ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը օրերս կորեերենով լույս է տեսել Հարավային Կորեայում 500 տպաքանակով: «Ազգը» շնորհավորեց պրոֆեսորին եւ խնդրեց տեղեկացնել, թե ինչպես է այդ աշխատությունը հասել Կորեա: Պրն Հովհաննիսյանն ասաց, որ հրատարակիչները փնտրել եւ գտել են «Հայոց ցեղասպանություն» գրքի անգլերեն տարբերակը եւ այդ գրքից թարգմանել: Ի դեպ, այդ գիրքը միաժամանակ լույս է տեսել 10 լեզուներով Երեւանի «Զանգակ» հրատարակչության կողմից, որի տնօրեն Սոկրատ Մկրտչյանից է պրն Հովհաննիսյանը իմացել իր մենագրության կորեերենով լույս ընծայվելու մասին: Ի դեպ, այդ գրքի ֆրանսերեն տարբերակից արդեն թարգմանվել է ռումիներեն, եւ 2012 թվականի ապրիլի 24-ի նախօրեին լույս կտեսնի Բուխարեստում:
Վերջերս Կահիրեում արաբերենով լույս է տեսել Նիկոլայ Հովհաննիսյանի «Արաբական պատմագրությունը Հայոց ցեղասպանության մասին» նոր աշխատությունը: «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը հեղինակի 33-րդ մենագրական ուսումնասիրությունն է, որն օտար լեզվով լույս է տեսնում արտասահմանում:
Մ. Մ.