Այսպես է արձագանքում Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Բահչելին դերսիմցիներից Էրդողանի ներողությանը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով 1937-38 թթ. Դերսիմի կոտորածի համար վարչապետ Էրդողանիՙ թուրքական պետության անունից ներողություն խնդրելու հարցին, նշել էինք, որ դրա արձագանքները միանշանակ չեն Թուրքիայում: Հասարակական շրջանակներում ոմանք Էրդողանի ներողությունը գնահատում են որպես սեփական պատմության հետ թուրքական պետության առերեսման դրսեւորում եւ ընդգծում են նաեւ «հայկական սարսափելի իրադարձությունների» հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Ոմանք էլ Դերսիմի կոտորածները համեմատելով «1915-ի տեղահանության կամ ցեղասպանության» հետ, վիճարկման են ենթարկում դրանցում Քեմալ Աթաթուրքի դերը:
Դերի առումով հատկանշական է «Սթար» թերթի հեղինակ Էրգուն Բաբահանի նոյեմբերի 22-ին արած դիտարկումը. «Դերսիմի կոտորածներում վիճարկման ենք ենթարկում Աթաթուրքի դերը, իսկ դա խիստ անհանգստացնում է քեմալականության հետեւորդներին: Նրանք իրավացի են, որովհետեւ քաջ գիտակցում են, որ այս բանավեճերը լուրջ վնաս են հասցնելու իրենց իսկ նախաձեռնությամբ դավանանքի բնույթ ստացած քեմալիզմին... Դրա վրա իր ազդեցությունն ունի նաեւ 1915-ի հայերի տեղահանությունը կամ ցեղասպանությունը: Քեմալականների առումով այս երկու իրադարձություններն էլ մտահոգիչ են: Առաջինն իրականացրել են Մուստաֆա Քեմալի իշխանությանը մաս կազմած իթթիհատականները, երկրորդըՙ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը»:
Նույն օրը CNN-Turk-ի կայքէջում Բաբահանին լրացրել է Մեհմեդ Ալի Բիրանդը, գրելով. «Այլընտրանք չունենք, քան մեր պատմության ու պատասխանատվությունների հետ առերեսվելը: Դա վերաբերում է նաեւ Հայկական հարցին: Չենք կարող անտեսել այդ ահավոր իրադարձությունները: Ժխտելու դեպքում ընդամենը ինքներս մեզ ենք խաբելու»:
Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներին, ապա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որի միանձնյա իշխանության օրոք էին իրագործվել Դերսիմի կոտորածները, ի դեմս գլխավոր նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, փոխանակ դերսիմցիներից ներողություն խնդրելու, հայտարարում է, որ Էրդողանի ներողությունը բավարար չէ, պետք է բացել արխիվներըՙ իրականությունը բացահայտելու համար, ապա պահանջում է Թուրքիայի նախագահի ներողությունը:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Նամըք Քեմալ Զեյբեքը դերսիմցիներից ներողություն խնդրելու համար Էրդողանին դատապարտելիս, հայտարարում է. «Մեծարգո վարչապետի «պետության անունից ներողություն եմ խնդրում» խոսքերը տգիտության արտահայտություն են, որովհետեւ մեր օրենքների համաձայն պետության անունից հանդես գալու իրավունքը պատկանում է հանրապետության նախագահին: Կառավարության ղեկավարներն այդ լիազորությունը չունեն: Նա կարող էր կառավարության անունից ներողություն խնդրել, հետեւաբար ես մեր ժողովրդից ներողություն խնդրելու կոչ եմ անում մեծարգո վարչապետին»:
Նախագահ Աբդուլլահ Գյուլը, հետեւելով Զեյբեքի խոսքերին, ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ, դեռ չգիտենք: Բայց որ քեմալականները որպես իթթիհատականների ժառանգորդ, ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ նորաստեղծ թուրքական պետության հարաբերությունները կարգավորելիս հետամուտ են եղել Հայկական հարցը հայերի բնաջնջմամբ լուծելու երիտթուրքական սկզբունքին, ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ Դերսիմի կոտորածները իրագործվել են Քեմալ Աթաթուրքի անմիջական կարգադրությամբ:
Քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ոչ մի երկրում չեն իրականացվում առանց նախագահի գիտության, իսկ Դերսիմի կոտորածների օրերին Թուրքիայի նախագահը Քեմալ Աթաթուրքն էր, այսինքնՙ անժխտելի է նրա անմիջական մասնակցությունը կոտորածներին, ուստի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նախապես քաջատեղյակ լինելով թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվների անձեռնմխելիության մասին, պահանջում է բացել բոլոր արխիվները, որ հնարավոր լինի քողարկել 1937-38 թթ. Դերսիմի իրադարձությունների մասին ճշմարտությունը: Միաժամանակ այս կուսակցությունը շարունակում է Դերսիմի կոտորածը համառորեն ապստամբություն անվանել: Այստեղ նպատակը սոսկ կոտորածի արդարացումը չէ, այլ արդարացման միջոցով Աթաթուրքի տաբուի անձեռնմխելիության ապահովումը երկրում:
Այդ հարցում Ժողովրդա-հանրապետական կուսակցությանն աջակցում են քաղաքական այլ ուժեր: Թեեւ պետության անունից ներողություն խնդրելը իրավագիտական ընթացակարգ է պահանջում, իսկ վարչապետ Էրդողանն ընդամենը բանավոր է խնդրել, այն էլՙ իր կուսակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ: Սակայն նա դրանով տեղիք է տվել «Դերսիմի կոտորածներին Քեմալ Աթաթուրքի մասնակցության» բանավեճերի սկզբնավորմանը: Հետեւաբար եւ վտանգել է Աթաթուրքի տաբուի անձեռնմխելիությունը, որի վերացումը դեռեւս սեփական պատմության, առավել եւս Հայոց ցեղասպանության փաստի հետ Թուրքիայի առերեսման գլխավոր նախապայմանն է:
Թերեւս այդ առումով պատահական չէ «Թորքական ձախակողմյաններ» հանդեսի ռասիստական պոռթկումը. «Թող դերսիմցիները ներողություն խնդրեն պետությունից, քանզի նրանց պապերը եղել են ստոր դավաճաններ»: Ինչպես նաեւ Դերսիմում նոր կոտորած հրահրելու բնույթ կրող կոչը, թե դերսիմցիների նոր սերունդն արժանանալու է իր պապերի ճակատագրին:
«Ազգը» երեկվա համարում անդրադարձել էր այս հանդեսի լկտիությանը: Նոյեմբերի 29-ին մոտավորապես նույն լկտիությամբ վարչապետ Էրդողանի ներողությանն արձագանքեց «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելին: Նա, «Դունյա Բուլթենի» կայքէջի վկայությամբ, ասաց. «Կարո՞ք եք երեւակայելՙ Թուրքիայի Հանրապետության վարչապետը մեր պատմության մեջ տեղի ունեցած ապստամբությունը անվանում է կոտորած: Մեծարգո վարչապետ, եթե դու մի քիչ ինքնասիրություն, խիղճ ու արժանապատվություն ունես, ապա զրպարտության համար ներողություն կխնդրես եւ հետ կվերցնես խոսքերդ: Որ տեսանկյունից էլ մոտենալու լինենք Դերսիմի սադրանքին, խղճի, բարոկայանության թե իրավագիտության, պետք է փառք տանք Ալլահին, որ հաջողվել է ճզմել ապստամբների գլուխը: Հետեւաբար մենք կտրականապես մերժում ենք նույնիսկ Քեմալ Աթաթուրքին շոշափող զրպարտությունները: Դերսիմի ապստամբությունը նորաստեղծ թուրքական պետությունը կործանելու, երկիրը մասնատելու միջանկյալ փորձ էր, ճնշելով դա, պետության այդ ժամանակվա ղեկավարները գործել են այն պատասխանատվությամբ, ինչ նրանց վրա դրել է թուրք ազգը: Չմոռանանք, որ դերսիմցիները մեր օրերի PKK-ականներից ոչնչով չէին տարբերվում: