«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ՕԼԻԳԱՐԽԸ ՊԵՏՔ Է ԱՄԱՉԻ, ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆ ԷԼ ՊԱՏՎԵՐՈՎ ՆՅՈՒԹ ՉԳՐԻ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատմամբ` Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանադրական ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, չի կարող դրական համարվել դատարաններում հայտնված լրատվամիջոցների համար: Այդ առումով Անդրեասյանը որոշակի հիասթափություն է ապրել: «Կուզեի, որ Սահմանադրական դատարանը մի հարվածով լուծեր խնդիրը», ասաց օմբուդսմենը` հավելելով, որ «օրինապահ, միջին գրագիտության» դատավորի դեպքում ՍԴ-ի որոշումը բավարար է, որ լրատվամիջոցները չտուժեն, «սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է անօրեն դատավորների ֆենոմենը, ապա դրական որեւէ բան սպասել հնարավոր չէ»:

Թեպետ պաշտպանը ՍԴ-ի որոշումը դրական է համարում, որովհետեւ դրանով դաշտը հստակեցվում է, այնումենայնիվ նշում է, որ որոշ հարցեր դեռեւս պարզաբանված չեն: Նախՙ ՍԴ-ն փոխհատուցման առավելագույն շեմը թողնում է օրենսդիր մարմնի հայեցողությանը, բացի դրանիցՙ որո՞նք են «ստույգ փաստ», «ողջամիտ գործունեություն», «գերակա շահ» ու այլ հասկացությունների լիարժեք մեկնաբանությունները` տրված չեն: Որպեսզի երկրում ազատ խոսքի արտահայտումը չվտանգվի, պաշտպանն առաջարկում է ՀԿ-ներին եւ լրատվամիջոցներինՙ համատեղ աշխատել:

«Երկու ուղղությամբ կարող ենք աշխատել: Առաջինը օրենսդրական փոփոխությունն է: Ես պատրաստ եմ նախաձեռնել ու առաջարկել նախագծման աշխատանքներ: Բայց քանի որ կա նախապաշարմունք իմ նախկին գործունեության նկատմամբ, առաջարկում եմ լինել ոչ թե հիմնական առաջարկող, այլ` աջակից»: Երկրորդ ուղղությունը վերաբերում է մամուլի ինքնակարգավորման մարմնի կառույցների վրա կենտրոնացմանը:

Անդրեասյանի մեկնաբանությամբ` խմբագիրներից եւ լրագրողական կազմակերպություններից կազմված ինքնակարգավորող մարմինը պետք է դառնա միջնորդ լրատվամիջոցների եւ այն մարդկանց միջեւ, որոնց անունն արատավորվել է: Նա վստահ է, որ վեճերի քաղաքակիրթ լուծման ձեւը հենց այդ մարմնի գոյությունն է: Ըստ պաշտպանիՙ մարդը, ում մասին մամուլում հոդված է տպագրվել, եւ նրա անունն ու համբավը արատավորվել են, կարող է դիմել ինքնակարգավորող մարմնին եւ միայն կոմիտեի պատասխաններն ու գործողությունները չբավարարելու պարագայում դիմել դատարան: «Սա է քաղաքակիրթ ճանապարհը: Մարդկանց այդտեղ բերելը երկար աշխատանքի արդյունք է, եւ մեկ օրում դա չի կարող լինել»: Օմբուդսմենը հիշեց, որ տարիներ առաջ Երեւանում հանդիպել է ամերիկացի մասնագետի, որը հայաստանյան լրագրողական դաշտն ու ոլորտում առկա խնդիրները նմանեցրել էր 200 տարի առաջվա Ամերիկային, որ նման էր ջունգլիի:

Ըստ Անդրեասյանիՙ օլիգարխը պետք է ամոթից դիմի ինքնակարգավորող մարմնին: «Ամոթից կդիմեն, որովհետեւ ամեն մարդ, եթե հասկանա, որ ամոթ է լրատվամիջոցին սնանկացնելը, այդ դեպքում կդիմի: Միեւնույն ժամանակ լրատվամիջոցը պետք է հասկանա, որ ամոթ է փող վերցնել մի օլիգարխից եւ պատվերով նյութ գրել մյուս օլիգարխի դեմ»: Անդրեասյանի մեկնաբանությամբՙ իր խոսքերը երեւակայական եւ խիստ լավատեսության ժանրից չեն:

Անդրադառնալով իր գործունեությանը` Անդրեասյանն ասաց, որ ինքն էլ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի նման հայտնվել է մի իրավիճակում, երբ քաղաքական հենարան չունի, եւ իրեն չեն աջակցում ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը: «Ինձ համար այնքան էլ կարեւոր չեն իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, սերը, ոգեւորությունը: Եթե մարդու իրավունքների պաշտպանը ցանկանում է գործել անկախ, ապա նրա հենարաները պետք է լինեն ՀԿ-ները, լրատվամիջոցներն ու քաղաքացիները»:

Մարտի 3-ից ՄԻՊ գրասենյակը ստացել է 2904 դիմում, որոնցից 1307-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 220-ը վերաբերել են ոստիկանությանը, 194-ը` դատարաններին, 154-ը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, 116-ը` քաղաքապետարանին, 48-ը` պաշտպանության նախարարությանը: Դիմումների գերակշռող մասը ստացվել է մայրաքաղաքից: ՄԻՊ գրասենյակը 123 դիմումին դրական լուծում է տվել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4