«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԲԱՐԻ, ԽԵԼԱՑԻ, ՀԱՄԵՍՏ, ՆԵՐՈՂԱՄԻՏ` ԻՍԿԸ ՄՈՒՏԱՆՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՈՎԱՇԱՏ ԲՐԱԶԻԼԻԱՆ ՉԷ, ԱՆՆԱՆ ԷԼՙ ԳԱՎՅՈՏԱՆ

Սերիալներ ցուցադրող «տիտաններ» «Հ1», «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերություններն են, որոնք իրենց դրել են հանրահայտ «Գլոբո ընկերության» տեղը, մեկը մյուսի հետեւից եթեր հեռարձակելով սերիալային «մարգարիտներ», մոռանալով, որ քարերի ամրոց Հայաստանը ծովաշատ Բրազիլիան չէ, ապաբախտ Աննան ապաբախտ Գավյոտան չէ, «պոչիկով տղա» Ռիչարդ Մադլենյանը Մարիո Սիմարոն չէ, իսկ գյուղից եկած Նարեն վայրի Ջեյդը չէ: Նրանք մոռանում են, որ հայի դարավոր թախիծը բրազիլական խինդ ու ծիծաղը չէ, որ հայ դերասանների ստացած «ռոճիկը» բրազիլիական դերասանների աշխատավարձը չէ, որ բրազիլիական սերիալների պրոֆեսիոնալ դերասանները մեր թատերական ինստիտուտում սովորող դերասանները չեն, որոնք իրենց պրակտիկան կազմակերպում են «ուղիղ» եթերում:

Սերիալների անունները միայն ամեն ինչ արժեն` «Անուրջներ», «Դժբախտ երջանկություն», «Հրեշտակների դպրոցը», «Ո՞ւր է իմ տղամարդը», «Մեղավորները», «Աննա»: Հասկանում ենք, որ սերիալների նպատակն է պատկերել ընտանեկան պատմություններ, հուզումնալից վիճակներ, դժվար տրվող սեր, հարցազրույցների ժամանակ ֆիլմի սցենարիստները նշում են, որ նկարում են այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում: Դատելով դրանից, մեր հասարակությունը գողերի, գողականների, անառակների, դեբիլների հասարակությո՞ւն է:

Լավ, չկա-չկա գոնե բրազիլիական սերիալներում լսում ենք նորմալ երաժշտություն, իսկ մեր սերիալներում հնչում է տանջված`«Փրկիր ինձ տեեեեեեեեեեր», «Ո՞ւր գնամ, որ լինեմ հեռուուուուուուու, էս անմիտ աշխարից», «Երազում ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացվեն վարդեեեեեեեեեեր», «Աչքերիս խորքում տես արեւածագ, քո սիրով հոգիս վառված մի կրաաաաաաակ»:

Ասենք հայտնի` «Հաչիկո մի շան պատմություն» ֆիլմի երաժշտությունը օգտագործում են, երբ մի անառակ սպասում է ամուսնացած մի տղամարդու վերադարձին: Շունը 9 տարի հավատարիմ կայարանում սպասում է տիրոջ վերադարձին, որը հանկարծամահ էր եղել: Ո՞ւր մնաց բարոյականությունը: Ազգային երաժշտությունը վերածվել է ազգային ողբիՙ տեղ գտնելով նաեւ հայկական սերիալների լացուկոծում:

Այդպիսի օրինակ է դժբախտ հրաշամանուկ «Աննա» սերիալը: Գլխավոր դերում մի հրաշք աղջիկ է` Աննա անունով, ում մեջ խտացած են մարդկային բոլոր հատկանիշները: Նա բարի է, խելացի, համեստ, ներողամիտ` իսկը մուտանտ: Աննան այնքան բարի է, որ կարող է ներել նույնիսկ հոգեկան հիվանդ մարդուն, ով առեւանգել էր իրեն եւ քանի օր վախի մեջ պահել: Բարի Աննան մի օր էլ մոռանալով եղածը, ամուսնանում է իր առեւանգչի հետ:

Սակայն սկսենք սկզբիցՙ գյուղի կաթ-մածուն կերած մեր Աննան, գալով քաղաք, հանդիպում է հանրապետության ամենահարուստ մարդուն, որը, հավանելով Աննային, պրակտիկայի է հրավիրում նրան իր գրասենյակ: Դե քանի որ Աննան էլ շատ խելացի է, մի քանի դարակ բացելով-փակելով փրկում է հսկայական ընկերությունը: Որպես շնորհակալություն, բարի ձյաձյան նրան նվիրում է նոթբուք, 20000 դոլար, դեռ մի բան էլ ուղարկում Լոնդոն սովորելու:

