«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ 22 ՏՈԿՈՍԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ, ԻՍԿ 15.2 ՏՈԿՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը 15-25 տարեկան երիտասարդների շրջանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու, թե նրանք ինչպես են վերաբերվում ընտրություններին, կուսակցություններին եւ առհասարակ քաղաքականությանը: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքներըՙ սոցիոլոգը շեշտում է, որ հարցվածների 67 տոկոսի համար կյանքի ամենակարեւոր արժեքն ընտանիքն է: 18.3 տոկոսի համար առաջնայինն աշխատանքն է, 9 տոկոսը նախապատվությունը տալիս է ընկերներին: Ըստ հարցման, իգական սեռի ներկայացուցիչներն ավելի բարձր են դասել ընտանիքի արժեքը, քան արական սեռի ներկայացուցիչները: Գեւորգ Պողոսյանը դրական է համարում, որ այսօրվա երիտասարդությունը կրոնի նկատմամբ ունի ընդգծված, որոշակի եւ պարզ դիրքորոշում:

Հարցվածների 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է: «Սովետական շրջանի երիտասարդությունը նման հստակ դիրքորոշում չուներ», եզրակացրեց Պողոսյանը:

Շարունակելով ընտանիք կազմելու թեմանՙ Պողոսյանը նշում է, որ հարցվածների 21 տոկոսն ընտանիք ունի, 22 տոկոսը չի մտածում ընտանիք կազմելու մասին, իսկ 25.9 տոկոսն ընդհանրապես մտադիր չէ ընտանիք կազմել: Հարցվածների 50 տոկոսը ցանկանում է 2 երեխա ունենալ, 27,6 տոկոսը` 3: «Երիտասարդների կեսը մտադիր է ընտանիք կազմել, սակայն նրանց երկու երրորդն է ցանկանում է 2 կամ 3 երեխա ունենալ: Ստացվում է, որ մեր երկրի բնակչության նույնիսկ պարզ վերարտադրությունն է վտանգված, իսկ դա նշանակում է, որ ապագայում հնարավոր է բնակչության թվի նվազում»: Սոցիոլոգը նշում է, որ եթե գումարենք նաեւ արտագաղթի գործոնը, ապա ակնհայտ կդառնա, որ երկրի դեմգորաֆիկ աճը վտանգված է: Հարցվածների 62 տոկոսն իր ապագան կապել է Հայաստանի հետ, 22 տոկոսը Հայաստանից հեռանալը համարել է հնարավոր տարբերակ, իսկ 15.2 տոկոսը ցանկացել է ընդմիշտ հեռանալ երկրից: Նման պատկերը պայմանավորված է աշխատանքի, ուսման, վատ տնտեսական պայմաններով: Հարցման արդյունքներով իգական սեռի ներկայացուցիչներն առավել հայրենասեր են, քան արական: Աղջիկների մեծ մաս չի ցանկացել լքել երկիրը: Հարցման ընթացքում սոցիոլոգներն անդրադարձել են նաեւ աշխատանքին եւ աշխատավարձի չափերին: Երիտասարդների 40 տոկոսը ցանկանում է, որ ամսական աշխատավարձը կազմի 200.000 դրամ, 20 տոկոսը` 300.000 դրամ, իսկ 10 տոկոսը` 500.000 դրամ: Ըստ Պողոսյանի, այս առումով երիտասարդների սպասելիքները բարձր են, քանի որ այսօր ոչ մի երիտասարդ մասնագետ այդքան գումար չի ստանում: Ըստ սոցիոլոգիՙ առաջիկա ընտրությունների վերաբերյալ երիտասարդների մոտեցումը էապես տարբերվում է միջին եւ ավագ տարիքի մարդկանցից: երիտասարդների 34 տոկոսը որեւէ կուսակցության իր ձայնը չի տա, 28.3 տոկոսը` կտա ՀՀԿ-ին, 18 տոկոսը` ԲՀԿ-ին, 6-ական տոկոսներ են հավաքել ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4