«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ՈՂԲԱՄ ԶՔԵԶ

Լեռնային Ղարաբաղի «հայկական համայնքի» չմասնակցելը Բեռլինում «անցկացված» միջոցառմանը, որի մասին ադրբեջանական քարոզչությունը մի քանի շաբաթ անընդմեջ խոսում էր որպես «համաձայնեցվածի», Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով «ցույց տվեց, որ նման հանդիպումները պսակազերծում են առասպելներն այն մասին, որ իբր այդ տարածքում հայերը միակն են»: Սեփական հիմար նախաձեռնության ավելի հիմար բացատրություն Մուսաբեկովից չէր էլ կարելի սպասել: Չէ՞ որ Արցախի իշխանությունները, հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի միջոցով, ի սկզբանե հասկացրել էին, որ Լեռնային Ղարաբաղի «հայկական» եւ «ադրբեջանական համայնքներ» գոյություն չունեն, եւ ղարաբաղյան կողմն ադրբեջանցիների կազմակերպած «մեկ դերասանի թատրոնին» լեգիտիմություն տալու մտադրություն չունի:

Այդուհանդերձ, Ռասիմ Մուսաբեկովը սեփական հանրությանը փորձում է համոզել, որ «նախատեսված միջոցառումը կայացել է»: Չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Միջոցառումն անվանված էր «խորհրդաժողով-երկխոսություն» եւ չէր կարող «կայանալ», եթե «երկխոսող» կողմերից մեկը ներկա չի գտնվել: Բեռլինում նոյեմբերի 29-ին մի խումբ բաքվեցիներ պարզապես մենախոսել են, որ «կա նաեւ ԼՂ ադրբեջանական համայնք»: Եվ հյուրընկալ կողմին դա ներշնչելու համար «ցուցադրել են» Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաեւին, կոնսերվատորիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլիին եւ «Շուշիի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ» Ռահիմ Մահեռամովին: Վրադիր` «դասախոսություն է կարդացել» Ռասիմ Մուսաբեկովը:

Հետաքրքրական է` ինչո՞ւ Բեռլին չի գործուղվել ԼՂ-ի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը: Երեւի այն պատճառով, որ այդ մարդը հոդաբաշխ լեզվով խոսել չգիտի: Լավ, բայց ինչպե՞ս կարող է Բաքվի կոնսերվատորիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին ներկայացնել ԼՂ-ի «ադրբեջանական համայնքի շահերը» կամ «տեսակետը», եթե նա Լեռնային Ղարաբաղում մեկ օր անգամ չի ապրել: Կամ` Ռովշան Ռզաեւը, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է: Կամ` Ռասիմ Մուսաբեկովը: Ծիծաղելի չէ՞ արդեն 20 տարի Բաքվում ապրող մեկին կոչել «Շուշիի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ» եւ նրան Բեռլին տանել, որպեսզի ինքն իր հետ բանավիճի:

Մի՞թե Ադրբեջանում այդպես էլ չեն հասկանում, որ ամեն անգամ «նույն փոցխն են կոխում» եւ դառնում ծիծաղելի: Թե՞ որոշել են այդ կերպ շարժել աշխարհի հետաքրքրությունն իրենց հանդեպ: Դա էլ, ինչ խոսք, տարբերակ է: Բայց, ի վերջո, տուժում են ոչ թե ռզաեւները, բադալբեյլիները կամ մուսաբեկովները եւ մահեռամովները, այլ մարդիկ, որոնց պետական քարոզչությունը հայտնի կենդանու տեղ է դրել, որպեսզի «արդարացնի» սեփական ապաշնորհությունը:

Ցավալի է, ողբալի, որ հարեւան երկրի վերնախավը, միջնորդներին մեղադրելով «իմիտացիոն քայլեր ձեռնարկելու» մեջ, ինքն է նախաձեռնում կանխավ ձախողման դատապարտված «երկխոսություններ» եւ հերթական անգամ ստիպված լինում ջախջախիչ պարտությունը ներկայացնել որպես «մեծ հաջողություն»: Եթե եվրոպական մակարդակով խայտառակությունը մուսաբեկովների համար իրոք հաջողություն է, ապա մեզ մնում է նրանց էլ ավելի շառաչուն ձախողումներ մաղթել: Բայց, անկեղծ ասած, նախկինում ԼՂ-ում ապրած ադրբեջանցիներին խղճալու եւ Ռասիմ Մուսաբեկովին ողբալու ցանկությունն այս դեպքում ավելի մեծ է:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4