Հաստատվեց 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղացանկը
Ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնության ընտրական 2-րդ խմբի խաղացանկը կազմելու նպատակով Հայաստանի, Իտալիայի, Չեխիայի, Դանիայի, Բուլղարիայի եւ Մալթայի պատվիրակությունները հավաքվել էին Պրահայում: Երկարատեւ քննարկումներից հետո հաստատվեց ընտրական 2-րդ խմբի խաղացանկը:
Հայաստանի հավաքականը 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը կսկսի 2012-ի սեպտեմբերի 7-ին Մալթայի հավաքականի հետ արտագնա հանդիպումով: 4 օր անց մեր ֆուտբոլիստները կհյուրընկալվեն Բուլղարիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականին հայ երկրպագուները Երեւանում կտեսնեն հոկտեմբերի 12-ին: Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կմրցի ընտրական 2-րդ խումբը գլխավորող աշխարհի նախկին չեմպիոն Իտալիայի հավաքականին: Դա կլինի երկու երկրների հավաքականների անդրանիկ հանդիպումը: Այդ մրցախաղով Հայաստանի հավաքականը կավարտի մրցաշրջան-2012-ը: Եթե հաշվի առնենք, որ հաջորդ մրցաշրջանի համար Հայաստանի հավաքականը նախատեսում է ընկերական 4 հանդիպում, ապա ստացվում է, որ 2012-ին մեր ընտրանին ընդամենը 7 խաղ է անցկացնելու:
2013-ին Հայաստանի հավաքականը ելույթները կշարունակի մարտի 26-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները Երեւանում կմրցեն չեխերի հետ: Հաջորդ ընտրական մրցախաղը եւս կկայանա սեփական հարկի տակ: Հունիսի 7-ին հայ ֆուտբոլիստները կհյուրընկալեն Մալթայի հավաքականին: 4 օր անց մեր ֆուտբոլիստները Դանիայում կմրցեն տանտերերի հետ:
Ընտրական հաջորդ հանդիպումները կկայանան սեպտեմբերին: 2013-ի սեպտեմբերի 6-ին մեր հավաքականը կհյուրընկալվի չեխերին, 4 օր անց Երեւանում կմրցի դանիացիների հետ: Հոկտեմբերի 11-ին հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ուժերը կչափեն Բուլղարիայի հավաքականի հետ: Ընտրական մրցաշարը մեր ընտրանին կեզրափակի հոկտեմբերի 15-ին Իտալիայում:
Ուսումնասիրելով հաստատված խաղացանկը, կարելի է փաստել, որ այն բարենպաստ է Հայաստանի հավաքականի համար: Ընտրական մրցաշարերում շատ կարեւոր է հաջող մեկնարկը, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի ֆուտբոլիստներին: Այս առումով Մալթայի հավաքականի հետ խաղով մեկնարկելը շատ հարմար է մեր ֆուտբոլիստների համար: Այդ խաղում մենք անպայման պետք է հաղթանակ ակնկալենք: Մալթայի հավաքականի հետ նախկինում անցկացրած 3 խաղերում էլ ՀՀ հավաքականը հաղթել է: Մալթայի խաղից հետո մերոնք ուղեւորվելու են Բուլղարիա, որտեղ եւս դրական արդյունք ակնկալելն իրատեսական է: Մի խոսքով, հաշվի առնելով ՀՀ հավաքականի հաջող մրցելույթները Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում, հուսով ենք, որ 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում էլ մեր ֆուտբոլիստներն աչքի կընկնեն արդյունավետ խաղով: