ըստ փոփոխություններից մեկիՙ հստակեցվում է, թե ոլորտում գործունեության որ տեսակները կարգավորման ենթակա չեն լինի: Մասնավորապես, այդ դեպքում կարգավորման ենթակա չեն լինի բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրությունից բացի, նաեւՙ բացառապես սեփական կարիքների համար ջերմաէներգետիկայի ոլորտում նոր արտադրական հզորությունների (ներառյալ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցումը, ջերմային էներգիայի արտադրությունը, փոխադրումը եւ բաշխումը, ջերմաէներգետիկայի ոլորտում նոր արտադրական հզորությունների (բացառությամբ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցումը, ջերմային էներգիայի արտադրությունը, փոխադրումը եւ բաշխումըՙ եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5,8 ՄՎտ-ը, մինչեւ 150 ԿՎտ (ներառյալ) հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցումը:

Վերոնշյալը նշանակում է, որ խթաններ կստեղծվեն ջերմամատակարարման (հիմնականում կենտրոնացված ջերմամատակարարման) եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար: Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ ներկայումս ջերմամատակարարման եւ արեւային էներգետիկայի ոլորտներում չեն արձանագրվում դրական նշանակալից զարգացումներ: Եթե այս փոփոխության վերաբերյալ ոչ մի գերատեսչությունից առարկություն չի ներկայացվել, ապա մյուս առաջարկության վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունն առարկել է:

Խոսքն այն մասին է, որ Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, («Հայաստանի էլեկտրական ցանցերը») յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, երկամսյա ժամկետում, հանձնաժողովի սահմանած կարգով, հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի նախորդ տարվա անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները եւ ճշգրտման անհրաժեշտության դեպքում, անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների վերանայման մասին առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Այսինքն, հանձնաժողովի համաձայնեցմանը պետք է ներկայացվեն համակարգի հուսալիության բարձրացման ներդրումային ծրագրերըՙ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար:

Էկոնոմիկայի նախարարության կարծիքով, վերոնշյալ գործառույթների իրականացման համար կատարված ծախսերը սակագնի մեջ ներառելը հիմնավորված չէ, ինչը բացասական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա:

Սակայն էկոնոմիկայի նախարարության այս առարկությունը կառավարության կողմից չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ օրենքի այդ փոփոխությունը գործարար միջավայրի վրա ընդհանրապես ազդեցություն չի թողնի, քանի որ խոսքը միայն մեկ կազմակերպության պարտավորությունների մասին է եւ որ այն չի նշանակում սակագնի միանշանակ ավելացում: Մինչդեռ պարտադիր պահանջ է դառնալու էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության բարձրացման միջոցառումների մշտական իրականացումը, որը մինչ այդ պարտադրված չէր:

Անշուշտ, էկոնոմիկայի նախարարության այն մտահոգությունը, որ դա կարող է սակագնի բարձրացման պատճառ դառնալ, հավանական է: Սակայն, մյուս կողմից, չի կարող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» սակագնի բարձրացման առաջարկ ներկայացնել այն պատճառաբանությամբ, որ մինչ այդ համակարգի հուսալիության վրա ծախսեր կամ չէր կատարում, կամ քիչ էր կատարում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4