«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ՈՐՈՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՂԱԾ 6 ՏՈՆՆԱ ՈՍԿՈՒ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ամեն անգամ, որ կարոտախտով տառապող մի հայ ներկայիս Թուրքիաՙ իր պապերի հայրենիքն է այցելում, նրան անմիջապես շրջապատում են ամենուրեք հանդիպող կամավոր ուղեկցորդներ, որոնք առաջարկում են իրենց ծառայություններըՙ գտնելու այդ երկրում թաքցված հարստությունները: Վերջերս Դիարբեքիր այցելած «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի աշխատակից Խաչիկ Մուրադյանը, պատմելով այդ ոսկի որոնողների մասին, մեջբերում է Հրանտ Դինքի խոսքերը, որ հնչում էին մոտավորապես այսպես. «Դուք գանձեր եք որոնում գետնի տակՙ չգիտակցելով, որ իսկական գանձը քայլելն էր այս տարածքների վրա, որ մեզանից խլեցին եւ ոչնչացրին»:

Հիշում եմ, երբ մայրս մի անգամ Ադանա այցելելով գտել էր այն տունը, որտեղ ծնվել էր, նոր տանտերերը, որոնք դեռ սեփականության պաշտոնական թղթերը չէին ձեւակերպել, շռայլորեն հյուրասիրելուց հետո հարցրել էին, թե որտեղ են թաղված նրանց հարստությունները:

Շատ թուրքեր սիրալիր ողջունում են հայ զբոսաշրջիկների այցելությունները: Բայց առավել շատ են նրանք, ովքեր մինչեւ օրս փորձում են նրանցՙ այդ հայրենաբաղձ մարդկանց միջոցով իմանալ թաքցված «գանձերի» վայրերը: Եվ իրականում, երբ հայերը տեղահանվում էին, նրանց մեծ մասը հավատացած էր, որ այդ բոլորը ժամանակավոր միջոցառումներ են, եւ որ դարձյալ վերադառնալու են իրենց քաղաքներն ու տները պատերազմի ավարտից հետո: Այդ իսկ պատճառով նրանք իրենց հարստությունը կամ գաղտնի մի վայրում «թաղում» էին, կամ էլ ի պահ տալիս իրենց հավատարիմ մահմեդականներին, ինչպես Քեմալ Յալչընի գրքերում նկարագրված բազմաթիվ հայեր եւ հույներ:

Վերջերս մի պատմություն է շրջանառվում Շվեյցարիայում 6 տոննա կշռող ոսկեդրամների մասին, որոնք պատմական Հայաստանից Ժնեւի Credit Swisse բանկ են տեղափոխվել, իսկ վերջինս այժմ հրաժարվում է պահանջատեր թուրք մի ընտանիքին վերադարձնել այդ գումարը:

Այս լուրը առաջին անգամ արծարծվել էր թուրքական «Միլլիեթ» թերթի հոկտեմբերի 17-ի համարում, որից հետո մեկնաբանությամբ «Թյուրքիե» թերթում հանդես էր եկել Անկարայի համալսարանի պրոֆեսոր Չաղրը Էրհանը, որը փոխանակ հարցականի տակ դնելու գումարի սկզբնաղբյուրը, հետաքրքրվել էր, թե ինչ դրդապատճառներով էր Credit Swisse բանկը մերժել ոսկիները հանձնել Էլյազիգի (հայկական պատմական Խարբերդը) շրջանից գործարար Սաիդ Ալի Բայրաքին: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Երեւանի «Ազգ» օրաթերթում թարգմանել է այդ հոդվածըՙ համեմելով իր մեկնաբանություններով: Թարգմանությունը լույս է տեսել թերթի նոյեմբերի 11-ի համարում: Պարզվում է, որ էլյազիգցի գործարար Սաիդ Ալի Բայրաքը տարիներ շարունակ պայքարում է իր հորից ժառանգած 800 հազար օսմանյան ոսկեդրամները շվեյցարական բանկից ստանալու համար: Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ռայմոնդ Կունցը Էլյազիգ է մեկնել Բայրաքի հետ քննարկելու ոսկեդրամների հարցը, որը պատված է խորհրդավորությամբ: Հարցին միջամտել է նաեւ վարչապետ Էրդողանը: Մի՞թե այս պատմությունը չափից դուրս տարօրինակ չէ: Ինչպե՞ս կարող էր որեւէ մեկը 6 տոննա կշռող 800 հազար օսմանյան ոսկեդրամ փոխադրել Թուրքիայից Շվեյցարիա: Ըստ Բայրաքիՙ հայրն այդ ոսկիները Շվեյցարիա է հասցրել ցամաքային ու ծովային ճանապարհներով: Այսօր այդ 800 հազար օսմանյան ոսկեդրամների արժեքը կազմում է 3,5 միլիարդ դոլար: Դարձյալ ըստ նրա, հայրն այդ գումարը նավով փոխադրել է Շվեյցարիա 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման նախօրեին, երբ գնդապետ Քենան Էվրենը Թուրքիայում զինվորական բռնատիրություն հաստատեց: Դժվար չէ եզրակացնել այստեղից, որ Բայրաքի հայրը մաս էր կազմում «խորքային պետության», որ սարսափի իշխանություն էր ստեղծել երկրում: Այսօր այդ «խորքային պետության» հանցագործությունները առնչվում են «Էրգենեքոնի» գործունեության հետաքննությանը:

Պրոֆ. Չաղրըն գրում է. «Որքան ինձ հայտնի է, Թուրքիայի Հանրապետության առաջին շրջանում ոչ ոք «առձեռն» այդպիսի գումար չի ունեցել: 1924-ին հիմնադրված IS բանկի կապիտալը 250 հազար լիրա էր: Այսինքն խնդրո առարկա գումարը պետությունից գաղտնի տարիներ շարունակ թաքցնելն անգամ ինքնին մեծ խնդիր է»: Ըստ Բայրաքիՙ նրա հայրն այդ գումարը վաստակել է շնորհիվ առեւտրի եւ թաքցրել է «իրենց տան տակ փորած փոսում»:

Առեւտրի միջոցով այդքան ոսկի վաստակելը վիճահարույց հարց է, քանի որ հանրապետության հռչակումից հետո առեւտուրը Թուրքիայում օսմանյան ոսկեդրամով չէր իրականացվում: Բայրաքի հայրը հավանաբար հավատացած է եղել, որ «նացիստական ոսկիների գաղտնիքը պահող շվեյցարական բանկային համակարգը նույն ձեւով կպահի նաեւ իր գումարի գաղտնիությունը», մոռանալով այն փաստը, որ գերմանական ոսկիները հրեաներին էին պատկանում, այլ ոչ թե նացիստներին:

Միլիոնավոր հրեաների ոչնչացնելուց եւ նրանց ունեցվածքին տիրանալուց հետո, նացիստները հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերել շվեյցարական բանկերում իրենց զոհերի ներդրած ոսկիների նկատմամբ: 1990-ական թվերին միջազգային սկանդալներ առաջացան այդ ոսկիների առնչությամբ, եւ Շվեյցարիայի կառավարությունը ստիպված էր որոշ գաղտնիքներ բացահայտել Մ. Նահանգների եւ Բրիտանիայի կառավարություններին:

Մինչեւ օրս Հոլոքոսթի զոհերի հարցերով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ ընկել են այդ ոսկիների հետեւից: Եթե այդ 800 հազար գումարով ոսկիները շվեյցարական բանկ են դրվել «նացիստական ոսկիների» օրինակով, ապա այդ գումարի աղբյուրն անհայտ լինելու առումով պետք է տեղիք տա լուրջ մտահոգության: Թալեաթ փաշան իր «Գաղտնի թղթածրարում» նշել է, որ Էլյազիգից տեղահանված հայերի թիվը 70 հազար է եղել: Նրանց թվում են եղել նաեւ քաղաքի ունեւոր հայ ընտանիքները: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք, տեղահանությունից հետո վերադառնալու հույսով, փոխանակ ունեցած ոսկին իր հետ վերցնելու, թողել է մահմեդական վստահելի հարեւանի մոտ կամ թաղել ապահով մի տեղ, ինչի մասին տարիներ շարունակ բերնեբերան պատմել են: Ավելին, բազմաթիվ հայեր իրենց պապերի քաղաքներն են այցելում այդ ոսկիները գտնելու նպատակով:

