Շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը հաջող հանդես եկավ Խարկովի նահանգապետի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Անդրեասյանը գրավեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ուկրաինացի միջազգային վարպետ Իրինա Անդրենկոն: 2-րդ տեղը գրավեց Սանկտ Պետերբուրգում բնակվող Ալինա Բալայանը, որը վաստակեց 7 միավոր:
Շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում Սիրանուշ Անդրեասյանը հաղթեց Վերա Տառլեւային, Մարիա Կալինինային, Գալյա Լոմակինային, Ինա Ռոմանովային եւ Գալինա Շապովալին, հաշտություն կնքեց Օլգա Շարովսկայի, Իրինա Անդրենկոյի եւ Մայա Բեզկորովայնայի հետ: Միակ պարտությունը Սիրանուշը կրեց 8-րդ տուրում Ալինա Բալայանից:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցած Վարդգես Թովմասյանը 3,5 միավորով 10 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: 6 միավորով հաղթող ճանաչվեց ուկրաինացի Միխայիլ Բրոդսկին: