American express Gold պլաստիկ քարտի թողարկումից մեկ տարի անց, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը երեկ ներկայացրեց այս ընթացքում քարտի ունեցած ձեռքբերումները: Նա ընդգծեց, որ մեկ տարի անց կարելի է ասել, որ քարտի մուտքը հաջողված է: Մասնավորապես, քարտով կատարված գործարքների 70 տոկոսը վճարումներն են, այն դեպքում, երբ այլ քարտերի դեպքում այդ ցուցանիշը 10 տոկոսի սահմաններում է: Քարտի շրջանառության 45 տոկոսը կատարվել է Հայաստանի տարածքում: Ստեփան Գիշյանը տեղեկացրեց, որ այս հաջողությունները հնարավորություն ստեղծեցին թույլտվություն ստանալ նորՙ American Express Blue քարտը թողարկելու համար:
Խոսելով բանկի գործունեության որոշ ցուցանիշների մասին, բանկի գլխավոր գործադիր տնօրենն ասաց, որ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում քարտատերերի քանակովՙ մոտ 112 հազար, բանկոմատների, պոստերմինալների թվով, քարտերով գործարքների ցուցանիշներով:
Ստեփան Գիշյանը հայտնեց, որ դեկտեմբերին American express Gold քարտով Membreship Rewards պարգեւատրումների միավորները կկրկնապատկվի, ինչպես նաեւ քարտատերերի համար կգործի նորՙ «Օժանդակություն ճանապարհին»ՙ մեքենաների տարհանման ծառայությունը: Այն հասանելի կլինի Հայաստանի ամբողջ տարածքում եւ տարեկան երկու անգամ կտրամադրվի անվճար:
Ա. Մ.