Պրոֆ. Չաղրըն իր մեկնաբանությունները եզրափակում է հետեւյալ տողերով. «2015-ին լրանում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայերը կարեւոր նշանակություն են տալիս այդ տարելիցին: Կասկածից վեր է, որ այդ առումով որեւէ առիթ բաց չթողնող հայկական լոբբին արդեն լուսարձակի տակ վերցրած պետք է լինի այդ ոսկիները, որոնց աղբյուրն անհայտ է: Credit Swisse բանկն արդեն իսկ «սկանդալային» է որակել գործը եւ հայտարարել, որ «խարդախության հոտ է փչում»: Հետեւաբար չի կարելի վարչապետին խառնել այսպիսի մութ գործերի մեջ, որի ծայրը քիչ թե շատ հայտնի է, եւ որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ամբողջ երկրի համար»:

Պրոֆեսոր Չաղրըն «հայկական լոբբին» ասելով հավանաբար նկատի ունի այն հայ իրավաբաններին, որոնք հետամուտ լինելով ֆրանսիական եւ գերմանական բանկերում եւ ապահովագրական ընկերություններում ի պահ տրված հայերի ավանդներին, կարողացան հսկայական աշխատանք կատարել եւ զոհերի հետնորդներին վերադարձնել որոշակի գումարներ: Բարեբախտաբար պրոֆեսորը տեղյակ չէ, որ այդ նույն իրավաբաններն այսօր, մի կողմ թողնելով թուրքերին, իրար միս են ուտումՙ մեկը մյուսին դատի տալով:

Չենք կարող դավադրության կասկածները փարատել, երբ ականատես ենք լինում, թե ինչպես թուրքերի հետեւից ընկնող փաստաբաններն այս անգամ իրար դեմ են ճոճում իրենց թրերը:

Միեւնույն իրավիճակն է Վաշինգտոնի ցեղասպանության թանգարանի բարերարների մոտ, որոնք առատաձեռն նվիրատվություններով գործին լծվելուց հետո, այժմ մեկը մյուսին դատի են տվելՙ հարցականի տակ դնելով թանգարանի պաշտոնական բացման ժամկետը մինչեւ 2015 թվականը:

Մյուս կողմից, Թուրքիայում բազմաթիվ տուժած փոքրամասնություններ դատի են տալիս թուրքական պետությանը: Կառավարությունը խրված է հազարավոր դատական հայցերի հորձանուտում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես հեղեղված է նմանօրինակ հայցերով: Անցյալ տարի գրանցվել էր հինգ հազար գործ: Այս տարի այդ թիվը հասել է յոթ հազարի: Եվ Թուրքիան տանուլ է տալիս գրեթե բոլոր այդ դատական գործերը:

Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, միանալով արդարադատության նախարար Սադուլլա Էրգինին, այդ դատական հայցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական դատարանում հայցերի այդ քանակը նշանակում է, որ ինչ-որ մի «հիվանդություն» կա Թուրքիայում, որը պետք է «բուժել»: «Թուրքիան պետք է նոր մարտավարություն մշակիՙ կանխելու հայցերի այդ հոսքը: Մենք պետք է փոխենք մեր պաշտպանության մեթոդները, քանի որ չենք շահում եւ ոչ մի դատական գործ», ասել է նաՙ դասակարգելով հայցերը երեք առանձին խմբերի. ա) հայցեր, որոնք առնչվում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Անկարայի ագրեսիան եւ Կիպրոսում տարածքների զավթումը առաջ են բերել հսկայական քանակության դատական հայցեր, բ) Թուրքիայի հնացած ներքին օրենքները, որոնք ոտնահարում են քաղաքացիների եւ փոքրամասնությունների իրավունքները, պատճառ են դարձել, որ 19 հազար հայցեր հարուցվեն, գ) հայցեր, որոնք հարուցվել են խոսքի եւ մամուլի ազատությունների սահմանափակման կամ ճնշման հետեւանքով (ինչպես օրինակՙ ՔՕ-ի 301 հոդվածի առկայությունը):

Աշխարհը դատի է տալիս Թուրքիային եւ շահում է հարուցված հայցերը, մինչդեռ հայ փաստաբանները միմյանց հետ են կռվում: Վեց տոննա ոսկի շվեյցարական բանկում «սպասում է», թե ով կյուրացնի «իրեն» եւ օգուտ կստանա:

Այդ գումարը շատ բանով կարող է օգուտ բերել Հայաստանին: Մենք պարտավոր ենք առիթը բաց չթողնել: Ժամանակն է մի կողմ թողնելու երկպառակչական եւ կործանիչ վեճերն ու գնալ... ոսկու հետեւից:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4