Թեեւ 90-ականների վերջերից արդյունաբերության առանձին ճյուղերիՙ (ադամանդագործություն, սննդարդյունաբերություն) զարգացման ծրագրեր պետության կողմից իրականացվեցին, բայց արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր չկար: Այն ստեղծվեց միայն այս տարի եւ արդեն անցել է քննարկումների որոշակի փուլ: Այս փաստաթուղթը կքննարկվի նաեւ մոտ օրերս սպասվող Հայաստանի հանրապետական կուսակցության տնտեսական սեմինարի ժամանակ, որին մասնակցելու են նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
«Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարությամբ» ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնք կստանան պետության օժանդակությունը, նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել տնտեսության արտահանելի հատվածը: Ընտրված ճյուղերն ենՙ կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Վերոնշյալ ճյուղերի ապրանքների արտահանումը 2015-ին ակնկալվում է հասցնել 700-900 մլն դոլարՙ ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն:
Առաջին փուլի համար ընտրվել է 3 ճյուղՙ կոնյակագործություն, դեղարտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Պետական աջակցությունը կլինի ինչպես ընդհանրական, այնպես էլ ըստ ոլորտային առանձնահատկությունների:
Ճշգրիտ ճարտարագիտությունը օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական եւ մեքենաշինական արտադրանք թողարկող ճյուղն է: Ներկայումս Հայաստանում այս ճյուղի ձեռնարկություններն արտադրում են տարբեր տեսակի չափիչ, ստուգող, ջերմակարգավորիչ, օպտիկական, լազերային սարքեր, բժշկական եւ արդյունաբերական նշանակության գերկարծր եւ բարձր ճշգրտության գործիքներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, կապի միջոցներ եւ համակարգեր, աճեցնում բյուրեղներ: Ճշգրիտ ճարտարագիտությունը ներկայացնող ձեռնարկությունների թիվը 60-70-ն է, որտեղ աշխատում են մոտ 4000 մարդ: Այս ձեռնարկությունները թողարկում են 35 մլն դոլարի արտադրանք, որից 17 մլն դոլարն արտահանվում է (2010-ի տվյալներով):
Երկու փուլովՙ մինչեւ 2015-ը եւ մինչեւ 2020-ը, նախատեսվում է իրականացնել ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը: Մասնավորապես, մինչեւ 2015-ը նախատեսվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում «Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միջոցով, ֆինանսական աջակցություն նորարարական բիզնես նախագծերին, վենչուրային ֆինանսավորում, ներդրումային ծրագրերի եւ արտահանման ֆինանսավորում, կրթական եւ հետազոտական կարողությունների զարգացում, շուկաներ մուտք գործելու աջակցություն:
2015-ին ոլորտի արտահանումը պետք է կազմի 50-95 մլն դոլար, աշխատողների քանակըՙ 5-6 հազար, կատարված ներդրումներըՙ 40-85 մլն դոլար: Այդ ժամկետում պետք է ստեղծված լինեն «Մարսի» ազատ տնտեսական գոտին, ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա տեխնոպարկը, լաբորատորիաներն ու կրթական կենտրոնները:
Երկրորդՙ 2015-2020 թթ. փուլում պետության համար արդեն թիրախ է դառնում խոշորագույն անդրազգային կորպորացիաների հետազոտությունների եւ մշակումների կենտրոնների հիմնումը Հայաստանում, հայկական ճարտարագիտական համալսարանի տարածաշրջանային-միջազգային դարձնելը, ճարտարագիտական նոր ուղղությունների խրախուսումը, ոչ ԱՊՀ երկրներ արտահանման խրախուսումը, Հայաստանը որպես ճարտարագիտական երկիր աշխարհին ներկայացնելը եւ այլն: 2020-ին ակնկալվում է ճշգրիտ ճարտարագիտության ճյուղի արտահանումը հասցնել 165-300 մլն դոլարի, աշխատողների քանակըՙ 8-9 հազարի, ներդրումներըՙ 155-285 մլն դոլարի: Փաստորեն, ոլորտի արտահանման ծավալներն առաջիկա 9 տարիներին պետք է ավելանան 10-18 անգամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