«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՆԵՂԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹ

Ո՞վ է «հայվանը»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ եւ առաջին օրը Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Կուսակցությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով, կարելի է ասել, խստացումներ են նախատեսվում կուսակցությունների ֆինանսական գործունեության առումով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փաթեթը ներկայացնելիս նշել էր, որ փաթեթով կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն եւ ֆինանսական գործունեության վերահսկողություն է իրականացվելու:

Ըստ նախագծի` կուսակցությունն էլի իրավունք ունի գույքի եւ դրամական միջոցների տեսքով նվիրատվություն ստանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, սակայն սահմանափակումները բավական լայն են. չի թույլատրվում նվիրատվություններ ստանալ բարեգործական կազմակերպություններից, պետական եւ համայնքային բյուջեներից, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից եւ պետական ու համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններից, նվիրատվության պահից 6 ամիս առաջ գրանցված կազմակերպությունից, օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, որոնց բաժնետոմսերի 30 տոկոսից ավելին օտարերկրյա ծագման է: Չի կարելի նվիրատվություն ստանալ միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հասարակական շարժումներից, քաղաքացիություն չունեցող եւ անանուն անձանցից: Ընդ որում` նվիրատվության չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, առեւտրային կազմակերպության կողմից` նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, ոչ առեւտրայինից` հազարապատիկը, ֆիզիկական անձից` տասհազարապատիկը: Սահմանված չափը գերազանցող եւ չթույլատրված նվիրատվությունները պետք է վերադարձվեն կամ նվիրատուին, կամ, դրա անհնարինության դեպքում, պետբյուջե, ընդ որում դրանք վերադարձնելու ժամկետներ եւս սահմանված են, որոնք խախտել չի կարելի, քանի որ օրենքով այդպիսի դեպքերը պատժելի են: Նվիրատուն պարտավոր է նշել անունն ու այլ տեղեկություններ իր մասին: Նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ: Կուսակցությունները պետական մարմիններ ֆինանսական եւ հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ մամուլում պետք է հրապարակել կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների հաշվետվություն, դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացություն (10 մլն դրամի մուտքերի գերազանցման դեպքում)` դրանք տեղադրելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում` ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշիվ մուտք արված միջոցների աղբյուրների եւ ծավալի, դրանց ծախսման եւ ունեցած գույքի մասին: Լիազոր մարմինը կարող է ստուգել հաշվետվությունը: Հաշվետվություն չհրապարակելը կամ չներկայացնելը օրենքով պատասխանատվություն է առաջացնում: Աուդիտի եզրակացությունը պահանջվում է 10 մլն դրամի արժեքը գերազանցող ակտիվներ ունենալու դեպքում, բացի դրանից` պետբյուջեից ֆինանասավորում ստացած կուսակցությունները անպայման պետք է աուդիտի ենթարկվեն:

Հասկանալի է, որ այսպիսի խստությունները նախատեսված են ընտրություններից առաջ մի շարք կուսակցությունների համար ոչ այնքան բարենպաստ հող ստեղծելու համար, մանավանդ որ պաշտոնական հաստատումներ ճիշտ է, չկան, սակայն անընդհատ խոսվում է որոշ կուսակցությունների փողերի արտերկրյա ծագման մասին: Մենք չենք ասում` դա հանդուրժելի է, սակայն ինչպե՞ս եղավ, որ մինչեւ այժմ դա հանդուրժվում էր, հենց նախընտրական այս ժամանակում հանկարծ թափանցիկությունը պետք եկավ, որից տուժելու են նախ փոքր կուսակցությունները եւ անտերները:

Պարզ է, որ խորհրդարանական ընդդիմությունը քննադատում էր օրենքի նախագիծը: Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր` արդյո՞ք երկքաղաքացիների դեպքում այս ֆինանսական արգելանքները գործելու են, նա առաջարկում էր, որ աուդիտ անցնեն 30 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցությունները: Ստյոպա Սաֆարյանը խոսեց պետություն եւ կուսակցություն տարանջատումից` առաջարկելով նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության եւ մինչեւ երկրորդ ընթերցում նաեւ լայն քննարկում կազմակերպել: Արմեն Մարտիրոսյանին մտահոգում էր, որ ընտրությունների ժամանակահատվածում ոչ թե կուսակցական գործերով պետք է զբաղվել, այլ հարկայինների եւ ստուգողների հետ թղթաբանությամբ, պետությունից 12 հազար դոլարին համարժեք աջակցություն ստացողը մի երեք-չորս հազար էլ աուդիտի՞ն պետք է տա: Անահիտ Բախշյանը պատկերավորեց, թե իշխողներին ձեւի համար ընդդիմությունը պետք է, որ ցույց տան դրսերին, բայց ներսում նրան կիսախեղդած վիճակում են պահելու` աուդիտով ու ֆինանսական հաշվետվություններով: Նա վստահ չէր, որ այս օրենքը կապահովի հավասար մեկնարկային հնարավորություններ դաշտում գործող կուսակցությունների համար:

Այսպես թե այնպես` այս փաթեթը երեկ ավարտված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթեցմամբ քվեարկվեց եւ անցավ` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ո՞վ է «հայվանը»

Այս արտահերթ նիստում երեք օրն էլ պատգամավորներն անուշադիր, դահլիճում միմյանց հետ խոսող դասը խանգարող աշակերտների էին նման, դահլիճն ավելի հաճախ էր դատարկ: Երեկ այս բոլորը հասավ ապոգեյին, երբ մի քանի անգամ, այսպես ասենք, աղմուկն ու անհասկացողությունը վերածվում էին լոկալ բախումների, եւ անգամ պատգամավորներ եղան, որ միմյանց «հայվան» անվանեցին: Երեկ քվեարկություններ պետք է լինեին, այնպես որ կոալիցիայի այնպիսի պատգամավորներ էին ներկա, որոնք սովորաբար մեծ մասամբ նիստերին չեն լինում: Սրացումներից մեկը եղավ այն պահին, երբ մեկ այլ պատգամավորի հետ այդ պահին շփվող «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը նախագծերից մեկի քննարկման ժամանակ չլսեց, որ հարց տալու իրավունքն իրենն է, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն էլ, երկու անգամ կրկնելով նրա անունը, հանեց հարցը: Մարտիրոսյանը մի պահ անց սկսեց բողոքը, իսկ Նիկոյանն էլ չորեց, որ եթե լավ չի լսում, թող ականջները լվանա: Իսկ հարցի առթիվ ելույթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանին չէր հաջողվում խոսել, քանի որ նրան չէին լսում, ու անգամ հազարից մեկ խորհրդարան եկած Շմայսը (Առաքել Մովսիսյանը), որը փաստորեն միայն քվեարկելու համար է գալիս դահլիճ, տեղից բղավեց, թե չի եկել «նման հայվանի ելույթը լսելու»: Արմեն Մարտիրոսյանը բնորոշումը վերադարձրեց այն արտաբերողին, թղթերը թափահարեց եւ դադարեցրեց ելույթը, իսկ ԱԺ փոխնախագահին կոչ արեց կարգի հրավիրել դահլիճը:

Մի խոսքով` մանկապարտեզ: Իսկ կայքերը եւ ֆեյսբուքը երեկ պտտում էին այդ ողջ թամաշան: Չգիտենք` այս բոլորը պատահականությո՞ւն է, թե՞ անտես մի ձեռք ԱԺ նախագահի ընտրությունից առաջ փորձում է ինչ-որ տպավորություն ձեւավորել, մանավանդ որ քվեարկությունների ժամանակ հենց հանրապետականներն էին աղմկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4