«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

2011 թ. նոյեմբերի 20-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետությունում արեւմտահայերի ժառանգների հայրենակցական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համագումարը: Համագումարին մասնակցում էին Արեւմտյան Հայաստանը ներկայացնող 10 հայրենակցական միությունների («Արծվաբույն Զեյթուն», «Ալաշկերտ», «Բուլանուղ», «Էրզրում», «Թվանչ», «Կարին», «Համշեն», «Մուշ», «Նորագավիթ», «Վասպուրական») եւ արեւմտահայերի ժառանգների անհատ ներկայացուցիչների 87 պատվիրակներ:

Համագումարն ընտրեց 30 պատգամավորներ 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սեւրում) կայանալիք արեւմտահայերի երրորդ համագումարին մասնակցելու համար: Համագումարը նախապատրաստել է միջազգային կազմակերպչական կոմիտեն, որը գրանցվել է 2007 թ. Փարիզում, Ֆրանսիայի օրենսդրությանը համապատասխան` որպես հասարակական կազմակերպություն:

Համագումարը ընդունեց նաեւ որոշում` հիմնադրել «ՀՀ-ում արեւմտահայերի ժառանգների հայրենակցական միություն», որը նպատակ է հետապնդում ոչ միայն ապահովել ՀՀ-ում բնակվող արեւմտահայերի ժառանգների ներկայությունը արեւմտահայերի համագումարին, այլեւ ձեւավորել նրանց գլխավոր հիմնախնդրի` պահանջատիրության համընդհանուր իրավական դաշտը:

Ինչպես հայտնի է, 1917 եւ 1919 թվականներին Երեւանում կայացել են արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարները զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, որոնց մասնակցել են արեւմտահայերի` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվածների ներկայացուցիչները:

1919-20 թթ. արեւմտահայերի ներկայացուցիչները շարունակեցին իրենց գործունեությունը Փարիզում, Պողոս Նուբարի գլխավորությամբ, որը Փարիզի Խաղաղության վեհաժողովում հանդես էր գալիս որպես հայոց ազգային պատվիրակության ղեկավար:

Հենց Փարիզում էլ, Հայոց ազգային պատվիրակության եւ Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-20 թթ.) ղեկավարության համատեղ գործունեության արդյունքում, մշակվեց եւ Խաղաղության վեհաժողովին ներկայացվեց «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որը հիմք հանդիսացավ 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրի դաշնագրի` հայությանը եւ Հայաստանին վերաբերող հոդվածների ընդունման համար: Ըստ այդ դաշնագրի, Թուրքիան եւ հաղթող դաշնակից պետությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների սահմաններում: Սակայն նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քեմալա-բոլշեւիկյան միացյալ ագրեսիայի հետեւանքով վերացվեց հայոց անկախ պետականությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, իսկ մնացած մասը խորհրդայնացվեց եւ կցվեց Խորհդային Միությանը, որտեղ հայերը զրկվեցին հայկական հարցի հետապնդման հնարավորություններից:

Ինչ վերաբերում է ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայությանը, ապա նրանք օտար երկրներում կարողացան աստիճանաբար ոտքի կանգնել եւ, հարմարվելով օտար երկրների օրենքներին, կարողացան ոչ միայն պահպանել իրենց ազգային դիմագիծը, այլեւ, վերակազմակերպվելով, այդ երկրներում ձեւավորեցին ուժեղ եւ գործուն համայնքներ, սակայն նրանց այդպես էլ մինչ այժմ չհաջողվեց ձեւավորել համահայկական միասնական եւ կայացած այնպիսի կառույց, որը կարողանար ներկայացնել ցեղասպանությունից փրկված արեւմտահայերի ժառանգների իրավունքները, շահերը եւ պահանջները:

Խորհրդային Միության փլուզումից եւ հայոց անկախ պետականության վերականգնումից հետո բացվեցին նոր հնարավորություններ հայկական հարցի ընդհատված գործընթացը վերականգնելու համար` այնպես, ինչպես 1918-20 թթ. համագործակցեցին հայոց ազգային պատվիրակությունը եւ Հայաստանի 1-ին Հանրապետության ղեկավարությունը: Սակայն դրա համար ներկայումս պակասում է արեւմտահայերի ժառանգների ներկայացուցիչների ձեւավորած մարմինը, եւ Փարիզում նախատեսվող արեւմտահայերի երրորդ համագումարի նպատակը հենց այդ մարմնի` Արեւմտահայերի ազգային խորհրդի ստեղծումն է:

Տեւական եւ հետեւողական աշխատանքների արդյունքում եւ համապատասխան միջազգային կարգավիճակի ձեռքբերումով արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը հնարավորություն կստանա անմիջականորեն ներկայացնելու միջազգային կազմակերպություններում եւ այլ համապատասխան կառույցներում արեւմտահայերի ժառանգների օրինական իրավունքները, հայկական հարցին հետամուտ այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ մասնակցելու Թուրքիայի իշխանությունների եւ այլ կողմերի հետ բանակցություններին եւ երկխոսություններին` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչման ու դատապարտման եւ նրա հետեւանքների վերացման, այդ թվում` հարուցած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցման ու բռնագրավյալ տարածքների վերադարձման, ինչպես նաեւ արեւմտահայերի ժառանգների անարգել եւ անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք ապահովելու նպատակով:

Արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը արեւմտահայերի (Օսմանյան կայսրությունում նախկինում բնակված հայկական ծագումով քաղաքացիների ժառանգների) անունից փաստորեն կներկայացնի բազմամիլիոն աշխարհասփյուռ արեւմտահայությանը, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի հետ սերտ համագործակցության ճանապարհով մշակելու եւ իրականացնելու համահայկական այնպիսի մեծածավալ նշանակության ծրագրեր, որոնք կնպաստեն հզոր եւ ինքնուրույն հայկական գործոնի ձեւավորմանը միջազգային կյանքում: Իսկ դա հնարավորություն կտա, որ հայ ազգը համաշխարհային քաղաքականության մեջ դառնա իր ճակատագրի տերը եւ այդպիսով ապահովի իր անվտանգ եւ հեռանկարային զարգացումը ձեւավորող նոր աշխարհահամակարգ:

Արեւմտահայերի համագումարի կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկված հայրենակցական միություններ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4