«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


«ԵՐԱԶՆԵՐՈՒՄ ԳԱՆՁԱԿՆ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Մեր վերքերը չեն ապաքինվել

1988-ի նոյեմբերի 21-27-ը Գանձակում (Կիրովաբադ) Սումգայիթը կրկնելու փորձ արվեց, սակայն քաղաքում, ուր ապրում էր 45.000 հայ, կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մեծ թվով զոհերից: Ամեն դեպքում հայերը ստիպված էին լքել իրենց հայրենի քաղաքը, ամեն ինչ թողնել ու հեռանալ: Գանձակի հայերի ինքնապաշտպանությունը ըստ էության ազգային ազատագրական պայքարի եւ Արցախում հայ ժողովրդի մեծ հաղթանակի նախակարապետ դարձավ: Ոչ ամբողջական տվյալների համաձայնՙ 7 օրվա ընթացքում քաղաքում սպանվել է 18 մարդ, վիրավորվել 74-ը, անհայտ կորել 60-ը:

Գանձակի հերոսական ինքնապաշտպանության մասին երեկ խոսեցին ինքնապաշտպանության մասնակից Ջուլիետա Երեմյանցը եւ «Ահազանգ» փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Օգանեզովը:

«Ե՛վ կոտորեցին, ե՛ւ թալանեցին, ե՛ւ բռնաբարեցին: Մեր խումբը ստեղծվեց հենց առաջին օրը, 18 հոգի էինք, հետո ավելացանք: 21-ի եւ 22-ի գիշերը մենք արդեն պատրաստ էինք ամեն ինչի, փողոցներով ոչ մի թուրք չէր անցնում: Հարձակումը սկսեցին «Թուրքի չաստ» կոչվող թաղամասից, ուր հայերը քիչ էին ու պաշտպան չունեին: Իսկ «Հայի չաստ» կոչվող թաղամասում ժողովուրդն ավելի համախմբված էր: Կապ հաստատեցինք պարետ Պյոտր Պոլյախի հետ: Պոլյախին միջնորդեցինք թույլտվություն տալ ադրբեջանական թաղամասերից գիշերով հայերին դուրս բերելու համար: Առաջին գիշերը մեզ հաջողվեց դուրս բերել մոտ 70 ընտանիք, որոնց տեղափոխեցինք եկեղեցի», ասաց Գրիշա Օգանեզովը :

«Այդ օրերին ձեւավորվեց մեր հասարակական կազմակերպությունը, որ կոչվում էր նախաձեռնողական խումբ: Ինչպես հայտնի է պատմությունից, դժվար պահին մեր ժողովուրդը ապաստան է գտնում եկեղեցում: Նույնը կատարվեց նաեւ նոյեմբերյան օրերին Գանձակում: Ժողովուրդը հավաքվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` զանգերի ձայնով: Այդ օրերին եկեղեցին դարձավ ե՛ւ հիվանդանոց, ե՛ւ ծննդատուն»:

Տիկին Ջուլիետան հավելեց, որ Հայաստանի բնակչության ու կառավարության հոգեբանական ու նյութական օգնության շնորհիվ է նաեւ, որ քիչ զոհեր եղան: Սակայն նա ցավով է հիշում, որ իրենց ծննդավայրն են թողել, տներն ու հարազատների շիրիմները: «Այսօր Գանձակում այդ շիրիմները չկան, իսկ մեր Սուրբ Հակոբ եկեղեցու դուռը ջարդել են, խաչը հանել ու աղբ են լցնում: Մեզ ամեն անգամ ասում են, թե ամեն տարի գնալով Ծիծեռնակաբերդ ի՞նչ պետք է փոխվի: Իսկ ես ասում եմ, գնում ենք, որովհետեւ հիշում ենք, գնում ենք, որ մեր սերունդները նույնպես հիշեն: Չէ՞ որ եթե մոռանանք, այլեւս չենք կարող պայքարել: Ճիշտ է, Հայաստանը մեր հայրենիքն է, բայց հարազատ ծննդավայրի կարոտը երբեք չես մոռանա: Մինչեւ այսօր երազներում Գանձակն եմ տեսնում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4