Մի կերպ ավարտվեց առաջին եթերաշրջանը եւ արդեն սկսվել է երկրորդը, որտեղ Աննան մեծացել է եւ վրա է հասել ամուսնության պահը: Առաջին հայացքից ուրախ եւ լավ սկիզբ, բայց ամեն ինչ փչացնում է մեր հարուստ ձյաձյան: Նրան նույն օրը առեւանգում են, բոլորը խուճապի են մատնվում: Աննայի առաջին գիշերն էլ հարամ է լինում: Ազգին սկսում է տանջել հարցըՙ Աննան կույս մնաց, թե՞ ոչ: Դատելով նրա պահվածքից եւ ապրումներից, կարելի է ենթադրել, որ նա կույս է մնացել, բայց մի քանի սերիա հետո պարզվում է, որ Աննան կին է, մի բան էլ ավելիՙ արդեն հղի է:

Աննայի մազերն էլ, ինչպես ֆիլմը, առեղծված են, եւ, չգիտես ինչպես, նրա մազերը «կառեից» միանգամից հասավ իրանին: Մինչ կպարզվի Աննայի մազերի առեղծվածը, մեկ այլ հառուստաընկերությամբ ցույց են տալիս «Բանակում» հեռուստամառազմը: Որպես կարգախոս կարելի է ասելՙ «եթե քեզ թվում է, որ գժականով կազատվես բանակից, սխալվում ես տղա ջան»: Չե՞ս հավատում, դիտիր `«Բանակում» հեռուստասերիալը, որտեղ ծառայում են հիմարներ, քամուց քշվածներ, հարիֆներ, վայրենիներ, «ուժեղ» տղաներ, որոնք բացի անկապ խոսելուց, ոչ մի անելիք չունեն:

«Բանակում»-ից անցում ենք կատարում լաց ու կոծով համեմված «Դժվար ապրուստ» հեռուստանովելին: Այստեղ տեղ են գտել կեղտ, ցոփ ու շվայտ կյանք, մթություն, կեղծիք, լաց.........

Սերիալի գլխավոր հերոսուհին կուրսի կողմից չընդունված, բայց խելացի եւ համեստ մեր Էլենը սիրահարվում է Գոռինՙ (դերասանական կրթություն չունեցող, առաջին հայ սուպերսթարի մասնակից Միհրան Ծառուկյան), որն ամուսնացած է իրենց ընդհանուր կուրսեցի Մերիի հետ, բայց ամուսնությունից «փոշմանած» սեր է խոստովանում Էլենին: Այս սերիալի միակ դրական կողմն այն է,որ սերիալը վերջանալու է սիրով, այլ ոչ թե ողբերգությամբ: Ինչպես հեքիաթներում է լինումՙ «բարին հաղթում է չարին»:

Նոր սերիալներից է «Մեղավորները», որը համարվում է թանկանոց սերիալ, քանզի նկարահանվել է Լոս Անջելեսում: Բա Ամերիկաներում ապրող մեր դերասաններն ու էլ դիսկ չթողարկող երգիչ-երգչուհիները մի բանով չզբաղվե՞ն, բա մի հատ ցույց չտա՞ն ստեղի ու Ամերիկայի տարբերությունը, ցույց չտա՞ն թե ինչ կայֆեր են անում, ի՞նչ մեքենաներ ու նավեր են քշում: Սակայն այս շքեղության մեջ պետք չի՞ լինի ողբերգություն, անելանելի վիճակներ, որ մեր ազգը կարեկցի եւ ձեռքերը ծնկներին խփելու պատճառ ունենա: Այստեղ օգնության են գալիս մայր եւ դուստր դժբախտ զույգըՙ մայրը սպասուհի է աշխատում, իսկ աղջկան հարուստ ծտերը ձեռք են առնում: Սերիալներ գրող մարդկանց խորհուրդ կտամ մյուս անգամ ուղուց շատ չշեղվելու համար ստեղծել դժբախտ հայր-դուստր կամ հայր-ուստր զույգեր:

Էս բոլոր սերիալները նայելուց հետո հիասթափված ուզում եմ ասել «Ոնց եմ ես սերիալներիիիիիիիիիիից զզվուուուուուում, ավելի լավա գնամ կարգին սերիալս նայեմ»:

ԱՆՆԱ ՔՈՉԻՆՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4