«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԳՐԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ 1-ԻՆ ՀԱՏՈՐԸ

Երեկ կայացավ «Մուգ կապույտ-վառ կարմիր» գրական տարեգրքի անդրանիկ հատորի շնորհանդեսը: Այն բացեց ու տարեգրքի կազմման շուրջը խոսեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը : Վերջապես ընթերցողների դատին հանձնվեց մինչեւ 35 տարեկան երիտասարդ ստեղծագործող հեղինակների բանաստեղծությունների եւ արձակ գործերի ժողովածու: Իսկ թե ինչպես մտահղացավ նման գաղափարը, «Ազգի» հարցին պրն Դավոյանն ասաց. «Երիտասարդ գրողների առջեւ պարտավորված զգալու իմ վիճակը անընդհատ սպասողական էր եւ ուզում էի ներկայանար մի առիթ, որով ես իմ պարտքի մի մասը մարեի»: Իրանահայ հայտնի մտավորական, ճարտարագետ, բանաստեղծ Հարփիկ Թամրազյանի քույրերը որոշում են իրենց վաղամեռիկ եղբոր հիշատակին հրատարակել հատկապես երիտասարդ գրողների գործերի ժողովածու: Առաջարկը սիրով ընդունել է պրն Դավոյանը եւ հանրապետության մարզերից փնտրել ու գտել է երիտասարդ 12 գրողների: Այդ հարցում նրան օգնել է «TV ալիք» շաբաթաթերթի գլխ. խմբագիր Սերգեյ Հարությունյանը իր շաբաթաթերթի «Շավիղ» պատանեկան էջի սաներին ներկայացնելով: «Այսօր ինձ համար չափազանց ուրախ եւ երջանիկ օր է, ասաց պրն Դավթյանը, որովհետեւ կարողացա հայոց լեռնաշխարհից պեղել ու քաղել այն կարեւոր «ծաղիկները», զետեղել ժողովածուում եւ իմ մեջ հույս է արթնացել, որ վաղը դա կդառնա հրաշալի պարտեզՙ իրենց մարդկային պարզ ու անաղարտ նկարագրով, նաեւ մոռացված գյուղի թեմաներով գրականություն ստեղծելու ցանկությամբ: Այս հեղինակները մի խումբ են, որոնք իրական ազնիվ գրականության շարունակողներն են»:

Տարեգիրքը հետագայում կունենա 2-րդ հատորը եւ գրական գործեր կարող են ներկայացնել տարեգրքի կազմող Ռազմիկ Դավոյանին: Նման տարեգիրքը վաղամեռիկ բանաստեղծ Հարփիկ Թամրազյանի հիշատակին հրաշալի հուշարձան է: Մեր օրերում շատ երիտասարդ գրողներ հետեւում են գռեհկաբանության, կամ ստեղծում գործեր, որոնք ապակողմնորոշում են գրական լսարանին: Ահա այս ժողովածուով երիտասարդ գրողներըՙ Կարինե Պետրոսյան, Դավիթ Ասատրյան, Հասմիկ Սիմոնյան, Գոռ Հարությունյան, Գոռ Արզումանյան, Անուշ Ասլիբեկյան, Սարգիս Հովսեփյան, Սեւակ Գեւորգյան, Անի Մաղաքյան, Անի Արշակյան, Էլֆիք Զոհրաբյան եւ վաղամեռիկ Հարփիկ Թամրազյան, իրենց բարոյական նկարագիրը պահպանելով, վեր են հանում մեր օրերի ցավն ու իրավիճակը:

Երիտասարդ գրողները ներկաներին հրամցրին իրենց ստեղծագործություններից պատառիկներ եւ արժանացան բուռն ծափերի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4