Խմբագրությունը երեկ նամակ է ստացել գործարար Բորիս Սողոմոնյանից , որտեղ նա քննադատել է սննդի անվտանգության ծառայությանը եւ նրա ղեկավար Աբրամ Բախչագուլյանին: Ըստ գործարարիՙ Աբրամ Բախչագուլյանը «նոյեմբերի սկզբին ըստ երեւույթին շինծու գործ է բացել եւ լրատվամիջոցներով վարկաբեկել Հրազդանում գտնվող «Արմֆուդ» փոքր ձեռնարկությանը»: Այդ ժամանակ տեղեկություն տարածվեց, որ այս ընկերության արտադրած կաթում ստաֆիլակոկ, իսկ ապա աղիքային ցուպիկի խումբ էր հայտնաբերվել: Մինչդեռ Բորիս Սողոմոնյանը հավաստիացնում է, որ «մինչեւ օրս Բախչագուլյանի ղեկավարած մարմինը թաքցնում է լաբորատոր հետազոտության ակտը եւ չի պարզաբանել, թե հատկապես ով է այդ կաթից տուժող անձը»:
«Արմֆուդ» ձեռնարկության տնօրեն Բորիս Սողոմոնյանը սեփական արտադրության կաթը թե՛ հում եւ թե՛ պաստերիզացված ու մանրէազերծված վիճակում վերջին շաբաթներին ստուգման է հանձնել 3 տարբեր լաբորատորիաներում, որոնցից երկուսը չեն հայտնաբերել վերոնշյալ մանրէներից ոչ մեկը: Իսկ նշված պետական ծառայության լաբորատորիան առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերել, ապա պարզելով, որ հանձնողը Բորիս Սողոմոնյանն է, երկրորդ եւ երրորդ անգամ արձանագրել է մանրէների առկայություն, ինչը մյուս լաբորատորիաները չեն հայտնաբերել», ասված է մեզ տրամադրած հաղորդագրության մեջ:
Ըստ գործարարիՙ այստեղ գործ ունենք պաշտոնի չարաշահման սկանդալային փաստի հետ, որն արդեն իսկ մեծ նյութական վնաս է հասցրել իրեն: Բորիս Սողոմոնյանը պատրաստվում է քայլեր ձեռնարկել պետական մարմնի կամայական ու իրավախախտ գործողությունների դեմՙ նյութական ահռելի վնասի փոխհատուցման եւ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջների մասին:
Ա. Մ.