Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թբիլիսիի հին հատվածում հայկականության այնքան վկայություն կա, որ ավելի հաճախ վրացական իրողություններ մատուցող ցուցանակները ոչ թե շփոթեցնում են, այլ վստահություն են ներշնչում, որ զգացողությունները չեն խաբում. վրացերեն անվանումների հիմքում հայկականն այնքան ցայտուն է երեւում:
Վրացերեն մի ցուցանակ էլ կարող էր այսօր Թբիլիսի ժամանողներին ներկայացնել այդ քաղաքի ամենամեծ հայկական եկեղեցին` Վանքի տաճարը, որից միայն զանգակատունն է մնացել, այն էլ կացարան դարձած: Բայց այդպիսի ցուցանակ անգամ զանգատակատան վրա չկա, թեեւ մինչեւ 1938-ին եկեղեցու քանդումը այն եւս մեկ մեծ իրողության կրողն էր. Տաճարի բակում էր թաղված մեծ բարերար, իր ժամանակին Կովկասի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ալեքսանդր Մանթաշյանցը:
Վանքի տաճարի ոչնչացումից հետո Մանթաշյանցի աճյունի, գերեզմանի ու դրա հետ կապված ամեն ինչ հստակություն ու հավաստիություն չունի, տարբեր աղբյուրներ տարբեր իրականություն են մատուցում: Իսկ քանի որ Թբիլիսիին ոչ այդ գերեզմանն է պետք, ոչ էլ նույն այդ քաղաքի համար մեծ գործեր արած մարդու հիշատակը, տեղի իշխանություններն էլ առանձնակի մտահոգ չեն պատմություն ու հավաստիություն ապահովելու հարցում:
Մանթաշյանցի ճակատագրից առանձնակի տարբեր վիճակում չէ հայտնվել հայ բարերարներից եւ ոչ մեկը, որ ապրել կամ գործել է Թիֆլիսում. նրանց մասին հիշեցնող հատուկենտ վկայություններն էլ ժամանակի ընթացքում վերագրվում, «սրբագրվում» են ու մատուցվում վրացական հիմքով: Վրաստանի մայրաքաղաքի ներկայիս կենտրոնի հպարտություն հանդիսացող շենքերի մեծամասնությունը հայ ունեւոր մարդկանց տներն են, որոնցով Վրաստանում հպարտանում են, բայց ծագման մասին հիշատակել չեն ցանկանում:
Այս ամենի ֆոնին մի տեսակ տարօրինակ է հնչում Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում Մանթաշյանցի կիսանդրու բացումը, որին երեկ մասնակցել է պաշտոնական այցով Վրաստան մեկնած Հայաստանի նախագահը:
Ընդ որում, հայկական գերեզմանների ոչնչացման առումով Մանթաշյանցի կիսանդրին այսուհետեւ հանգրվանել է մի տեղ` Հավլաբար թաղամասում, որի ճիշտ հարեւանությամբ նախկինում Խոջիվանքի գերեզմանոցն էր, հայկական գերեզմանոցը, որի մի հատվածն այժմ իր վրա է կրում վրաց եկեղեցու ամենամեծ կոթողը` Ս. Սամեբա (Ս. Երրորդություն) եկեղեցին: Իր հերթին, Ս. Էջմիածին եկեղեցին էլ Վրաստանի մայրաքաղաքում, ժամանակի մեծաթիվ հայկական եկեղեցիների ֆոնին, առաջնորդանիստ Ս. Գեւորգ եկեղեցուց բացի` գործող մնացած մյուսն ու միակն է: «Վիճահարույց» կարգավիճակի տակ մտցված թիֆլիսյան մյուս հինգ հայկական եկեղեցիների հարցն էլ այնքան է ձգձգվում, որ թերեւս մինչեւ սեփականատիրոջ հարցի լուծում ստանալը կամ փուլ գան, կամ «փլեցվեն»:
Իսկ մինչ այդ հայ ու վրացի հանդիպումներում «բոլոր խնդիրները լուծելի են» հայտարարությունը կամաց-կամաց կարգախոս է դարձվում, մինչդեռ հսկայական մի հարցաշար խնդիրների նորանոր փնջեր է ներկայացնում կողմերին: Եվ եթե ավելացնենք վրացական կողմի հակառուսական տրամադրությունների ալիքները, որ նաեւ անցնում են Հայաստանի վրայով` «դրսից միջամտություն քիչ ընդունելու» Սաակաշվիլու այս օրերի «հիշեցմամբ», ինչպես նաեւ Հայաստանի համար վրացական ցամաքային կապից օգտվելու կարեւորությունը գիտակցող ու օգտագործող վրաց իշխանությունների դիրքորոշումը տարբեր հարցերում, ապա հստակ է, որ հայ-վրացական հարաբերություններում, գոնե տեսանելի ու ներկայացված հատվածի առումով, տեղաշարժ քիչ կա:
Իսկ այն հարցերը, մասնավորապես Ջավախքն ու հայապահպանության խնդիրները Վրաստանում, որոնք ամենայն հավանականությամբ քննարկվում, բայց չեն ներկայացվում հասարակություններին, լուծելի որակվելու համար շատ բարդ են: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նախագահի Վրաստան այցելությանը երկու կողմերն էլ գովեստի խոսքեր շռայլեցին, ինչը, օրինակ, Վրաստանի նախագահի պարագայում ուղղակի լուրջ չպետք է ընդունել. Սաակաշվիլին երբ ինչ հարմար է գտնում, ասում է, առանց հետեւանքների ու հետոյի մասին մտահոգվելու: