Երեկ հայտարարություն էր տարածել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը : Հայտարարության շեշտադրումները հավանաբար արձագանքն են Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի հանրահավաքում ԲՀԿ-ին ուղղված մեսիջների վերաբերյալ մամուլի բուռն արձագանքին եւ տարբեր ելակետերից արվող վերլուծություններին: Հայտարարության մեջ ասված է. «Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում: Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին: Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես ինքը որակեցՙ ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներում: Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները, այդ թվում նաեւ առաջին նախագահը: Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական քայլերից եւ չխաղալ կրակի հետ: Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը, եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը»:
Եվ ապա մամուլի տարբեր, իր խոսքով` ստահոդ հայտարարություններին պատասխանելով` Ն. Զոհրաբյանը երկու տարի առաջ Գ. Ծառուկյանի գրասենյակի հնչեցրած պաշտոնական հայտարարությունից եւս մեջբերում է արել` նորացնելով դա այս պահի համար. «Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը որեւէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ եւ ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»:
Մ. Խ.